30 10 2019

ՀՀ իշխանությունը քաղաքական առևտուր է առաջարկում եվրոպացիներին. «Փաստ»

ՀՀ իշխանությունը քաղաքական առևտուր է առաջարկում եվրոպացիներին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ 

Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում, քանի որ կոնվենցիայում ամփոփված են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելության խնդիրներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում են ընտանիքի մասին մեր ավանդական պատկերացումներին և արժեհամակարգին։ 

Ակնհայտ դարձավ այն իրողությունը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Եվ պատահական չէ, որ մեծ թվով քաղաքացիներ միացան ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին։

Բացի այդ, իշխանական պատգամավորներից շատերն արտահայտեցին այնպիսի դիրքորոշում, որ իրենք ևս դեմ են կոնվենցիայի վավերացմանը։ 

Իսկ որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, թե Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած որոշակի դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ 

Նմանատիպ նախադեպ կա, երբ կոնվենցիան մերժվել է Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ, օրինակ՝ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ուղղված հուժկու ալիքից հետո միայն իշխանությունները որոշեցին, որ այս տարի կոնվենցիայի վավերացման հարց խորհրդարանում չի դրվի, և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց այդ մասին, բայց սա դեռևս չէր նշանակում, թե իշխանությունները 

վերջնականապես հրաժարվում են այն վավերացնելու իրենց մտադրությունից։ 

Պարզապես նրանք ժամանակ են շահում:

Եվ չի կարելի պատահական համարել այս օրերին տեղեկությունների շրջանառումը, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա արագացված կարգով նաև ԱԺ լիագումար նիստում։

Այս պարագայում հանրության համար հարցական է մնում այն, թե ինչու են ներկայիս իշխանություններն այդքան շահագրգռված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որին հասարակությունը դեմ է։ 

Ըստ երևույթին, իշխանության շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական գործոնով. վավերացման միջոցով նրանք մտադիր են եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալ, և մամուլում էլ գրվեց, որ միայն Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչության համար տրամադրվել է 600.000 եվրո դրամաշնորհ։

Իշխանությունների մյուս շահագրգռվածությունը քաղաքական դիվիդենտներով է պայմանավորված։ 

Այսինքն՝ կոնվենցիայի վավերացման դիմաց իշխանությունները հույս ունեն, որ եվրոպական կառույցները աչք կփակեն ժողովրդավարությանը հակասող իրենց գործողությունների վրա, ինչպես, օրինակ՝ դատարանների նկատմամբ ճնշումներն ու քաղաքական հետապնդումներն են:

Մամուլում տեղեկություններ կան, որ օրերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ 

Եվ Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: 

Ըստ Միրզոյանի՝ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, միտումնավոր փորձելով շրջանցել այն թեման, որ բնակչության գերակշռող մասը թույլ չի տա, որ կոնվենցիան վավերացվի, քաղաքական առևտուր են առաջարկում եվրոպացիներին։ Եթե եվրոպացիները լուռ աջակցեն իրենց ՍԴ-ի նկատմամբ ճնշումների հարցում, ապա իրենք էլ իրենց հերթին Ստամբուլյան կոնվենցիան կմտցնեն խորհրդարանի օրակարգ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ