«Իրատես»-ը գրում է․ «Ամիսներ առաջ, երբ «Պարտադրում են «մուծվել» վերտառությամբ հոդված էինք տպագրել Աննա Հակոբյանի հիմնադրամներին փոխանցվող կլորիկ գումարների «ծագումնաբանության» մասին, տիկինը վրդովվել էր ու այն համարել «նախկին կոռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդու պատվիրած լուր՝ կլորիկ գումարի դիմաց»։
Այս արձագանքը հիշեցինք, երբ պարզվեց, որ այսօր Աննա Հակոբյանը մի «չնաշխարհիկ» մուծման նոր մեթոդ է մտածել։ Իշխանության սիրած «Դվին» համալիրում այսօր երեկոյան տիկին Աննան բարեգործական ընթրիքի է հրավիրել երկրի ունևորներին և որոշել ըստ «մուծվող» գումարի չափի նրանց «տեսակավորել»։ Ժողովրդական լեզվով ասած, ում շնորհքն ինչքան կհերիքի։
Օրինակ, եթե ուզում եք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործընկեր «կարգվել», պիտի պարտադրված մուծեք 200 հազար դրամ, ոչ մի կոպեկ պակաս։ «Բարեկամի» դեպքում՝ 500 հազար դրամ, «Բարերարի» կարգավիճակը բարձրանում է կրկնակի վճարելով՝ 1 մլն դրամ և ավելի, հենց այնպես «Հովանավորը»՝ 5 մլն և ավելի դրամ, իսկ պատվավոր դափնիները վերապահված են «Միջոցառման հովանավորին»՝ 10 մլն և ավելի դրամ։
Սա էլ մենք չենք գրում, վարչապետի կինն է հայտարարել մի դրամահավաքի մասին, որտեղ անգամ պարտադրանքը շատ մեղմ է հնչում։ Հայաստանի այսօրվա պայմաններում, երբ շատ հեշտ է այս կամ այն մարդու վրա գործ կարել, պատկերացնու՞մ եք ինչ կարող է լինել, եթե, օրինակ, մի մեծահարուստից ոչ միայն «Բարերար» հնարավոր չլինի «քամել», այլև «Գործընկեր»։
Իսկ եթե ժամանակին ճիշտ կողմնորոշված մեծահարուստը, այս անգամ էլ պահը որսալով, «Միջոցառման հովանավոր» դառնա, հասկանալի է, չէ՞, թե հերթական ինչ «քարտ-բլանշ» է ստանալու։Բայց կա գրված ու չգրված մի կանոն՝ բարեգործությունը պարտադրված չի լինում, ոչ էլ ցուցադրական, առավել ևս, գումարային կամ տիտղոսային։ Սա կարգավիճակ չունեցող մարդկանց պարագայում է անընդունելի, ուր մնաց երկրի վարչապետի կնոջ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը