27 03 2020

Վերջին 1 ամսում ՀՀ նորմայից 3 անգամ պակաս ցորեն է ներկրվել․ «Հրապարակ»

Վերջին 1 ամսում ՀՀ նորմայից 3 անգամ պակաս ցորեն է ներկրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի Հանրապետություն 2019 թ. մոտ 350 հազար տոննա ցորեն է ներկրվել: Այս տվյալները երեկ մեզ ասաց «Ապավեն» խոշորագույն բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը: Հիմնվելով այս տվյալների վրա՝ կարող ենք ասել, որ Հայաստան պետք է ամսական մոտ 30 հազար տոննա կամ օրական 900-1000 տոննա ցորեն, որպեսզի հայաստանյան շուկայի օրական պահանջարկն ապահովվի: Իսկ որքա՞ն ցորեն է ներկրվում այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում Հայաստան, հատկապես, երբ Լարսում խառը վիճակ է, քանի օր է՝ բեռնատարները կանգնած էին, և նոր-նոր սկսել են արդեն շարժվել: Արդյոք կարողանո՞ւմ են կամ կկարողանա՞ն արտակարգ դրության պայմաններում ապահովել ցորենի, ըստ այդմ՝ նաև հացամթերքի պահանջարկը երկրում:

Ուստի, Hraparak.am-ը հարցում ուղարկեց Պետեկամուտների կոմիտեին՝ խնդրելով պատասխանել, թե վերջին մեկ ամսում քանի՞ տոննա ցորեն է ներկրվել Հայաստան: Հիշեցնենք, որ դարձյալ նույն Գագիկ Աղաջանյանի հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ տարի Հայաստան ներկրված 350 հազար տոննա ցորենի մեծ մասը՝ 200 հազար տոննան, Հայաստան է բերվել ավտոտրանսպորտային բեռնափոխադրման միջոցով, և միայն 150 հազար տոննան է, որ երկաթուղային ճանապարհով է մտել Հայաստան:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից տեղեկացրին հետևյալը.

«24.02.2020-24.03.2020թթ ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 10867 տ. ԱՏԳ ԱԱ 1001 (ցորեն) ծածկագրով դասակարգված ապրանք»:

Ստացվում է՝ փետրվարի 24-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ պակաս ցորեն, քան դա տեղի էր ունենում 2019 թվականի ընթացքում: Այստեղից հարց է առաջանում՝ որտեղի՞ց մեր կառավարությանն ու ՏՄՊՊՀ-ին վստահություն, որ ճգնաժամային այս իրավիճակը երկար ձգձգվելու դեպքում իրենք ցորենի խնդիր չեն ունենա: Ցորեն ներկրողներն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ օրվա բերածն անմիջապես իրացվում է, չեն կարողանում պահեստավորել: Իսկ կառավարությունը չի հայտնում, թե մենք ցորենի որքան պաշար ունենք կուտակած, եթե ունենք, իհարկե: Սա ռազմավարական նշանակության հարց է, որի վերաբերյալ թերևս պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն, ցորենի ներկրման այլընտրանքային ուղիներ մտածեն, որ հանկարծ ֆորս-մաժորի դեպքում երկիրը առանց հացամթերքի չմնա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ