«Իրատես» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը որոշում ու հստակեցնում է ամռան անելիքները: Օրերս իմքայլականները հավաքվել են ու մի քանի ժամանոց քննարկում ունեցել՝ զբոսաշրջությունից մինչեւ կորոնավիրուսին վերաբերող թեմաների շուրջ: Նիստին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Իրատեսի»՝ խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնեց, որ Ավինյանը «գուժել» է՝ պետք է պատրաստ լինել՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու: «Փաստորեն, Փաշինյանն Ավինյանի հեռացման հարց չի դրել, այլապես նա չէր մասնակցի «Իմ քայլի» նիստին»,- նկատեցինք:
«Դա չեմ կարող ասել, այդ հարցի շուրջ հարցուպատասխան չի եղել: Նիստի ընթացքում ամենատարբեր հարցերի են անդրադարձել: Պատգամավորներն ինչ-որ առաջարկներ են ներկայացրել, այնուհետեւ Ավինյանն է անդրադարձել երկրի՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին ու տեղեկացրել, որ առաջիկայում որեւէ դրական տեղաշարժի հույս պետք չէ ունենալ: Ասել է՝ պետք է սովորեք ապրել վիրուսի հետ ու պատրաստ լինեք օրական ավելացող մահերին»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն իրենք իրենց խոստովանել են նաեւ, որ տեղեկատվական հարթակում «պարտություն» են կրում, չի հաջողվում այնպես անել, որ թե՛ խմբակցության, թե՛ իշխող թիմի վարկանիշն անկում չապրի: Ինչ վերաբերում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետագա պաշտոնավարման հարցին, ապա այդ մասով թեեւ խոսակցություն չի եղել, բայց ակնհայտ է, որ պատգամավորներից շատերի համար ընդունելի չեն նրա ոչ մասնագիտական հայտարարություններն ու գործողությունները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը