«Հրապարակ»-ը գրում է․ «Մենք իշխանություն «փչացնելու» յուրօրինակ տաղանդ ունենք։ Մեծից՝ փոքր, գրագետից՝ անգրագետ, սիրո ու հարգանքի, գնահատելու եւ գովերգելու, քննադատելու ու սեւացնելու հարցում չափի զգացում չունենք։ Երբ սիրում ենք, սիրում ենք շնչահեղձ լինելու աստիճան եւ դադարում ենք նկատել մեր սիրո «օբյեկտի» սխալներն ու թերությունները։
Երբ քննադատում ենք, սկսում ենք ոչնչացնել ու սեւացնել մեր քննադատության «օբյեկտին»՝ մոռանալով նրա երբեւէ արած ամեն լավ բան։ Հաճախ հարգանքը մեզանում վերածվում է ստորաքարշության, համակրանքը՝ ավելորդ հիացմունքի, իսկ մերժումը՝ ատելության ու դիմացինին նվաստացնելու։ Այս ծայրահեղություններից խուսափելու միակ միջոցը կրթությունն ու դաստիարակությունն են, հանրային արժեքների գիտակցություն սերմանելը, սակայն դա բարդ ուղի է, եւ հախուռն ու էմոցիոնալ ազգերը նման հանգրվանի հեշտ չեն հասնում։
Այդ հանգրվանին հասնելու համար ազգի էլիտան պետք է փորձի կրթել ու հավասարակշռել հանրային էմոցիաները։ Մտավորականը պետք է զերծ մնա քծնանքի ու ատելության տեսարաններին մասնակցելուց, իսկ պետական գործիչը չպետք է հրահրի այդ տեսարանները։ Նաեւ չպետք է տրվի ցածրորակ քծնանքին ու չպետք է կոտրվի հանրային պարսավանքից։ Գրագետ մարդիկ պետք է հասկանան, որ որքան հանրային անհուն սերն է վաղանցուկ, նույնքան էլ՝ հանրային բուռն ատելությունը։ Այսօր պաշտում են, վաղը խաչին են հանելու։ Եվ այն արմավիրցին, որը վարչապետի ձեռքերն է համբուրում այսօր, վաղը հրճվելու է, երբ նրան էշաֆոտ բարձրացնեն։ Ամեն դեպքում, հասարակությանը չի կարելի մղել սիրո կամ ատելության շավիղները։ Հասարակությանը պետք է բարձրացնել ու կրթել։ Որ երբ սերն ու հարգանքն անցնեն, ատելությունը չոչնչացնի մարդուն եւ չզրկի այս հողի վրա ապրելու իրավունքից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը