168.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը կվերականգնվի թատրոնի տնօրենի պաշտոնում, քանի որ դատարանը բավարարել է մաեստրոյի հայցն ամբողջությամբ։ Դատարանի որոշմամբ անվավեր է ճանաչվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը, որով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր աշխատանքից։
Դատարանը նաև թատրոնին պարտավորեցրել է հարկադիր պարապուրդի համար վճարել Կ. Օրբելյանին։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս կոնֆլիկտի պատճառով խաթարվել էր թատրոնի բնականոն աշխատանքը։ Թեև այս պահին թատրոնում դժվարանում են հաշվարկել կրած վնասների չափը, սակայն փաստ է, որ Նազենի Ղարիբյանի կամայական որոշման արդյունքում Օպերային թատրոնի բոլոր հովանավորները դադարեցրել են իրենց ֆինանսավորումը, դադարեցվել են տարբեր մեծածավալ միջոցառումների, հյուրախաղերի հետ կապված պայմանավորվածությունները։
Թատրոնում վստահ են, որ, ի վերջո, դատարանի որոշումը մեկ անգամ ևս փաստում է այն պարզ ճշմարտությունը, որ մշակույթի պատասխանատուները դեռևս շարունակում են անձնական քմահաճություններով և կամայականորեն ղեկավարել ոլորտը։ Արդյունքում՝ նմանօրինակ ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում ստիպված է լինում վճարել հարկատուն։
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դատական հայցն է, որով վիճարկվում ու բավարարվում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշումները։
Այս տարվա հուլիսին էլ դատարանը մասամբ բավարարել էր Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Գայանե Կարապետյանը հայցադիմում էր ներկայացրել իրեն աշխատանքից հեռացնելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերադառնալու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով:
168.am-ի հարցին՝ թե ինչպե՞ս է ազդել Օպերային թատրոնի գործունեության վրա Նազենի Ղարիբյանի՝ ամիսներ առաջ կայացրած որոշումը, Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց՝ երբ Նազենի Ղարիբյանի որոշմամբ փորձել են իրեն հեռացնել թատրոնի տնօրենի պաշտոնից, բոլոր հովանավորներն անմիջապես հեռացել են՝ իրենց հետ տանելով խոստացված գումարները։
«Օպերային թատրոն պահելը երկրի համար թանկ հաճույք է, այնտեղ աշխատում է 700 մարդ: Երբ ընտրվեցի տնօրեն՝ սկսեցի իմ անունն ու հեղինակությունն օգտագործել և գումարներ հայթայթել, որպեսզի կարողանամ թատրոնի խնդիրները լուծել, և այս ընթացքում դրա շնորհիվ կարողացել ենք փոխել թատրոնի լուսավորության հնացած համակարգը։ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի երաժշտական թատրոններից վարձակալել ենք «Մանոն Լեսկո» պիեսի բեմադրությունը, իսկ Մեծ թատրոնից՝ «Չիպոլինո» ներկայացման զգեստներն ու ամբողջ դեկորները»,- նշեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանը՝ հիշեցնելով, որ նախորդ մեկ տարվա ընթացքում Օպերային թարոնում տեղի է ունեցել ութ պրեմիերա։
Նա նաև հույս հայտնեց, որ նոյեմբերի 8-ից հետո, երբ վերջնական ուժի մեջ կմտնի դատարանի որոշումը, Օպերայի և բալետի թատրոնը կշարունակի իր բնականոն գործունեությունը և նորանոր ստեղծագործական հաջողություններ կգրանցի։
Մաեստրոյի խոսքով՝ այս պահին էլ Օպերային թատրոնն ունի խնդիրներ, տանիքի վերանորոգման խնդիրը չի լուծվել՝ անձրևների և ձյան տեղումների ժամանակ կաթում է, օդափոխման երկու համակարգերը կա՛մ վատ են աշխատում, կա՛մ ընդհանրապես չեն աշխատում, որի պատճառով էլ ամռանը՝ շոգ եղանակին, թատրոնը չի կարողանում աշխատել։
Լուծված չէ նաև «Օպերա» ակումբի վարձակալության հարցը։Այս բոլոր խնդիրների լուծման համար Կ. Օրբելյանն ակնկալում է նաև պատկան մարմինների աջակցությունը։
Հավելենք, որ այս ամենով հանդերձ՝ նոյեմբերին Օպերային թատրոնի խաղացանկը հագեցած է լինելու. սպասվում են մի շարք ներկայացումներ։ Թատրոնում հանդես կգա Կաունասի պետական երգչախումբը՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ կներկայացնի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։
Տեղի կունենա «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, որը Երևանում առաջին անգամ կցուցադրվի թատրոնի արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև՝ Մոցարտի «Կախարդական սրինգը»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը