10 04 2020

Ինչպե՞ս են ՔԿՀ-ներում պահպանելու սոցիալական հեռավորություն․ Վարդևանյան․ 168․am

Ինչպե՞ս են ՔԿՀ-ներում պահպանելու սոցիալական հեռավորություն․ Վարդևանյան․ 168․am

168.am-ը գրում է․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկատվություն հրապարակեց, համաձայն որի` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ 2020թ. ապրիլի 16-ն է, և եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

Դատավոր Աննա Դանիբեկյանի` աշխատանքի վերադառնալու և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով սպասվելիք առաջիկա դատական նիստի վերաբերյալ 168.am-ը զրուցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանի հետ, ով, հիշեցնենք, այս հարցով գրություններ էր ուղարկել ԲԴԽ և Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ից պատասխան, ի դեպ, փաստաբանական խումբը ստացել էր:

– ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն` դատավոր Աննա Դանիբեկյանը  եթե չերկարացնի անաշխատունակության թերթիկի ժամկետը, ապրիլի 17-ին պետք է ներկայանա աշխատանքի: Ակնկալո՞ւմ եք, որ հենց այդ օրը Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ կնշանակվի:

– Ես ակնկալում եմ, որ դատական նիստ պետք է նշանակվի այսօր, վաղը, դատական նիստ պետք է նշանակվի առաջիկա ցանկացած աշխատանքային օր: Ես չեմ կարծում, որ մեր դատական նիստի օրվա նշանակումը պետք է պայմանավորված լինի դատավորի` անաշխատունակության մեջ գտնվելու կամ վերադառնալու խնդրով, որի հետ ըստ էության համակարծիք է նաև ՄԻՊ-ը, որովհետև սա իրավունքի խնդիր է առաջացնում:

Մեր միջնորդությունը անհապաղ քննության ենթակա է: Այդ ժամանակահատվածում դատավորները սեփական նախաձեռնությամբ դատական նիստեր են արել: Մենք այս դեպքում միջնորդություն ներկայացրել ենք, հետո միջնորդություն ներկայացրել ենք դատարանի նախագահին` ասելով, որ մեկ այլ դատավորի մակագրվի: Ապա մեկ միջնորդություն էլ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ենք ներկայացրել, քանի որ դրությունը գնալով սրվել է:

5 աշխատակից վարակվեց քրեակատարողական հիմնարկում, մահվան թվերը չեմ նշում, ընդհանուր հաստատված դեպքերն 900-ն անց են: Ու այս իրավիճակում սպասել, թե երբ է տիկին Դանիբեկյանը հաճախելու աշխատանքի… Մենք չենք կարող այդ տրամաբանությամբ նայել: Բայց է՛լ ավելի մտահոգիչ բան կա, որ տիկին Դանիբեկյանն ունի պարտականություն ներկայանալ աշխատանքի, որովհետև ինքը պատասխանատու է բոլոր կալանավորված անձանց համար:

– Հատկապես այս շրջանում, երբ կա ԵԽԽՎ զեկույցը:

– ԵԽԽՎ զեկույցը կա` մարտի 20-ին հրապարակված, և դատավորը կարող էր դադարեցնել իր անաշխատունակության թերթիկի գործողությունն ու ներկայանալ աշխատանքի, ինչպես կաներ իր պարտականությունները բարեխիղճ կատարող ցանկացած անձ:

– Իսկ եթե դատավորի առողջական վիճակը թույլ չի՞ տալիս ներկայանալ աշխատանքի:

– Այ դա շատ հետաքրքիր է պարզելը: Այսօր, օրինակ, մամուլով տարածվել է, որ Աննա Դանիբեկյանի անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է: Քթի պլաստիկ վիրահատության գաղտնիության հետ կապված` երկար կարող ենք խոսել, որովհետև այն առհասարակ հնարավոր չէ գաղտնի պահել, որովհետև նախորդ նկարն ես նայում ու ներկա նկարը, ու ամեն ինչ պարզ է դառնում: Բայց մեզ ոչ մի տեղեկություն մինչ օրս կրկին չեն հայտնում:

– Այսինքն` Դուք այդ մասին մամուլի՞ց եք տեղեկացել:

– Այո, ինքս հրապարակում տեսա, որ նման հանգամանք կա: Ես ուզում եմ հասկանալ, քթի պլաստիկ վիրահատությունը, եթե դա է պատճառը, անհետաձգելի վիրահատություն կարո՞ղ է համարվել առհասարակ, և բացի դրանից, ո՞վ է տեսել, որ քթի պլաստիկ վիրահատության համար անձը 33 օր չներկայանա աշխատանքի:

– Ի՞նչ է լինելու առաջին դատական նիստին: Սպասելու եք, որ դատավորն իր նախաձեռնությամբ նիստ հրավիրի ու կալանքի հա՞րց քննի, ինչպես այս ընթացքում անում են ուրիշ դատավորներ, թե՞ ամեն դեպքում անձնական երաշխավորության միջնորդությունը կրկին ներկայացնելու եք:

– Մենք միջնորդությունն արդեն մարտի 16-ին ներկայացրել ենք: Դա իրենից ենթադրում է, որ այն 17-18-ին պետք է քննվեր: Հիմա դեռ չի քննվել, բայց դրանից նրա կարգավիճակը չի փոխվել: Այն անհապաղ պետք է քննվի, հենց որ նիստը բացվի: Ինքս բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ նույնիսկ ծանր վիրահատություններն իրենց վիրահատական ու հետվիրահատական շրջանում 30 օրը գրեթե չեն գերազանցում: Անգամ կորոնավիրուսային վարակի դեպքում 15-20 օրը մեկ բուժվում են: Անհասկանալի է, թե այս պարագայում ո՞նց է այսքան երկար տևում:

– Օրեր առաջ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ խոցելի խմբում գտնվող անձանց վերաբերյալ նախաձեռնություն է ներկայացրել խափանման միջոցների փոփոխության: Ըստ էության, նախապատվությունը մեծ հաշվով տրված էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձանց: Եթե նախագահ Քոչարյանն ունի առողջական խնդիրներ, ինչո՞ւ Էրեբունի ԲԿ-ից դուրս գրվելուց հետո նրան չտարան ԴՀ, այլ կրկին բերեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

– Ես ծանոթացա Գոռ Աբրահամյանի հայտարարությանը, որտեղ գրված չէր, որ դատախազության նախաձեռնությունը տարածվում է միայն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվող անձանց վրա, այն տարածվում է նաև այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող, առողջական խնդիրներ ունեցողների վրա:

Ինքնին կազմակերպչական բնույթի հարց է` անձը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ո՞ւմ, թե՞ մասնավոր բժշկական հաստատությունում: Ես կարող եմ հետևյալն ասել, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից, դուրս է գրվել ստացիոնար բուժման մասով: Բայց ձևակերպում առ այն, որ նա բժշկական հսկողության կարիք այլևս չունի, բացարձակ առկա չէ:

– Այդ դեպքում ինչո՞ւ են Ռ.Քոչարյանին տարել ԱԱԾ մեկուսարան:

– Այստեղ նաև օրենսդրական բացի խնդիր է, որ ոչ ստացիոնար բուժման պայմաններում բժշկական հաստատությունում պահելը խնդիր է ենթադրում: Դրան էլ գումարենք այն, որ վարույթ իրականացնող մարմին գոյություն չունի, քանի որ վերջինս գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ստեղծվում է այս վիճակը: Ռոբերտ Քոչարյանին նորից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելն ինքնին իրավունքի կոպտագույն խախտում է: Ասեմ ավելին, կոնկրետ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ ու ԲԿ-ից ստացված պարզաբանումից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին ունի բժշկական հսկողության անհրաժեշտություն:

– Եթե Երկրորդ նախագահն ունի բժշկական հսկողության անհրաժեշտություն, ինչպե՞ս է դա ապահովվում մեկուսարանում:

– Հենց ամբողջ հարցն այն է, որ մեկուսարանում այն չի ապահովվում: Եվ երբ ասում ենք, որ իրավունքի խախտում կա, նաև դա նկատի ունենք, նկատի ունենք, որ ՔԿՀ-ն չի կարող կորոնավիրուսային սպառնալիքի տակ ապահովել բոլոր պահանջները: Օրինակ` սոցիալական հեռավորությունը: Մշտապես ասվում է, այդ թվում՝ նաև լիազոր մարմնի` թե Առողջապահության համաշխարհային կազմակերպության, և թե ՀՀ առողջապահության նախարարության կողմից, որ պետք է պահպանել սոցիալական անհրաժեշտ 2 մետր հեռավորությունը: Քրեակատարողական հիմնարկում քննչական և փաստաբանական գործողությունների համար սենյակում 1 մետրից պակաս հեռավորություն է նախատեսված, աթոռներն էլ գամված են հատակին, տեղաշարժել հնարավոր չէ: Ինչպե՞ս ենք պահպանելու սոցիալական հեռավորություն, երբ, ըստ ԱՀԿ-ի, խոսքը գնում է խոցելի խմբում գտնվող անձի մասին, որը, ըստ ԱՀԿ-ի և դատախազության հաղորդագրության, այս պահին, ի դեպ, ունի համակցված հիվանդություն: Բայց այս պահին ես չեմ կարող ուղղակիորեն բողոքս արտահայտել առ դատախազություն, որովհետև խնդիրն այլ տեղ է. մենք վարույթ իրականացնող մարմին չունենք, որը ապրիլի 17-ին երևի կվերադառնա աշխատանքի:

– Ակնկալո՞ւմ եք, որ ապրիլի 17-ին աշխատանքի ներկայանալով` Աննա Դանիբեկյանը սեփական նախաձեռնությամբ, առանց Ձեր ներկայության՝ կարող է նիստ հրավիրել ու քննել խափանման միջոցի փոփոխության հարց, ինչպես այս օրերին անում են մյուս դատավորները:

– Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ձեր նկարագրածն իրավունքի գերակայության դրսևորումն է: Այո, Հայաստանում կան դատավորներ, որոնք Սահմանադրության 3-րդ հոդվածը, որը սահմանադրական կարգի հիմունք է, ապահովում են իրական կյանքում: Կան դատավորներ, որ դա կոպտորեն խախտում են, անտեսում, տրորում: Սա է իրականությունը: Կտեսնենք` ինչ կլինի:

– Պատրա՞ստ են երաշխավորները կրկին ներկայանալ դատարան:

– Դա կազմակերպչական բնույթի հարց է: Երեկ, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, ով երաշխավորներից մեկն է, ներկայացրեց իր դիրքորոշումը, անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և, իհարկե, իր վճռականությունը՝ կրկին այն ներկայացնելու և պնդելու դատարանում: Առնվազն մենք ունենք այն, որ երաշխավորության միջնորդությունը նաև ստորագրվել է 4 երաշխավորների կողմից, և այն ներկայացվել էր հենց մարտի 16-ին:

– Տեսակցե՞լ եք Երկրորդ նախագահին: Ինչպե՞ս է իրեն զգում:

– Այո: Այս շաբաթվա ընթացքում 2 անգամ տեսակցել եմ: Կարող եմ ասել, որ նախագահն իրեն բնորոշ վարքագիծը դրսևորում է, ինչպես միշտ: Բայց կարող եմ ասել, որ ՔԿՀ-ներում սոցիալական հեռավորության խնդիր ակնհայտ կա: Իր մասով` բժշկական հսկողության, ստուգումներ կատարելու հնարավորությունը չկա, այն գործողությունները, որոնք կկատարվեին մասնագիտացված բժշկական հաստատություններում այնտեղ չի կարող ապահովվել և չի ապահովվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ