«Հրապարակ»-ը գրում է․ «Կարելի է զօրուգիշեր բողոքել սեփական ենթականերից եւ բոլոր մեղքերը վերագրել նրանց։ Իսկ ո՞ր ղեկավարը դժգոհություններ չունի իր աշխատողներից։ Պարզ չէ՞, որ հայ ժողովրդի կադրային ռեսուրսը սուղ է, եւ լավ մասնագետի պակաս կա ամենուր։ Լավ կադրերով անգամ ամենաապաշնորհ ղեկավարը կկարողանա լավ գործ անել։ Լավ ղեկավարը փորձում է գործ անել այն կադրերով, ինչ ունի, եւ արդյունքի բացակայության մեղքը չի գցում կադրերի վրա։ Կադրերը վերեւից եկող հրահանգները, ղեկավարի իջեցրած պատվերն իրագործողներն են։
Երբ խնդիրը ճիշտ է դրված, եւ «շեֆի» օրինակն էլ «ընդօրինակելի» է, գործն առաջ է գնում։ Դրա համար նախ պետք է ղեկավարն իր տեղում լինի՝ ճիշտ ապրի, շատ աշխատի, հարգանք տածի ենթակաների հանդեպ, պատկերացնի խնդիրներն ու կարողանա դրանք հստակ ձեւակերպել։
Երբ դու ողջ օրը խոսում ես բռնությունից ու պատժից, քո ենթակաները ոչ թե ազատ ու ստեղծագործ աշխատանքով են զբաղվում, այլ վախով սպասում են իրենց «հերթին»։ Երբ դու մի միջոցառումից մյուսն ես գնում, մե՛կ համերգասրահում ես, մե՛կ թատրոնում, քո ենթականերն էլ են ուզում իրենց բաժին կյանքը վայելել։ Երբ դու իրարամերժ հրահանգներ ես իջեցնում, ծաղրում ես հակառակորդներիդ, անպատասխանատու հայտարարություններ ես անում ու կեղծ թվեր հրապարակում, քո ենթականերին թվում է, թե սրճախմությամբ օրը մթնեցնելը շատ անմեղ պահվածք է։
Երբ դու զուգահեռներ ես անցկացնում քո եւ Հիսուսի, քո ու Հռոմի պապի միջեւ, քո նախարարներն էլ իրենց ամենաքիչը Զեւս ու Պոսեյդոն են զգում։ Իսկ երբ դու աշխատանքը պատկերացնում ես ճառեր ասելն ու մատ թափ տալը, քո ենթակաները վստահ են, որ աշխատանքի իմիտացիա ստեղծելու մեջ ոչ մի արատավոր բան չկա։ Մանավանդ՝ բարձր աշխատավարձն ու պարգեւավճարները երաշխավորված են ամեն դեպքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը