«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ։ Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։
Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն ի վերջո հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն այդպես էլ փակագծեր չբացեց։
«Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, այս պահին ձեռնպահ կմնամ անուններ հնչեցնելուց, քանի որ շատերի հետ եմ բանակցել։
Գաղափարախոսության մասին կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ։ Ուղղությունը կլինի կենտրոնամետ-աջ, իսկ ավելի լայն կխոսենք հետագայում»,-նշեց Վանեցյանը։
Տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հնչել են բազմաթիվ հարցեր՝ սկսած նախկին իշխանությունների հետ կապերի, հրաժարականի պատճառների, Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հետաքրքրվել է Վանեցյանի հրաժարականից հետո նրա հրապարակային խոսքում առկա այն ակնարկների մասին, թե երկրին պատուհասել են վտանգներ։
Կարո՞ղ եք կոնկրետացնել՝ ինչ վտանգ է սպառնում, ում կողմից, եւ ի վերջո, ինչու եք լռում։ Այս հարցին, սակայն, կոնկրետ պատասխաններ չտրվեցին։
«Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի հայտ են գալիս կամաց-կամաց։ Որպես օրինակ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որն անվտանգության տեսանկյունից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար։ Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծություններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի»,-նշեց նա։
Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե փորձել է պետական կամ հիբրիդային հեղաշրջում իրականացնել։
«Իհարկե ես նման ցանկություն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը»,-նշել է նա։
ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղնալսման հրապարակումից հետո։
Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց:
Մեկ այլ ուշագրավ բացահայտում արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում: «Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերաբացել գործը, սակայն գործը վերադարձվել է մեզ: Այնուհետեւ Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, եւ ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»:
Բացի այս, Վանեցյանը նաեւ չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, եւ այդ պատճառով իր խոսքում ասել էր. «Կա՛նգ առ»:
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը