14 11 2019

Մեր քաղաքական դաշտը գողականից շատ չի տարբերվում․ «Հրապարակ»

Մեր քաղաքական դաշտը գողականից շատ չի տարբերվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքականությամբ զբաղվելը խաղուպար չէ։ Չարաչար սխալվում էր Հովիկ Աբրահամյանը, երբ ասում էր, որ դրա համար մեծ խելք պետք չէ։ Քաղաքականությամբ զբաղվելը ոչ միայն մեծ խելք, քաղաքական հոտառություն, լայն տեսահորիզոն ու գիտելիքներ է պահանջում, այլեւ մանկուց ստացած լավ դաստիարակություն, էթիկետի, հանրային շփման, կիրթ պահվածքի ու խոսքի կուլտուրա։ Անշուշտ, կարող է վատ կրթված ու թերի դաստիարակությամբ մարդը եւս դառնալ քաղաքական գործիչ։ Բայց նման գործիչներն են նաեւ պատճառը, որ մեր քաղաքական դաշտը գողականից շատ չի տարբերվում, եւ աճող սերունդն էլ աչքի առաջ ընդօրինակման ենթակա կերպարներ չի տեսնում։

Դա է պատճառը, որ համեստ ու ամաչկոտ տղան պատգամավորի մանդատ ստանալով՝ հանկարծ սկսում է իրենց քննադատողներին դիմել մի խայտառակ տեքստով՝ «պարոնայք պառազիտներ, խորհուրդ եմ տալիս վալերյանկա գնել» եւ քաղաքական հակառակորդների հասցեին օգտագործում է «հոգեխանգարմունք» բառը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հասցեին օգտագործում էին ՀՀԿ-ականները՝ ծանր 2008 թվականին։ Կրթության եւ դաստիարակության պակասն է պատճառը, որ մեկ ուրիշ մանդատավոր, որը ժամանակին տարբեր լրատվամիջոցների էր թղթակցում, ընդ որում՝ բոլորովին էլ որակյալ լրագրողական աշխատանք չէր կատարում, իր նախկին գործընկերներին արհամարհանքով է վերաբերվում եւ իրենց քննադատող տպագիր լրատվամիջոցների մասին օգտագործում է «թերթոններ» որակումը։

Կայծակնային արագությամբ մեծամտանալն է, թերեւս, պատճառը, որ որոշ անձինք, որոնք երազում էին երբեւէ ձեռքով բարեւել որեւէ թերթի խմբագրի կամ արժանանալ հայտնի լրագրողների հպանցիկ ուշադրությանը՝ գեթ մեկ անգամ հայտնվելով թերթի էջերում, պաշտոն ստանալուց հետո ողջ օրը բամբասում են այդ թերթերից ու լրագրողներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ