«Հրապարակ»-ը գրում է․ «Սույն թվականի հունվարի 9-ին անցկացված կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տնտեսվարողների կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու խնդրին, մի հայտնագործություն արեց, որը, որպես հանձնարարական, ուղղեց ՊԵԿ նախագահին, որ նա կյանքի կոչի։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսելու, սոցիալական ցանցի իր էջում դնելու, վարչական վարույթ իրականացնող մարմինն էլ պարտավոր է գնալ ու տուգանել։ «Այնպես, ինչպես ՃԵԿ խախտումները կարող են քաղաքացիները ֆիքսել, նույն կերպ ես մի գաղափար եմ առաջարկել ՊԵԿ նախագահին, որ ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող նկարահանումների հիման վրա ՊԵԿ-ն իրականացնի վարչական վարույթ։ Եվ ես կարծում եմ` սա ճիշտ գաղափար է»,- ասաց Փաշինյանը։
Երեկ հետաքրքրվեցինք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից վարչապետի այս հանձնարարականի կատարման ընթացքով՝ նախ ճշտելով, թե սա իր համար ընդունելի՞ մոտեցում է, որ քաղաքացիները նման գործառույթ ստանձնեն։ «Հարցը մի քիչ երեւի պետք ա վերաշարադրենք։ Իհարկե, դա վարչապետի ոչ թե մոտեցումն էր, այլ հանձնարարական էր, ինքը հանձնարարեց, որ մենք մտածենք, եւ մենք այդպիսի մի մոդել ունենք, կարելի է այդպես ասել, եւ ես վարչապետին ներկայացրել եմ գաղափար, թե ինչպես ենք իրականացնելու դա։ Եվ երբ որ պատրաստ լինի, հանրությանը կներկայացնենք էդ տեսլականը։ Լինելու է շատ լավ, նորմալ բան»,-ասաց Դավիթ Անանյանը։
- Այսինքն՝ քաղաքացիներն այսուհետ պետք է վերահսկողական գործառո՞ւյթ իրականացնեն, եւ ամեն անգամ, երբ ՀԴՄ կտրոն չտրամադրեն նրանց, նկարեն եւ ահազանգեն ՊԵ՞Կ։
- Քաղաքացիներն էսօր էլ կարող են տեսնել, նկարել եւ ահազանգել ՊԵԿ՝ այնպես, ինչպես որ էսօր իրականացվում է դա։
- Ինչո՞ւ է ամեն ինչ դրվում քաղաքացիների վրա, ինչո՞ւ օրենքներն այնպես չեն գրվում, որ պետությունն իր գործառույթները պատշաճ իրականացնի, եւ քաղաքացիներն այդտեղ քիչ անելիք ունենան։
- Տեսեք, մենք ունե՞նք օրենք, որտեղ գրված է, որ մարդ սպանել չի կարելի․․․ ես ծայրահեղացնում եմ հարցս, որովհետեւ Դուք եւս ծայրահեղացնում եք։ Եթե Դուք մտածում եք, որ պետությունը պետք է անի, ժողովուրդը կապ չունի, ապա Դուք սխալվում եք։ Պետություն ասելով՝ պետք է ժողովուրդ, հանրություն եւ պետական մարմիններ համագործակցության մեջ ամեն ինչը տեսնել։ Եթե Դուք մտածում եք, որ միայն պետական մարմինները պետք է մշակույթ սփռեն, Դուք էլի սխալվում եք։
- Իսկ գուցե ա՞յլ մշակույթ ներդրվի, օրինակ՝ նույն շահող կտրոնի մշակույթը, որ քաղաքացիները շահագրգռված լինեն պահանջել ՀԴՄ կտրոն։
- Չի կարելի։ Քաղաքացին պետք է շահագրգռվի ոչ թե փող ստանալու համար, այլ պետք է ներքին շահագրգռություն ունենա, որ ինքը մշակույթ ձեւավորի իր մեջ։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի, ոչ թե որ իրեն շահագրգռես, թե «արի ես քեզ փող տամ, դու էլ ինձ օժանդակիր»։
- Իսկ այս դեպքում էլ ավելի վատ մշակույթ չի՞ ներդրվի՝ անձնային հարաբերությունների խաթարման առումով, երբ միտում կառաջանա միմյանց վատություն անել ՀԴՄ կտրոն պահանջելով։
- Բայց ինչո՞ւ եք մտածում, որ մենք պարտադրանքի ուժով քաղաքացիներին ստիպելու ենք, որ նրանք նկարեն։ Մենք ասելու ենք՝ հարգելի՛ ժողովուրդ, մենք էլեկտրոնային հարթակ ենք ստեղծում, որտեղ դուք կարող եք մուտք գործել, գրանցվել կամ չգրանցվել, ազդարարել կամ չազդարարել։
- Վարչապետի այդ հանձնարարականից հետո քանի՞ քաղաքացի է դիմել ՊԵԿ՝ ահազանգով, որ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։
- Վարչապետի հանձնարարականից առաջ էլ են բազմաթիվ քաղաքացիներ դիմել ՊԵԿ։
- Ի դեպ, պարոն Անանյան, Արցախի Հանրապետության վարչապետը կարո՞ղ է Հայաստանի որեւէ ռեստորանում հաց ուտել, ՀԴՄ կտրոն չտրամադրեն, եւ նա զանգի ՊԵԿ կամ անձամբ Ձեզ ու տեղեկացնի, որ այսինչ տնտեսվարողը ՀԴՄ կտրոն չի տրամադրել։ Որեւէ այլ երկրի քաղաքացի իրավունք ունի՞ նման բան անելու։
- Ինձ թվում է՝ ցանկացած անձ իրավունք ունի, մանավանդ Ձեր մատնանշած դեպքով։ Ասենք, Արցախի վարչապետի հետ մենք անձնային շփումներ ունենք, ճանաչում ենք իրար, ինքը կարող է շատ հանգիստ զանգել ինձ եւ ասել՝ գիտե՞ք ինչ, էսինչ տեղը հաց էի ուտում, ու ինձ ՀԴՄ չտվեցին։ Ի՞նչ կա դրա մեջ։
- Այսինքն՝ նորմա՞լ է, որ մեր վարչապետն Արցախի Հանրապետության հարկային է զանգում՝ հայտնելու, որ իրեն Արցախի որեւէ ռեստորանում ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։
- Ես Ձեր հարցին չեմ պատասխանի ուղղակի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը