16 11 2019

Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին․ 168.am

Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին․ 168.am

168.am-ը գրում է․ «ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների հարցին վերաբերող բանաձևին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը, որին, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանից բացի, դեմ են քվեարկել ևս 22 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։

Հայաստանի նման քվեարկությունը Ղրիմի հարցով բանաձևին ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն: Հայաստանը վերջին տարիներին նմանատիպ գրեթե բոլոր բանաձևերին դեմ է քվեարկել, բնականաբար, ելնելով ոչ թե սեփական շահերից, այլ Ռուսաստանին դուր գալու մղումից: Հայաստանը նման կերպ էր քվեարկում նախկին իշխանության ժամանակաշրջանում՝ արժանանալով երբեմնի ընդդիմադիր՝ այսօրվա իշխանությունների քննադատությանը: Բայց իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների «քիմիան», և հիմա Հայաստանը վարում է շատ ավելի ռուսամետ, ռուսահպատակ քաղաքականություն, քան երբևէ:

Խնդիրը, սակայն, միայն Ռուսաստանը չէ: Իրականում նման քվեարկություններով Հայաստանը, հանուն Ռուսաստանի, նպաստում է սեփական մեկուսացմանը, որն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, սակայն ամենաառարկայականը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշխարհի վերաբերմունքի տեսքով: Նման բանաձևերն իրականում անուղղակիորեն դիրքավորում են երկրներին, և Հայաստանը, ինչպես միշտ, դիրքավորվում է Ռուսաստանի կողքին՝ արժանանալով, առաջին հերթին՝ Արևմուտքի համապատասխան վերաբերմունքին:

Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հերթական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա նրան ներկայացնելու Հայաստանի հերթական ծառայության մասին վկայությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը գուցե գոհունակությամբ ժպտա, բացառված չէ անգամ, որ բարեկամաբար թփթփացնի Նիկոլ Փաշինյանի ուսին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ