28 01 2020

Եկեղեցում էլ թշնամիներ կան․ «Հրապարակ»

Եկեղեցում էլ թշնամիներ կան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անցած տարվա մայիսին, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներից եւ համախոհներից բացի, այդ միջոցառմանը, ոմանց համար անսպասելիորեն, խոսք ասաց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Նա ասել էր, որ շնորհանդեսը  հնարավորություն է՝ վերաբերմունք արտահայտելու ՀՀ երկրորդ նախագահի անձի եւ գործունեության նկատմամբ, ու նրան բնութագրել էր իբրեւ «չափազանց սկզբունքային, հետեւողական, նպատակասլաց» ու «բացառիկ հումորի» տեր մարդ: Մեր տեղեկություններով՝ այդ ելույթից հետո Արշակ սրբազանը հայտնվել է իշխանության «սեւ ցուցակում», եւ բանը հասել է այնտեղ, որ Ամենայն հայոց կաթողիկոսին «խորհուրդ են տվել» հեռացնել Արշակ սրբազանին բարձր պաշտոնից, եթե ուզում են իշխանությունների եւ եկեղեցու փոխհարաբերությունները կարգավորել։

Մեզ հետ զրույցում սրբազանն ասաց․ «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ», խորհուրդ տալով «սեւ ցուցակների» մասին հարցնել այն մարդկանց, որոնք ունեն այդպիսի ցուցակներ։ Վեհափառը Ձեզ չի՞ հաղորդել իշխանությունների ցանկության մասին։ «Ինձ համար այս ամենը նորություն է»։ Կարո՞ղ ենք փաստել, որ եկեղեցին նորմալ հարաբերություններ ունի քաղաքական իշխանությունների հետ։ «Ես բնորոշումներ չեմ ուզում տալ՝ նորմալ է, թե աննորմալ։ Հայաստանի իշխանություններն են։ Եկեղեցին էլ, ինչպես միշտ, ես էլ՝ որպես եկեղեցական, փորձում եմ գործակցության մեջ օգտակարություն բերել թե՛ եկեղեցուն, թե՛ պետությանը։ Հիմա  դա նորմալ է, թե աննորմալ, ես չեմ կարող գնահատել։ Եվ չեմ էլ հավատում, որ իշխանությունները կարող են Ձեր ասած՝ սեւ ցուցակ ունենալ, եւ ես էլ հանկարծ հայտնվեմ այդ ցուցակում։ Այսքանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ