168.am-ը գրում է․ «Ըստ ամենայնի՝ Մոսկվայում արդեն որոշել են փափուկ ուժից անցում կատարել այլ տիպի քայլերի։ Դա պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գերլարվածությամբ։
Սիրիայում տեղի ունեցող զարգացումները կարող են տեղափոխվել այլ տարածքներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար հետաքրքրություն ներկայացնող գոտիներ։ Հայաստանն ու Արցախն այդ գոտիներում են գտնվում, և Կրեմլի համար կարևորություն է ստանում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի ներքին կյանքը։
Մոսկվայում 2018-ի մայիսից հետո փորձում էին չտեսնելու տալ Հայաստանի իշխանության քայլերը ու ձգտում փափուկ ուժի միջոցով Երևանի հետ ընդհանուր հայտարարի գալ։ Կրեմլը պատրաստ էր Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերվել՝ որպես ռազմավարական դաշնակից հանդիսացող պետության ղեկավարի՝ պայմանով, որ նա հավատարիմ կմնա իր խոստումներին ու հայ-ռուսական հարաբերությունների խորացման ճարտարապետների, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ապօրինի քայլերի չի գնա։
Հեղափոխության դրսի մոդերատորներն ու անձամբ Փաշինյանն այլ տարբերակ ընտրեցին։ Մոսկվան ավելի քան մեկ տարի համբերում էր, սակայն հիմա չի կարող, քանզի հայկական հեղափոխության դրսի շահառուների ցանկում անուղղակիորեն հայտնվել է նաև Թուրքիան, ինչը նյարդայնացնում է Հայաստանում ռազմաբազա ունեցող ՌԴ-ին։ Դա է պատճառը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմը կոշտացնում է իր դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների և նրանց արբանյակների նկատմամբ։
Այդ կոշտացումը վերջին օրերին մի քանի ուղղությամբ դրսևորվեց։
Նախ չեղյալ հայտարարվեց Ն. Փաշինյանի պաշտոնական այցը Մոսկվա։ Այն պետք է կայանար ապրիլին, սակայն հետաձգվել է անորոշ ժամանակով։
Կրեմլամերձ «Կոմերսանտն» օրերս գրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում թիվ մեկ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքն է։ Թերթն այդպիսով ուղիղ խոսք ասաց ՀՀ վարչապետին։ Կրեմլի ուղիղ խոսքը։ Դա դեղին քարտ էր Փաշինյանին։
Դե, իսկ կարմիր քարտ ստացավ փաշինյանասորոսական շրջանակների արցախյան ներկայացուցիչ Մասիս Մայիլյանը։ Նա Արցախի գործող արտգործնախարարն է և Արցախի նախագահի թեկնածուն։ Ռուսաստանի Դաշնությունը 5 տարով արգելել է նրա մուտքը։
Մայիլյանը համարվում է փաշինյանական իշխանության հակառուսական և պրոարևմտյան թևի ներկայացուցիչն Արցախում։ ՌԴ-ն կարմիր քարտ ցույց տալով Մայիլյանին՝ փաստացի ապտակ է հասցրել Մայիլյանի երևանյան լոբբիստ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին ու անհարմար դրության մեջ դրել ոչ հրապարակավ Մայիլյանին աջակցող Փաշինյանին։
Ի հակառակ Մայիլյանի դեմ արված քայլի, նույն Կրեմլը քարոզչական պրոֆեսիոնալների խումբ է ուղարկել Արցախի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ գեներալ Վիտալի Բալասանյանի շտաբ։ Ռուս փիարշիկները համակողմանի աջակցություն են ցուցաբերում Բալասանյանին, ինչը Կրեմլի հերթական մեսիջն է Փաշինյանին, ում քայլերը բազմիցս քննադատել է նույն Բալասանյանը։
Թե ուրիշ էլ ի՞նչ դրսևորումներ կստանա ռուս-թուրքական սրացումը հայկական միջավայրում, պարզ կդառնա առաջիկայում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը