28 03 2020

Կյանքը՝ վիրուսից առաջ և հետո․ «Հրապարակ»

Կյանքը՝ վիրուսից առաջ և հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոտարիատում աշխատող մեկը պատմեց, որ այս օրերին մեծ թվով տատիկ-պապիկներ են գնացել նոտարիատ եւ կտակ թողել ժառանգներին։ Առաջ նրանք հանգիստ էին, կարծում էին՝ երկար, խաղաղ, երջանիկ (կամ ոչ այնքան երջանիկ) ծերություն է իրենց սպասվում, իրենց զավակների ու թոռների կողքին, հիմա նրանցից յուրաքանչյուրը չգիտի վաղն ինչ է լինելու իր հետ։ Եւ որոշել է այս կյանքի հետ կապված գործերն ավարտին հասցնել, իր ունեցած-չունեցածը բաշխել ժառանգների մեջ, որ իր մահը խնդիրներ չառաջացնի եւ ժառանգությունը կիսելու պայքարում անհաշտության պատճառ չդառնա նրանց միջեւ։

Առհասարակ, այս աղետը շատ փոփոխություններ մտցրեց մեր կյանքում, մեր հոգեվիճակում եւ մեր ծրագրերում։ Ո՞վ կարող է ասել՝ կորոնավիրուսի հաղթահարումից հետո աշխարհն ինչպիսին կլինի եւ մենք՝ ինքներս, ինչպիսին կլինենք։ Այդ ինչն ու ինչպեսը մեծապես կախված է նաեւ այս աղետի տեւողությունից, որի վերջը առայժմ չի երեւում։ Անգամ ամենաբարենպաստ սցենարի պարագայում աշխարհը վիրուսից առաջ եւ վիրուսից հետո շատ տարբեր է լինելու։

Կկարողանա՞նք այլեւս մենք առանց վախի շփվել միմյանց հետ, գրկել ու ողջագուրվել միմյանց։ Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ առողջական նկատառումներից մեր կենցաղում հայտնված նոր սովորույթները մոռացվեն եւ մենք ապրենք նախկին՝ բաց ու ջերմ կյանքով։ 

Կկարողանա՞նք արդյոք ինչ որ ժամանակ անց ճամփորդել, հյուր գնալ, աշխարհի տարբեր անկյուններում լինել։ Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ զբոսաշրջության, ճամփորդելու ավանդույթները վերականգնվեն, չվերթները վերականգնվեն եւ մարդիկ առանց վախի մեկնեն, ասենք, Իտալիա կամ Իսպանիա։

Կկարողանա՞նք արդյոք կրկին վերադառնալ մեր բնականոն աշխատանքային ռեժիմին՝ առավոտ վաղ արթնանալ-աշխատանքի գնալուց, մինչեւ 10-12 ժամ աշխատավայրում անցկացնելն ու ծանրաբեռնված աշխատելը։ Չէ որ մարդ արարածը հակված է ծուլության եւ աշխատասիրությունը նաեւ վարժություն է ու սովորույթ։
Կկարողանա՞նք արդյոք կրկին վերագտնել մեր հավատը մարդկության ուժի, գիտության ամենազորության, բժշկության հրաշագործ էության հանդեպ, Աստծու հանդեպ, որն ամենատես է ու ամենակարող եւ, որի ստեղծածն է մարդ էակը, ում նա այսպիսի դաժան փորձություն է ուղարկել։

Եւ վերջապես, կկարողանա՞նք վերականգնել տնտեսության, կրթության, առողջապահության, կառավարման համակարգի կենսունակությունը եւ զարգացման տեմպերը, թե՞ այլեւս անդառնալիորեն հետ ենք մնալու աշխարհից, որը մոխիրներից վեր հառնելու իր ունակությունը բազմիցս է ապացուցել, բայց որից օգնության մեր ակնկալիքներն օրեցօր նվազում են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ