30 10 2019

Հոռետեսի ու լավատեսի տարբերությունը․ «Հրապարակ»

Հոռետեսի ու լավատեսի տարբերությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հոռետեսի ու լավատեսի տարբերության մասին հայտնի արտահայտությունը հենց մեզ՝ հայերիս է վերաբերում։ Նույն կիսատ բաժակը մեզնից մեկը տեսնում է կիսով չափ լիքը, մյուսը՝ կիսով չափ դատարկ։ Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը (տես էջ 5) իրարամերժ արձագանքների էր արժանացել՝ իշխանության ներկայացուցիչները ցնծում էին, թե հենց սա էինք ուզում, որ հայտարարի միջազգային հեղինակավոր կառույցը, իսկ ընդդիմությունը ցնծում էր, թե սա իսկական ապտակ էր եւ նախազգուշացում չափը կորցրած իշխանություններին։

Միանգամայն նույնկերպ, երբ վարչապետ Փաշինյանն այցելում է մարզեր, եւ մարդիկ ձգտում են մոտենալ, շոշափել նրան, հետը սելֆի անել, թուշը պաչել, իշխանության ներկայացուցիչները հուզմունքից կարկամում են եւ մտածում, որ ողջ Հայաստանը սիրում-պաշտում է իրենց ղեկավարին, ու եթե նոր ընտրություններ լինեն, ոչ թե 80 տոկոս, այլ մի բան էլ ավելի կհավաքի «Քաղպայմանագիրը»։

Բայց այդ տեսարանները դիտող ընդդիմությունն ու պրագմատիկ մարդիկ հասկանում են, որ մեր ժողովուրդը «սիրում» է գրեթե բոլոր իշխանավորներին, իսկ թուշը պաչելը, սելֆի անելն ու օրհնանքները բոլորովին կապ չունեն նրա իրական վերաբերմունքի, առավել եւս՝ քվեախցիկում կատարելիք ընտրության հետ։ Նրանք Նիկոլ Փաշինյանի հայտնվելուց ուրախանում են այնպես, ինչպես կուրախանային, եթե սիրելի մուլտհերոս «նու պագադիին» կամ «Երաժշտական փոստարկղը» վարող Սուսաննա Շահինյանին տեսնեին իրենց թաղում։ Վերադառնալով հոռետեսի ու լավատեսի տարբերությանը․ հարուցվող քրեական գործերի տարափն էլ հանրության մի հատվածը գնահատում է որպես քաղաքական հետապնդում ու 37 թիվ, իսկ իշխանամետ զանգվածը՝ որպես արդարության հաղթանակ, արդար դատաստան եւ իրենցից գողացված փողերի վերադարձ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ