Aravot.am-ը հրապարակել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև։
«ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ուշագրավ գրառում է արել, թե հո նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չե՞ն, որ հավելավճարներ չստանան, չէ՞ որ նրանք չարքաշ աշխատում են։ Հարգելի տիկին Նազարյան, իհարկե, կարելի էր Ձեզ հետ համաձայնվել, եթե դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ), չներկայանայիք ժողովրդին որպես նվիրյալներ, եթե ձեր Սիրելի Առաջնորդը ԱԺ ամբիոնից չխոսեր խեղճ ժողովրդի «հացին կակա» ասելու մասին և այլն։ Իսկ ի՞նչ կարծիքի եք, տիկին Նազարյան, Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանների (որի համար, իհարկե՝ մեղավոր են նախկինները) պարագայում 500000-1000000 դրամ աշխատավարձերը արդյո՞ք ենթադրում են «չարքաշ» գոյություն։ Չե՞ք կարծում, որ նախարարներն ու փոխնախարարները, թերևս կարող են միանվագ պարգևավճարներ ստանալ, եթե իրենց ղեկավարած ոլորտներում հանրությանն համար առկա է հստակ առաջընթաց։ Արդյո՞ք առաջընթաց է համարվում, օրինակ` գիշերօթիկների, ծննդատների փակումը, հայկական ավիացիայի ձախողումը։
Եվ վերջապես պատգամավորների մասին։ Խնդրում եմ բացատրել, թե ի՞նչն է համարվում «չարքաշ» աշխատանք․ անձեռնմխելությու՞նը, անձնական աշխատասենյակ ունենա՞լը, օգնական-սուրճ մատուցող ունենա՞լը, արտասահմանյան գործուղումնե՞րը։ Իսկ պատգամավոր պաշտոնյաների դեպքում, նաև առավել շքեղ աշխատասենյա՞կը, ծառայողական ավտոմեքենա՞ն, քարտուղարուհի՞ն, թիկնապա՞հը, օգնական-խորհրդատունե՞րը, թե՞ երբեմն պատվիրակությունների ընդունումը, հերթապահ ժպիտով։ Շարքը կարելի է շարունակել․․․ Ներեցեք, տիկին Նազարյան, մտաբերեցի՝ Ձեր իսկապես չարքաշ աշխատանքը։ Չէ՞ որ դուք (նկատի ունեմ ողջ ձեր թիմը) ստիպված եք նույնիսկ առանց կարդալու կրծքով պաշտպանել կառավարության, ավելի ճիշտ Սիրելի Առաջնորդի պարտադրած օրենքները, անկախ այն բանից թե ներքուստ համաձա՞յն եք, թե՞ ոչ։ Չէ՞ որ հաճախ խղճի խայթ եք զգում, բայց նաև չեք համարձակվում նույնիսկ մտերիմների շրջանում արտահայտվել։ Չէ՞ որ կարող եք հայտնվել Սիրելի Առաջնորդի սև ցուցակում և զրկվել «հեքիաթից», որը ձեզ նույն ինքն է պարգևել։ Այո, սեփական «եսը» մոռանալը, դրա համար տառապելը, Սիրելի Առաջնորդին քննադատողներին հայհոյելը, ծաղրելը, Սիրելի Առաջնորդի աչալուրջ աչքի հսկողության տակ միաձայն կոճակ սեղմելը՝ «մաստեր կլաս» ցուցադրելը, իսկապես չարքաշ աշխատանք է և միանգամայն արժանի բարձր պարգևավճարների։ ․․․Ի դեպ, այդ մասին գիտի նաև Սիրելի Առաջնորդը, որն էլ հենց այդ պատճառով նախաձեռնել է պարգևավճարների տրամադրումը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը