28 12 2019

Քաշքշոց՝ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ․ «Առավոտ»



Aravot.am-ը գրում է․ « Գյումրու Անի թաղամասի Խորենացի փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ պաշտոնապես հանձնվեցին «Առդա» բարեգործական հիմնադրամի կառուցած 11 սոցիալական բնակարանները, որոնց վիճակահանությունը մի քանի օր առաջ կատարվել էր Գյումրու քաղաքապետարանում: Կառավարության ղեկավարը նախ ոտքով շրջագայեց Գյումրու նորակառույց փողոցներով, այնուհետ մասնակցեց բնակարանամուտին: Վարչապետը հերթով փաթաթվեց շահառու տատիկներին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում հպարտությամբ նշեց, որ «Առդան» Գյումրիում արդեն 41 բնակարանն հանձնում: «Շատ լավ գործ է կատարված, պարոն վարչապետ, երեք տարվա ընթացքում այս շենքը կառուցվեց «Առդա» բարեգործական կազմակերպության և Գյումրու քաղաքապետարանի համագործակցությամբ: Շատ գեղեցիկ շենք է` հարմարավետ բնակարաններով, տրվում է միայնակ ծերերին, բազմազավակ ընտանիքներին, որոնք տնակների մեջ են»,-ասաց քաղաքապետը:

«Առդա»-ի տնօրեն Տիգրան Ստեփանյանն էլ ասաց, երկրում իրոք իրավիճակ է փոխվել, իրենք շատ ոգևորված են կատարված աշխատանքով. յուրաքանչյուր հաջողված փուլ նոր ծրագիր է բերում: Ըստ նրա, դոնորները լուրջ ներդրումների մտադրություն ունեն:

Ի դեպ, նորակառույց շենքի մոտ վարչապետին սպասում էր ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը ծեծելու մեջ մեղադրվող, կալանավորված Զոհրապ Եսիմսեյտովի մայրը: Նախքան վարչապետի Անի թաղամաս հասնելը, ոստիկանները փորձում էին նրան հեռացնել տարածքից, սակայն կինն ընդդիմանում էր: Նա վազեց վարչապետի հետևից, գոռում էր, որ թողնեն՝ մոտենա, սակայն ոստիկանները չթույլատրեցին:

Հիշեցնենք նաև, որ այս կնոջ որդու կալանավորման պատճառը եղել էր Ռոբերտ Քոչարյանի երկրաշարժի զոհերի հիշատակին ուղարկված ծաղկեպսակի մասին Կարեն Սարուխանյանի գրառումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ