«Հրապարակ»-ը գրում է․ «Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքներից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ։ Որպես հիմնական փաստարկ` նշում են, որ ՍԴ-ն է անցյալում վավերացրել բոլոր ընտրակեղծիքներն ու օրինականացրել կեղծված ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման եռանդով չեն պայքարում ընտրակեղծիքներն օրինականացնող հիմնական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։
Ինչո՞վ է Հրայր Թովմասյանն ավելի «ընտրակեղծարար», քան Տիգրան Մուկուչյանը։ Բայց այս «պայքարի» զավեշտն ու անօրինականությունը հատել է տրամաբանության բոլոր սահմանագծերը եւ հասել աբսուրդի մակարդակի՝ ողջ երկրի իրավապահ համակարգը, իշխանական մեծաքանակ թիմը, Փաշինյանին համակրողների ու ֆեյքերի բանակները զբաղված են ՍԴ անդամների հալածանքով։ Բոլոր թույլատրելի ու անթույլատրելի մեթոդները կիրառվում են, ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնում։ Անգամ վարչապետի մոտ խորհրդակցություններ են հրավիրում՝ ժամանակացույցեր կազմում, տարբեր ուժայինների հրահանգ է իջեցվում՝ հասնել ՍԴ 7 անդամների հրաժարականների բաղձալի նպատակին։ Չէ որ վաղաժամ կենսաթոշակի օրենքն ընդունվել է, եւ նրանք կարող էին օգտվել այդ օրենքի ընձեռած հնարավորություններից՝ թքել եւ հեռանալ, չկորցնելով ոչինչ, գոնե՝ նյութական ապահովության իմաստով։
Բայց այդ մի խումբ համառ մարդիկ շարունակում են դիմադրել՝ ի զարմանս հեշտ հանձնվող մեր հասարակությանը, եւ վրդովվեցնելով հեշտ հաղթանակների սովոր իշխանություններին։ Բանը հասել է նրանց արտամուսնական կապերի բացահայտմանը, բայց այս մարդիկ հաղթահարել են վախը։ Եթե անգամ բանտը նրանց չի սարսափեցնում, ուրիշ ի՞նչը կարող է ստիպել, որ նահանջեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը