27 05 2020

Երկիրը կամաց մտնում է քաոսի փուլ․ «Հրապարակ»

Երկիրը կամաց մտնում է քաոսի փուլ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Եթե մենք լինեինք Շվեյցարիա եւ չունենայինք այսքան շատ խնդիրներ՝ սկսած Ղարաբաղի խնդրից, վերջացրած չնչին կենսաթոշակներն ու ահռելի աղքատությունը, կարող էինք զվարճանալ՝ հետեւելով ԱԺ պատգամավոր-առողջապահության նախարար լեզվակռվին։ Եթե երկիրը տնտեսական այս վիճակում չլիներ, ներդրումների բացակայությունն ու փակ ճանապարհները չլինեին, կարող էինք թեթեւ նայել մեր առողջապահության նախարարի չարաճճիություններին ու մեղադրանքներին՝ ուղղված հարեւան Վրաստանի իշխանություններին եւ առողջապահության համակարգին։ Եթե մեր երկիրն ինքնիրեն զարգանար, ժողովուրդը մեղվի նման աշխատեր, եւ ամեն ինչ զարգացման ռելսերի վրա դրված լիներ, կարող էինք ուրախանալ, որ մեր վարչապետն իր ազատ ժամերին կեռաս է քաղում իր դուստրերի համար։ Եթե մեզանում կորոնավիրուսի նման տագնապեցնող վիճակագրություն չլիներ, գուցե մատների արանքով նայեինք ներիշխանական գզվռտոցին եւ բնական համարեինք, որ պարետը վարչապետի հետ չի շփվում, նախարարը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի։ Վարչապետը մի բան է ասում, ենթակաները՝ մեկ այլ բան։

Պարետատան որոշումները, կյանք չմտած, հետողորմյա են արվում կամ հրապարակվելուց հետո խմբագրվում։ Որ Ֆեյսբուքում բարձրացած ամենափոքր աղմուկը կարող է փոխել մեր երկրի քաղաքական կուրսը։

Եվ մի քանի տասնյակ մարդու բողոքի ակցիան կարող է այնպիսի ահուսարսափ տարածել իշխանության ներսում, որ բողոքողներին ճնշելու համար հսկայական զորք ուղարկեն դեպքի վայր։ Որ նախկին վարչապետների, նախագահների, կաթողիկոսի խոսքը գրոշի արժեք չունի, բայց փողոցում հավաքված 20-30 հոգու պահանջը սրբորեն կատարվում է։ Եվ երկիրը կամաց մտնում է քաոսի, հակասությունների եւ անտրամաբանական զարգացումների մի փուլ, որտեղից դուրս գալը գնալով ավելի ու ավելի բարդ է լինելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ