15 04 2020

​Գազի սակագնի չբարձրացման գինը․ 168.am

​Գազի սակագնի չբարձրացման գինը․ 168.am

168.am-ը գրում է․ «Ներքին սպառման գազի թանկացման արդյունքում ակնկալվում է ստանալ լրացուցիչ շուրջ 60 մլն դոլար։ Դա այն գինն է, որը սպառողը պետք է վճարի ներքին սակագների առաջարկվող բարձրացման դիմաց։ Գումարի մեջ գազամատակարար ընկերությունը ներառել է՝ ինչպես անցած տարվա հունվարի 1-ից ներմուծման 10 տոկոս թանկացման, այնպես էլ՝ մինչ այդ կիրառած, այսպես կոչված, զեղչերի չեղարկման ազդեցությունը։

Ինչպես հայտնի է, 2017թ., առանց ներմուծման գնի փոփոխության, «Գազպրոմ Արմենիան» սեփական նախաձեռնությամբ գնաց ներքին սակագների նվազեցման՝ նպատակ ունենալով սպառման ընդլայնման հաշվին ծածկել կորուստները։ Դրա արդյունքում տնտեսության առանձին ոլորտներում սակագնային որոշակի զեղչեր սահմանվեցին։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ջերմոցային տնտեսությանը և վերամշակող արդյունաբերությանը։

Արտոնյալ սակագների կիրառումը հնարավորություն տվեց այդ ոլորտներում ակտիվացնել ներդրումները, ինչը հետագայում արտահայտվեց նաև արտադրության ծավալների ավելացման տեսքով։ Այն, որ ջերմոցային տնտեսության մեջ և արդյունաբերության վերամշակող ճյուղում վերջին 2-3 տարիներին նկատվում էին դրական զարգացումներ՝ պայմանավորված էր, առաջին հերթին՝ գազի համեմատաբար ցածր սակագների սահմանմամբ։

Դա հանգեցեց այդ ոլորտներում գազի սպառման ծավալների ավելացման։ Սակայն, այսպես ասած, մասշտաբի էֆեկտը, որով գազամատակարար ընկերությունը մտադիր էր փոխհատուցել սակագնի նվազեցման կորուստները, ամբողջությամբ չարդարացրեց իրեն։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ընկերությունը մտադիր է հրաժարվել նախկին մոտեցումից, ինչը սակագների վրա առաջացրել է շուրջ 30 մլն դոլարի ճնշում։ Նույնպիսի ճնշում է առաջացրել նաև 2019թ. հունվարի 1-ից ներմուծման գնի 15 դոլար բարձրացումը, որը որոշվեց չներառել ներքին սակագնի մեջ, մինչև կհստակեցվեին հարաբերությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ։ Ժամանակին կառավարությունը դա ներկայացնում էր՝ որպես լուրջ ձեռքբերում։ Սակայն այսօր նույն պատճառով սպառողները կանգնել են շատ ավելի  ծանր փորձության առջև։

Շուրջ 1 տարի տևած բանակցություններից հետո, թվում էր, թե կողմերը որոշակի համաձայնության են եկել, ինչը պիտի թույլ տար մեղմել սակագների վրա ի հայտ եկած ճնշումը։ Բայց դատելով ներկայացված հայտից՝ ոչ մի համաձայնություն էլ ձեռք չի բերվել։ Հայտարարությունները, որ տեղի է ունենալու ընկերության ծախսերի օպիտիմալացում, այդ թվում՝ աշխատողների կրճատման հաշվին, ներկայացված հայտում չի երևում։ Ինչպես սակագնի նախորդ նվազեցման, այնպես էլ՝ անցած տարվանից ներմուծման գնի բարձրացման ազդեցությունը մեկին՝ մեկ արտահայտված են առաջարկվող հայտում։

Սակագնային հաշվարկները կատարվել են 2 մլրդ 108 մլն խմ գազի ներմուծման հիմքով։ Սա ավելի քիչ է, քան անցած տարվա փաստացի ներմուծումը։ Տարբերությունը կազմում է շուրջ 59 մլն խմ։ Այսինքն՝ գազամատակարար ընկերությունը սպասում է, որ սպառումը կնվազի, և դա տեղի կունենա հիմնականում տնտեսության մեջ։

Տնտեսական այսօրվա իրողությունների պայմաններում, գազի սպառման նվազումը, իհարկե, կասկած չի հարուցում։ Այլ հարց է, թե դա որքանո՞վ կհամընկնի սակագնային հայտում ներկայացված կանխատեսումների հետ։ Մի կողմից՝ տնտեսական նշմարվող ճգնաժամը և հասարակության եկամուտների նվազումը, մյուս կողմից՝ սակագների առաջարկվող բավական կտրուկ բարձրացումն էապես կազդեն գազի սպառման ծավալների վրա։ Ենթադրվում է, որ սպառման կրճատումը շատ ավելին կարող է լինել, քան ներկայացված է ընկերության սակագնային հայտով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն սկսել է ընկերության հայտի ուսումնասիրությունը, որի ընթացքում, անշուշտ, որոշակի վերանումների կլինեն։ Հատկապես որ, Հանձնաժողովը մտադիր է կիրառել սակագների սահմանման նոր սխեմաներ՝ դրանք կապելով ներդրումների հետ։

Ամեն դեպքում, սպասել, որ այս հարթության մեջ կարող են մեծ տեղաշարժեր լինել ընկերության ներկայացրած միջին սակագնում, որը նախատեսում է 28 դոլարի բարձրացում, անմտություն է։ Լավագույն դեպքում, Հանձնաժողովը կարող է տնտեսության ու սոցիալական հատվածի առաջնահերթություններից ելնելով՝ վերաբաշխել սակագների բեռը։

Առկա իրավիճակում սակագների բարձրացումից խուսափելու միակ հույսը ներմուծման էժանացումն է։ Այդ ակնկալիքով էլ կառավարությունը դիմել է ռուսական կողմին։

Պատասխան առայժմ չկա, բայց ենթադրվում է, որ շուտով կլինի։ Թեև կարևորը ոչ թե պատասխանն է, այլ արդյունքը։

Ներքին սակագների բարձրացում թույլ չտալու համար անհրաժեշտ է, որպեսզի գազի ներմուծման գինը նվազի առնվազն 25 դոլարով։ Այլ կերպ ասած, գործող 165 դոլարի փոխարեն՝ ռուսական գազը սահմանին Հայաստանը ստանա 140 դոլարով։

Տեսականորեն նման բան հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ այս պահին միջազգային շուկաներում գազի գինը շատ ավելի ցածր է։ Բայց մյուս կողմից՝ կա պայմանագիր, որտեղ ամրագրված է մատակարարման գինը։ Սա, իհարկե, չի նշանակում, թե այն վերանայելու հնարավորություն չկա։ Սակայն դա նույնն է, եթե վաղը միջազգային շուկաներում գազը թանկանա, և ռուսական կողմն առաջարկի թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը։

Այս փուլում մենք կանգնած ենք հակառակ գործընթացի շեմին. միջազգային շուկաներում գազն էժանացել է, և ակնկալում ենք, որ պետք է էժանանա նաև մեր դեպքում։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, շուտով կտեսնենք։ Կառավարությունը բանակցություններում դրական արդյունքի հասնելու համար 3-3,5 ամիս ժամանակ ունի։ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հիման վրա մինչև հունիսի վերջ Հանձնաժողովը պետք է հաստատի նոր սակագները։ Հուսանք, որ մինչ այդ բանակցությունները բարեհաջող ավարտ կունենան։

Բայց խնդիրը միայն դա չէ։ Այն շատ ավելի խորն է, քան արտաքուստ կարելի է պատկերացնել. իսկ ի՞նչ էինք անելու, եթե հանկարծ համաշխարհային տնտեսությունը չբախվեր տնտեսական կոլապսի հետ, և դրա հետևանքով միջազգային շուկաներում տեղի չունենար գազի գնի անկում։ Կրկի՞ն դիմելու էինք Ռուսաստանին՝ գազի գինը նվազեցնելու ակնկալիքով։ Չէ՞ որ կառավարությունը վաղուց գիտեր, որ այդպիսի խնդրի առաջ ենք կանգնած, որ բանակցությունները ձախողվել են, որ դրանց արդյունքը եղել է ընդամենը սակագների բարձրացման հետաձգումը։ Ինչո՞ւ մինչև ռուբլու վերջին թուլացումը կառավարությունը չէր առաջարկում ռուսական գազի գինը սահմանել ազգային արժույթով։ Առավել ևս, որ այդ հարցը վաղուց գտնվում էր մեր իշխանությունների, խոսքը նախկինների իշխանությունների մասին է, օրակարգում։

Երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ռուսական կողմի հետ գազի մատակարարումների շուրջ բանակցությունների դրական ընթացքի, ակնկալվող այնպիսի սակագների մասին, որոնք պիտի չվտանգեին Հայաստանի տնտեսության ընթացքը։ Սա՞ էր այդ ակնկալիքը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» սակագնային հայտի տեսքով։

Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե այս ճգնաժամային իրավիճակում ինչ է մեզ սպասվում, եթե հանկարծ չհաջողվի համաձայնության գալ գազի ներմուծման գնի և ներքին սակագների չբարձրացման հարցում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ