07 06 2020

Արսեն Թորոսյանը հիվանդանոցներին արգելում է ընդունել վարակակիրներին․ 168.am

Արսեն Թորոսյանը հիվանդանոցներին արգելում է ընդունել վարակակիրներին․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայմաններում է աշխատում, և վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ տեղեր չկան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների համար։ Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 200 քաղաքացիներ սպասում են հիվանդանոցային բուժման իրենց հերթին։

Բայց բանից պարզվում է, որ Երևանում և մարզերում կան մի շարք դատարկ բուժկենտրոններ, որոնք պատրաստվել են կորոնավիրուսով հիվանդներին ընդունելուն, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը այդ բուժկենտրոններին վարակակիրներ ընդունելու թույլտվություն չի տալիս:

Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ահազանգել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ կորոնավիրուսի համար բաժանմունք ու մասնագետներ են առանձնացվել, սակայն նախարարությունը բաժանմունքին գործելու հնարավորություն չի տվել:

Արծրունին հրապարակել է լուսանկարներ՝ գրելով. «Այս ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու»,- գրել է նա:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի մարզային և Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններ դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ նշելով, որ իրենք ունեն covid-19 վիրուսով վարակված հիվանդների ընդունելու ներուժ և պատրաստակամություն, մինչդեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է այդ առաջարկը և արգելել է այդ հիվանդանոցներին ընդունել կորոնավիրուսով հիվանդների։

Մեր տեղեկություններով՝ այդ հիվանդանոցների թվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Արամյանց» բժշկական կենրոնը, Վեդիի հիվանդանոցը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների ղեկավարած բուժկենտրոններին՝ այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ հատատած «Աստղիկ» ԲԿ-ին: Իսկ պատճառն այն է, որ կորոնավիրուսի անվան տակ բուժկենտրոնների համար առանց մրցույթի միլիարդների գնումներ են արվում, որոնցից գոյացած ատկատները կիսվում են Թորոյանի ու նրա մերձավոր շրջապատի միջև:

Հետաքրքիր է, որ բարձրացված աղմուկից հետո, այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով բավարար նյութատեխնիկական բազա և շենքային պայմաններ ունեցող հիվանդանոցներին ցանկության դեպքում դիմել նախարարությանը և ներգրավվել covid-19 վիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացում։

Մինչդեռ այս բոլոր բուժկենտրոնները վաղուց դիմել ու մերժում էին ստացել Թորոսյանից: Փաստացի, Հայասանում կան դատարակ և վարակակիրներ ընդունելու պատրաստ բուժկենտրոններ, բայց քաղաքացիները հայտնվել են անօգնական վիճակում: Ի՞նչ է սա եթե ոչ հացագործություն:

Ստացվում է, որ Հայաստանը, որտեղ արդեն 4 ամիս գործում է արտակարգ դրություն և ըստ տրամաբանության՝ վաղուց արդեն պետք է երկրում կազմակերպված լիներ կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների բուժսպասարկումը, նոր միայն առաջին քայլերն է կատարում այդ ուղղությամբ, իսկ առողջապահական համակարգի պատասխանատուների հանցավոր անգործությունը երկրի առողջապահական համակարգը հասցրել է աղետի եզրին և ինչպես երեկ ասաց վարչապետը՝ մենք քայլում ենք դժոխքի միջով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ