09 12 2019

Դատավորներին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք․ Փաստինֆո

Դատավորներին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Դատավորներ Մխիթար Պապոյանի, Դավիթ Գրիգորյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործերով որեւէ տեղաշարժ չկա: Թեեւ շուրջ 7 ամիս է, ինչ քրեական գործերը հարուցվել են, սակայն որեւէ քննչական գործողություն, ըստ էության, չի կատարվում. Քրեական գործերով որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, անգամ զրպարտությունից տուժած դատավորները տուժող չեն ճանաչվել:

Հիշեցնենք, որ քրեական գործերը հարուցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18-ի որոշումից հետո:

Նախ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատավոր Դավիթ Գրիգորյանին սոցիալական ցանցում մեղադրեց կոռուպցիայի մեջ, ինչին անմիջապես արձագանքեց դատավորն ու հաղորդում ներկայացրեց, որ ստուգեն փաստաբանի հայտնած տվյալները ու կամ իրեն մեղադրանք առաջադրեն` կաշառակերության համար, կամ փաստաբանին` սուտ մատնության:

Ինչպես գիտենք` կաշառքը չի հիմնավորվել ու դատավորին նման մեղադրանք չի առաջադրվել, բայց դատավորին վարկաբեկելու համար փաստաբանի գործողություններն գնահատական չի տրվել:

Մյուս դրվագը վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանին, Մխիթար Պապոյանին ու դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ` խնդրելով տեղեկություններ տրամադրել քրեական գործհ նախաքննության արդյունքների, կատարվող քննչական գործողությունների մասին, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Աղաջանյանի ստորագրությամբ ստացված պատասխանում մերժվել էր տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով, թե վերոնշյալ քրեական գործով «տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ՝ ելնելով նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության ապահովման նպատակառումներից»։

Նկատենք, որ այս քրեական գործերի նկատմամբ ԱԱԾ-ն ցուցաբերում է առանձնահատում գաղտնիություն: Անցած ամիսներին մենք մի քանի անգամ դիմել ենք հարցմամբ` հանրության ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործի քննության արդյունքների մասին տեղեկություն ստանալու համար, սակայ. ԱԱԾ-ն մշտապես խուսափում է տվյալ գործերի վերաբորյալ տեղեկատվության տրամադրումից: Տպավորությունն այն է, որ քննությունը մատնված է անգործության, ինչը քողարկելու համար պարզապես այն պարուրել են խորհրդավոր լռությամբ: Հետաքրքիրն այն է, որ թե փաստաբանի ու թե «Վանոյի Արտակի» զրպարտություններից տուժած դատավորները եւս տեղյակ չեն քննությունից, քանի որ այս անցած ամիսներին անգամ նրանք չեն հարցաքննվել:

Բացառված չէ, որ քրեական գործերը նաեւ կարճվել են, պարզապես այդ մասին չեն հրապարակում, որպեսզի շարունակեն նշված դատավորների ձեռքերը կապած պահել, կամ էլ պարզապես չեն կարճում նույն նպատակներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ