20 08 2023

Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համերգները չեղարկվել են․ պատճառը իշխանություններին քննադատելն է

Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համերգները չեղարկվել են․ պատճառը իշխանություններին քննադատելն է

168.am-ի հետ զրույցում «Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասել է, որ իշխանություններին քննադատելուց հետո, իր 5-6 համերգները չեղարկվել են։ «Համերգ էի դրել Ջերմուկում՝ ծիրանի փառատոնի ժամանակ, այսինքն՝ ես էլ համար ունեի ու պետք է ելույթ ունենայի, սակայն փառատոնից մեկ շաբաթ առաջ զանգահարեցին ու ասացին, որ իմ համարը հանում են։ Բայց մինչ այդ կազմակերպիչները զանգել ու խնդրել էին, որ ես էլ ելույթ ունենամ։

Հարցրեցի՝ ո՞վ, իրենք այդպես էլ չպատասխանեցին։ Ինձ ասում են, թե ձեր անվտանգությունը չենք կարող ապահովել, այ քեզ բան, ասում են, որ կարող է բեմերից ինչ-որ բան խոսեմ։ Ստացվում է, որ ես այդքան զորեղ մարդ եմ դարձել և եթե բեմերից էլ խոսում եմ, ուրեմն՝ դուք եք թույլ տալիս, որ ես խոսում եմ։ Աշտարակում, Իջևանում էլ կար համերգ, կրկին հանեցին։ Ես ի՞նչ եմ ասում իշխանություններին, ասում եմ՝ օրենքո՞վ եք առաջնորդվում, ուրեմն՝ ես այդ օրենքի մեջ եմ»,- նշել է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Ըստ նրա՝ իշխանություններից իր միակ պահանջն այն է եղել, որ փրկեն իր տունը՝ մշակութային օջախը, այդ պահանջից հետո էլ փորձում են իր խոսքը ցանկացած տեղում արգելել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ