16 11 2019

Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ որպես Փաշինյանի դռանը կանգնած ցերբեր. «Հրապարակ»

Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ը՝ որպես Փաշինյանի դռանը կանգնած ցերբեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավարը՝ Հովհաննես Մովսիսյանը, որպես լրագրող, «Ինտերնյուսի» «Մենք ենք» հավակնոտ հաղորդաշարից ու ազատական «Մաքսլիբերթիից» է ծնունդ առել։ Բայց պաշտոնավարման  մեկ տարում նա արագ վերածվեց հակալրագրողի։ Այդ կարծիքին ենք հանգել՝ հետևելով ՊՈԱԿ-ի գործառույթների «էվոլյուցիային»։

Նիկոլ Փաշինյանից առաջ Մելիք-Ադամյանում՝ ՀՀ կառավարությունում գործող ՊՈԱԿ-ը վարչապետի համար մամուլի ուշագրավ հրապարակումների ծաղկաքաղ էր անում և դնում նրա սեղանին։ Հովհաննես Մովսիսյանի կառույցն ընդլայնեց «օգտատերերի» շրջանակը։ Ամեն առավոտ ՊՈԱԿ-ի աշխատողները մամուլ ու ՖԲ ժապավեն են կոնսպեկտավորում ու ուղարկում կառավարության տարբեր օղակներին՝ թեթևացնելով մամուլի պատասխանատուների առանց այն էլ թեթև կյանքը։  

Հետո ՊՈԱԿ-ում հասկացան, որ կարող են ոչ միայն նյութ հավաքող ու տարածող գործիք լինել, այլև՝ հակադարձել մամուլին, հերքումներ հավաքել կառավարական կաբինետներից և տարածել կառավարության մանր ու մեծ օղակների ղեկավարներին, այսպես ասած՝ պաշտպանելով մամուլի հարձակումներից։

Ի վերջո, ՊՈԱԿ-ը լրատվամիջոց՝ կայք բացեց՝ infocheck.am, որի լրիվ անվանումն է՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»։  Infocheck-ը յուրօրինակ «լավ թերթ» է, որտեղ միայն լավ, «կառավարահաճո» նորություններ են գրում, այլ կերպ ասած՝ «չ-թերթ»։ Այստեղ  պաշտոնյաները կարող են անսահմանափակ քանակությամբ հերքումներ տպել ու իրենց գրած հերքումներն իրենք էլ կարդալ։ Թեմաները տարբեր են՝ Փաշինյանի հոգեկան առողջությունից մինչև որևէ նախարարի վերաբերող տեղեկություն։ Օրինակ, վերջերս մի կորած-մոլորած կայք տպագրել էր մի ֆեյք փաստաթուղթ, թե, իբր, Կրասնոդարի հոգեբուժարանից Նիկոլ Փաշինյանին գժի թուղթ են տվել։ Հովհաննես Մովսիսյանի կայքը հերքեց Փաշինյանի գիժ լինելու մասին տվյալները՝ պաշտոնապես հայտնելով․ «Հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ»։ Ավելի վաղ գրել էր, որ «Հուզանք ու զանգը»  ԼԳԲՏ և սատանիստական քարոզ չէ, այլ 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլք)՝ ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ, Արփի լիճն էլ ոչ թե ցամաքել է, և «լճում մնացել է ընդամենը 5 միլիոն խորանարդ մետր ջուր», ինչպես հայտնում էր Հայ բնապահպանական ճակատը, այլ որ Ջրային կոմիտեն է իջեցրել լճի մակարդակը «մեռյալ ծավալի», որ տեխնիկական հանգույցներն ուսումնասիրի։

Առհասարակ, կառավարության այս «չ-թերթը» կարդալով՝ կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է կատարվում իշխանափոխված Հայաստանում։ Դրա համար ընդամենը պետք է բոլոր նյութերից հանել «չ» մասնիկը։ «Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով չէր մեկնել Արցախ՝ մասնակցելու հարսանիքի», «Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքին վիճաբանություն տեղի չի ունեցել», «ԵԱՏՄ նիստի համար ձեռք բերված մեքենաները Աննա Հակոբյանին չեն սպասարկել», ««Հայոց լեզու» առարկան բուհերից չի հանվել», ««Perfect TV» յութուբյան էջը կեղծ չէ և չի ֆինանսավորվում Նիկոլ Փաշինյանի կողմից» և այլն։  Հերքումները մի ընդհանուր հարթակում տեղավորելու կառավարության ցանկությունն ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ, ինչպես հայտնի է, ԶԼՄ-ները մեծ դժկամությամբ են հերքումներ տպում, իսկ եթե տպում են, ապա ոչ չինովնիկների սրտին հաճո տեքստերով։ Բայց վերջերս ՊՈԱԿ-ն իրեն իրավունք է վերապահում ոչ միայն ինչ-որ փաստեր ու տեղեկություններ հերքել, այլև դասախոսություններ կարդալ լրագրողների համար, գնահատել նրանց աշխատանքը, սովորեցնել, թե ինչ գրել ու ինչպես։  

«Տեղեկատվական հարթակներում, սոցիալական ցանցերում և մամուլում սինքրոնացված գործում են մի շարք լրատվական կայքեր, որոնք ամենօրյա ռեժիմով կեղծ տեղեկություններ են ստեղծում ու տարածում գործող վարչակազմի մասին, մտնում են անձնական դաշտ, վարկաբեկում են ընտանիքներին ու երեխաներին»,- կարդում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։ Այնուհետև՝ սարսափազդու երաժշտության ներքո տեղադրված է ՖԲ անցանկալի օգտատերերի անվանական ցուցակ, էջեր, որոնք հանդգնում են կառավարության տեսակետներին հակառակ հրապարակումներ անել՝ «Ապրենք Խելքով», Արմեն Հակոբյան, «Նիկա Նիկա», Իրեն Կազարյանց, Հովիկ Վանյան, Ռոբերտ Անանյան, Կարինե Կարապետյան, Վով Մարտիրոսյան և այլք։ Սրանք արդեն պիտակավորված անձինք են, որոնց վրա կառավարական մարմինը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, սլաքներն է ուղղում՝ ակնհայտորեն չարաշահելով իր լիազորությունները։

Նույնիսկ «Մեդիագրագիտություն» բաժին են ստեղծել, որով քաղաքացիներին փորձում են դաս տալ, թե ինչպես հեռու մնալ կեղծ տեղեկատվության ազդեցությունից։ «Խայծ (bait) պարունակող վերնագրերը հաճախ ճշմարտությունը ներկայացնում են աղավաղված կամ ընդհանրապես կեղծված։ Այս առումով կարևոր է տարանջատել քլիքբեյթ նյութերը սովորական լրատվությունից»,- ուսուցանում է ՊՈԱԿ-ը infocheck.am-ում։ Միաժամանակ, չի նկատում «հեղափոխական» ֆեյքերի բանակը, որոնք իրենց զուգարանակոնքերի վրա նստած՝ ցածրաճաշակ ու հայհոյախառն տեսանյութեր են տեղադրում youtube-ում՝ սարսափազդու ձայնով ատելություն ու անհանդուրժողականություն սփռելով։ Նրանք հաճախ 100 հազարից անցնող դիտումներ ունեն, սակայն Հովհաննես Մովսիսյանի կայքը խաղաղ գոյակցում է նմանատիպ երևույթների հետ և չի փորձում մի թթու խոսք հնչեցնել նրանց հասցեին։ Ահա ինչու հանրությունը պարբերաբար կասկածներ է ունենում, որ այդ ֆեյքերը խրախուսվում և ֆինանսավորվում են ՀՀ կառավարության և մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի կողմից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ