18 04 2020

Որոշ օղակների պետք է եղել Արթուր Գևորգյանին առնչվող գործը հանրայնացնել. փաստաբան․ 168.am

Որոշ օղակների պետք է եղել Արթուր Գևորգյանին առնչվող գործը հանրայնացնել. փաստաբան․ 168.am

168.am-ը գրում է․ ««Եթե նման շտապողականություն է ցուցաբերվում, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ով են ցույց տալիս, մարդու հեղինակության և անմեղության կանխավարկածը կոպտորեն ոտնահարում են, ուրեմն պետության որոշակի օղակներ ցանկանում են դա հանրայնացել, դա ինչ-որ մի բանի համար պետք է իրենց: Դա ակնհայտ է, դա իրադարձություններն են ասում»,- անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցված  քրեական գործին՝ 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Մարդուն ազատությունից զրկելու համար, «Լուրեր»-ով մարդու հեղինակության և անմեղության կանխավարկածը կոպտորեն ոտնահարելու համար պետք է բավական մանրակրկիտ նախաքննություն իրականացվեր, ծանրակշիռ ապացույցներ ձեռք բերվեին, նոր նախաքննության մարմինն այդ քայլին գնար, թեև այդ հրապարակայնությունը ես այդքան էլ չեմ ողջունում:

Բայց եթե և՛ «Լուրեր»-ում է ասվում, և՛ նման ապացուցողական նյութ է հիմքում դրված, և՛ մենք ծանրակշիռ այլ փաստեր ունենք, և՛ մեզ չեն ծանուցել, դա արդեն հիմքեր է տալիս, որպեսզի ես գնահատեմ, որ արհեստական գործընթաց կա այստեղ, արհեստականություն կա, առնվազն ցանկություն կա, որովհետև միշտ չէ, որ 2 գումարած 2 բաժանած 2-ի՝ պետք է համարել՝  հավասար է 2-ի, որովհետև 2+2:2 կարող է 2 չլինել: Եվ  եթե ճիշտ նայենք, դա ոչ թե  2-ի, այլ 3-ի է հավասար, որովհետև մեզ առաջին դասարանում սովորեցնում են, որ առաջինը պետք է բաժանումն անել, հետո նոր՝ գումարումը: Եվ այս բանաձևն օգտագործելով՝ ստացվում է, որ 2+2:2=3»,- ասաց Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հայտարարման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Ա. Գևորգյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ  իրեն որպես մեղադրյալ ներգրավելու և իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին իմացել է մամուլից ու հայտնել էրնաև, որ ինքը ոչ մի անգամ վարույթն իրականացնող մարմնից ծանուցում չի ստացել:

«Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմն իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արթուր Գևորգյանը:

Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանը 168.am-ին հայտնեց, որ արդեն կարողացել են ծանոթանալ գործի նյութերին, և Արթուր Գևորգյանի կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:

Ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Արթուր Գևորգյանը 2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելիս դրանում չի ներառել Գլենդելում նույն թվականի հունվարի 10-ին՝ հայտարարագիրը ներկայացնելուց չորս օր առաջ, ձեռք բերած առանձնատունը:

Փաստաբանի խոսքով՝ նախաքննության մարմինը եզրահանգումներ է կատարել՝ առանց պատշաճ փաստաթղթեր ունենալու:

«Նախաքննության մարմինը, չունենալով պատշաճ փաստաթղթեր իր տրամադրության տակ, եզրահանգել է, որ Արթուր Գևորգյանն այդ առանձնատունը գնել է 2019 թվականի հունվարի 10-ին և չի արտացոլել 2019 թվականի հունվարի 14-ի հայտարարագրում: Մինչդեռ մենք արդեն ունենք հյուպատոսական վավերացմամբ ապացույցներ և ներկայացրել ենք արդեն Վերաքննիչ դատարան, այսօր էլ ներկայացնում ենք վարույթն իրականացնող մարմնին, որ Արթուր Գևորգյանի սեփականության ֆոնդում այդ գույքը հայտնվել է 2019 թվականի մարտի 6-ին, և Արթուր Գևորգյանն այդ ժամանակ այլևս հայտարարագիր ներկայացնող անձ չի եղել:

Ապօրինի հարստացման մասով էլ մենք հիմնավորում ենք, որ ֆինանսական միջոցները, որոնք  հայտարարագրված են եղել, Արթուր Գևորգյանը վճարել է տան համար ոչ թե հունվարի 10-ին, ինչպես որ ենթադրում է նախաքննության մարմինը, այլ մարտ ամսին: Վճարել է մարտի 1-ին, մարտի 6-ին նոր գրանցել է՝ որպես իր սեփականություն: Հետևաբար՝ 2019 թվականի հունվարի 14-ի ելակետային ամսաթվով այն թյուր վարկածը, իբր անհայտ աղբյուրից ձեռք է բերել 1,5 մլն դոլար գումար և տուն է ձեռք բերել, որը հաշվետվությամբ չի էլ արտացոլել, դա իրականության հետ աղերս չունի»,- ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ սեփականության իրավունքը ծագում է գույքի ոչ թե գնման, այլ պետական գրանցման պահից:

Հարուցված քրեական գործի մյուս մասում ասված է, թե Արթուր Գևորգյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել էր  ԱՄՆ-ում իրեն պատկանող խոշոր չափերի 3 անշարժ գույքի, ինչպես նաև մի ընկերությունում 100% բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով՝ այս դեպքում գործ ունենք օրենքի հետ, որը որոշակի թյուրընկալումների տեղիք է տալիս: Ըստ նրա՝ բնակարանները և՛ կարող էին հայտարարագրել, և՛ կարող էին չհայտարարագրել:

«Օրենքի մեջ որոշակի թյուրընկալման իրավիճակներ է առաջացնում հարցը՝ արդյո՞ք արտասահմանում առկա գույքը պետք է հայտարարագրվի, թե՞ ոչ: Առ այսօր խնդիր կա: Ու առնվազն այն տեսանկյունից, որ գույքերն արտասահմանում են, օրենքում և հայտարարագրի բլանկում չկա առանձին կետ՝ արտասահմանում առկա գույքերի վերաբերյալ նշում, սա նաև կարող էր բերել մարդու կողմից անզգուշությամբ այդ հայտարարագիրը սխալ լրացնելուն»,- ասաց Հ. Անանյանը:

Փաստաբանն այստեղ ուշադրությունը հրավիրում է մեկ այլ հանգամանքի վրա: Հայտարարագիր չներկայացնելը կամ սխալ հայտարարագիր ներկայացնելը և ապօրինի հարստացում հանցակազմերը 2017 թվականի հուլիսին են մտել ուժի մեջ Քրեական օրենսգրքում՝ որպես հանցագործություն: Այսինքն՝ մինչ այդ դրանք ՔՕ-ում չեն որակվել՝ որպես հանցագործություն: Գույքերը, որոնք նշված են մեղադրանքում, ձեռք են բերվել մինչև 2017 թվականը, հետևաբար, փաստաբանի բնորոշմամբ՝ բոլոր «անբարեխիղճ» պաշտոնյաները, որոնք ունեին ապօրինի կուտակած ինչ-որ բան և կուզեին օրենքի հետ խնդիր չունենալ, «կցանկանային մինչև 2017 թվականի քրեականացումն արտացոլել իրենց հայտարարագրերի մեջ, որ երբևէ խնդիր չունենային օրենքի հետ, քանի որ մինչև այդ՝ չներկայացնելու, չհայտարարագրելու համար որևէ պատասխանատվություն չկար»:

Փաստաբանը մատնանշում է մեկ այլ հանգամանք ևս: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում անզգուշությամբ հաշվետվությունները խեղաթյուրելը որակվում է վարչական զանցանք, ու դրա համար նախատեսված է տուգանք: Նույն արարքը դիտավորությամբ անելու դեպքում այն որակվում է՝ որպես քրեական հանցագործություն:

«Իսկ նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն ասում է, որ, եթե անգամ նույն արարքն է, ապա քաղաքացու նկատմամբ պետք է կիրառվի ավելի բարենպաստը: Այստեղ անգամ նույն արարքը չէ: Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը դատարանին որևէ պատշաճ ապացուցողական բազա չի ներկայացրել՝ հիմնավորելու, որ Արթուր Գևորգյանը դիտավորություն է արել: Առնվազն 2011-2018թթ. ձեռք բերած բնակարանների հետ կապված ապացույց չի ներկայացվել»,- նշեց փաստաբանը:

Ըստ Հրանտ Անանյանի՝ քրեական գործի  նյութերին ծանոթանալիս տպավորություն է ստացել, թե դատարանը մեխանիկական մոտեցում է ցուցաբերել և իներցիայով կալանավորման մասին որոշում է կայացրել:

Փաստաբանը ևս պնդում է, որ Արթուր Գևորգյանն այս ընթացքում ոչ մի անգամ չի ծանուցվել ո՛չ Հայաստանի իր հասցեով, որտեղ ապրում է նաև Ա. Գևորգյանի մայրը, ո՛չ ամերիկյան իր հասցեով:

«Պատշաճ փաստաթղթեր չեն եղել, որ Արթուր Գևորգյանին մեկը ծանուցած լինի: Կա ինչ-որ թուղթ, որ քննիչը ծանուցագիր է ուղարկել, բայց չկա անգամ փոստի կտրոնը, որ այն հանձնվել է փոստին: Չկա փոստի կողմից պատասխան, որ՝ գնացինք, դուռը բացող չեղավ, կամ մեկը հրաժարվեց ստանալուց: Ամերիկայի թղթերն ասում են, որ ինքն ունի առանձնատուն, բնակության հասցեն մատնանշված է Գլենդելի իր առանձնատան հասցեն: Ի՞նչ ողջամտությամբ նախաքննության մարմինն իրեն ազատել է պարտականությունից՝ ծանուցում չուղարկել Գլենդելի հասցեով, որտեղ ինքը ողջամտորեն, առերևույթ կարող էր բնակվել: Եթե Գևորգյանը Հայաստանում չէ, Ամերիկայում է, և ունեն ԱՄՆ-ում ձեռք բերված առանձնատան հասցեն, ինչո՞ւ ողջամտությամբ ծանուցում չեն ուղարկում այդ հասցեով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ օրենքը չի սահմանազատում, որ ծանուցագիրը պետք է ուղարկել միայն ՀՀ տարածքում առկա հասցեով:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ քննիչն անգամ դատարանին  ապացույց չի ներկայացրել, որ ծանուցումը հանձնել են փոստին: Ըստ Անանյանի՝ վարույթում առկա է «մերկ ծանուցագրի թուղթ», և հայտնի չէ՝ փոստին հանձնե՞լ են ծանուցումը, փոստը ստացե՞լ է, թե՞ ոչ:

Փաստաբանի գնահատմամբ՝ քննիչը որևէ քայլ չի կատարել անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով, օրինական փաստաթղթով նրան ծանուցելու ուղղությամբ։

«Այս դեպքում նման բան չի արվել: Առանց այդ փաստաթղթի փաստել, որ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրը հայտնի չէ, դա օրինական կամ հիմնավորված գործողություն չեմ կարող համարել»,- հավելեց փաստաբանը:

Փաստաբանը հավելեց նաև, որ հիմա էլ,  ինչպես վերջին մոտ տասը տարվա ընթացքում, գործում է Արթուր Գևորգյանի հայաստանյան հեռախոսահամարը, որը գրանցված է նաև Գևորգյանի  աշխատանքային փաստաթղթերում՝ որպես ԱԺ պատգամավոր:  Այդ հեռախոսահամարով, Անանյանի խոսքով, ոչ ոք չի զանգել:

«Եթե որևէ մեկը զանգեր, ինքն անմիջապես կներկայանար, փաստաթղթերն էլ կներկայացներ, ու այս անիմաստ վիճակը չէր առաջանա»,- ասաց Հրանտ Անանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ