27 11 2019

Ձեռքներդ հեռո՛ւ ազատ խոսքից․ «Հրապարակ»

Ձեռքներդ հեռո՛ւ ազատ խոսքից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է․ «Ցանկացած երկրի ողնաշարը, առաջադիմության գրավականը, ժողովրդավարության ցուցիչն ազատ խոսքն է, ավելի ճիշտ՝ խոսքի ազատության սահմաններն ու պաշտպանվածությունը։ Ազատ խոսք՝ շարքային քաղաքացու արտահայտվելու հնարավորության, եւ ազատ խոսք՝ մամուլի ազատության իմաստով։ Եթե տվյալ երկրում մարդը չի վախենում քննադատել ուժեղներին- հարուստներին, եւ լրագրողն էլ կարողանում է ազատորեն՝ առանց կաշկանդվելու ու վախի իր տեսածն ու զգացածը հանձնել թղթին, ուրեմն կարող ենք արձանագրել, որ այդ երկրում կա ազատ խոսք։

Բայց այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, որ տեղից ելնողը հանդես է գալիս որպես ազատ խոսքի գիտակ, տեսակետ է հայտնում, քննադատում մամուլն ու լրագրողներին սովորեցնում հոդված գրել՝ չնկատելով անգամ, որ խախտում է ազատ խոսքի սահմաններն ու մարդկային հարաբերությունների կանոնները։ Չնկատելով ու չհասկանալով, որ սա մի ոլորտ է, որի մասին խոսելիս պետք է տարրական գիտելիքներ ունենաս, պատկերացնես այդ ոլորտը, կյանքումդ մի քանի հոդված գրած լինես եւ լրագրողական ձայնագրիչ բռնած լինես։ Որովհետեւ մամուլն ու լրատվությունը նույնքան պրոֆեսիոնալ ոլորտ է, որքան առողջապահությունն ու մանկավարժությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Այնպես, ինչպես, ասենք, եթե լրագրողները սկսեին ոչխարաբույծներին խորհուրդ տալ, թե ինչպես խուզեն ոչխարներին, կամ հոգեբույժներին սովորեցնեին՝ ինչպես բուժել սոմատիկ հոգեկան խանգարումները։ Եվ հիմա, երբ մի չկայացած լրագրող, որը բարձր պաշտոն է զբաղեցնում կամ պառլամենտական է եւ խոսում է ազատ խոսքից ու լրագրողներից, սարսափում ես, թե ինչքան է ետ շպրտվել մեր երկիրը պրոֆեսիոնալիզմի առումով, եւ ինչպես են դիլետանտները գրավել ամեն ինչ, եւ ինչքան դատավոր է հայտնվել մեզանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ