«168 Ժամ»-ը գրում է․ «2018 թ. ՀՀ կառավարության կազմը ներկայացնելիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանը վստահության քվե էր խնդրում հանրությունից՝ «թողեք աշխատենք» կարգախոսը թափահարելով:Ի սկզբանե պարզ էր, որ թավշյա կադրերը կաղում են բանիմացության տեսանկյունից, չունեն փորձ և կառավարման ձիրք, սակայն դրանք միայն ծաղիկներն էին՝ հետագա զարգացումների տեսանկյունից: Անցած 1,5 տարվա ընթացքում պարզվեց, որ կառավարության կադրերը ծույլ են, շատ հաճախ լրիվ անտեղյակ իրենց ոլորտներից, պարզվեց նաև, որ նրանցից շատերը սորոսյան գրանտների ակտիվ սպառողներ են, կասկածելի քաղաքական հայրերով:
Նիկոլյան կառավարչական գվարդիայի առաջամարտիկներից է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը: Տվյալ տխրահռչակ անձը, ով աչքի ընկավ ուսուցիչների և տնօրենների չստացված տեռորով, փաստացի վերածվել է սուպերնախարարի և «ղեկավարում է» ոլորտներ, որոնցից բացարձակապես գլուխ չի հանում: Արդեն իսկ նրա ձեռամբ դպրոցական կրթական ծրագրերից դուրս է մնացել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Դրա փոխարեն՝ թավշյա կադրն իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք» կանգնելը: Սույն պաշտոնյան վերջերս աչքի ընկավ արդեն իսկ հայտնի նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է բուհական պարտադիր կրթական ծրագրերից դուրս թողնել «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները: Ըստ նախաձեռնող կողմի՝ առաջարկվում է տվյալ առարկաները թողնել որպես ընտրովի դասընթացներ, և ուսումնառել ուսանողի ցանկության դեպքում: Հիմնավորումն այն է, որ տվյալ դասաժամերը կարող են օգտագործվել, այսպես ասած, մասնագիտական առարկաների համար:
Երևույթի տհաճությունը կայանում է նրանում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես անբարյացակամ վերաբերմունք է դրսևորում սեփական պետության և ազգի պատմության ու լեզվի նկատմամբ:
Ստացվում է այնպես, որ 21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր: Դեռևս խորհրդային իշխանության օրոք հայկական կրթական համակարգը միասնական կրթության մի մաս էր, սակայն աչքի էր ընկնում իր յուրահատուկ, ազգային բնութագրով և բովանդակությամբ:Ակադեմիական կրթության տեսանկյունից խիստ էական է մասնագիտական լեզվական իմացությունը: Մասնագիտական լեզվաոճական նրբությունները, գիտական մտքի և շարադրանքի ճիշտ ու հայեցի ձևակերպումները կազմում են ապագա մասնագետի որակական պատրաստվածության խիստ կարևոր բաղադրիչը: Ուստի բուհական ծրագրում հայոց լեզվի առարկայական դասաժամերը կարող են ոչ թե ուղղակի կրկնել դպրոցական ծրագիրը, այլ նպաստել ապագա մասնագետի գործիմացության ձևավորմանը:
Նույնական խնդիր կա նաև հայոց պատմության դեպքում: Յուրաքանչյուր մասնագիտություն կարող է ուսումնասիրել տվյալ ոլորտում հայկական ժառանգության պատմությունը փիլիսոփայությունից մինչև բնագիտություն, հասարակագիտությունից մինչև Աստվածաբանություն, և այլն: Ներկայացվող հիմնավորումը, ըստ որի՝ ի՞նչ կարիք կա նորից կրկնել հայոց դինաստիաների ժամանակագրությունը, առնվազն անգործությունը ծածկելու ճիգ է, քանի որ նախարարության խնդիրն է առաջարկվող խնդիրներին տալ լուծումներ, այլ ոչ թե դրանք անբանության հետևանքով լուծարել:
Պետք է նշել, որ տվյալ թեման առաջ բերեց նաև այլ շահարկումներ ևս: Ինչպես միշտ, առիթից օգտվեցին Հայաստանում հակառուսականությունն իրենց համար փեշակ դարձրածները: Որոշ շրջանակներից նույնիսկ առաջարկներ հնչեցին ծրագրային ծածկույթից հանել նաև ռուսաց լեզուն՝ պատճառաբանելով, որ այն նախկին կայսրությունից մեզ մնացած ռուդիմենտ է: Այս թեզի հեղինակները գտնում են, որ ռուսերենը՝ որպես օտար լեզու, քիչ կարևոր է և ոչ պարտադիր ուսումնառության համար: Եվ սա այն դեպքում, երբ մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նման կառույցներում և հանդիսանում ենք Ռուսաստանի դաշնակիցը: Նման տեսակետ պնդողները երևի մի պահ մոռացել են նաև ՀՀ-ից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիան»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը