«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ Փաշինյանն իշխանության հասնելու ճանապարհին էր, հայտարարում էր, թե Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Բայց եղավ լրիվ հակառակը. արդեն 6-րդ տարին է լրանում, ինչ նա իշխանության է, իսկ ատելությունը ներքաղաքական ու ներհասարակական կյանքում ուղղակի դարձել է գերիշխող։ Դագաղներով, ատելության քարոզով իշխանության եկածները առաջին իսկ օրից սկսեցին անհանդուրժողականություն սերմանել։
Իրենց հասցեին յուրաքանչյուր քննադատական, թթու խոսքի կամ այլընտրանքային կարծիքի արձագանքն իշխանավորների ու իշխանամերձ շրջանակների կողմից ատելության ու վիրավորանքի տեղատարափի տեսքով էր։ Իսկ ներքին թշնամանքի բորբոսասնկերը ամենամեծ արագությամբ տարածվեցին հենց սոցցանցերում, որտեղ իշխանության համակիրները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայհոյող ու լպիրշ կանայք, սոցցանցային տարածության մեջ իշխանություններին քննադատող անձանց ու օգտատերերին լուտանքների թիրախ էին դարձրել։
Ներքին թշնամանքը տարածվեց նաև իրական կյանքում, երբ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտը բաժանվեց սևերի ու սպիտակների, ինչի արդյունքում օրակարգից հանվեց կառուցողական և բովանդակային դիսկուրսը, և փոխարենն օրակարգ բերվեցին թշնամանքի վրա հիմնված կարծրատիպային մոտեցումները։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հանրությունը պետք է ականատես լիներ բովանդակային քննարկման, դրա փոխարեն քաղաքական հարթակում տեսնում էր փոխադարձ մեղադրանքներ և մերկապարանոց հայտարարություններ։ Իսկ գաղափարական մոտեցումն ընդհանրապես լուսանցք մղվեց։
Քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, իջեցվեց կենցաղային ու շրիշակից ցածր մակարդակի։ Բնականաբար, այսպիսի մթնոլորտը պրոյեկտվում է նաև լայն հանրային ու հասարակական շրջանակների վրա։ Եվ քաղաքացիների շրջանում ևս չկա փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն՝ մեկը մյուսին լսելու, հասկանալու, սխալներն ընդունելու կամ ուղղելու, երբ տեսակետները չեն համընկնում։ Անհամաձայնության դեպքում իսկույն սկսվում են պիտակավորումն ու փոխադարձ վիրավորանքները։ Այս ամենն էլ իր հերթին վերածվում է լեզվակռվի ու ծեծկռտուքի։ Վիճակագրությունը վկայում է, որ ավելացել են ատելության հողի վրա հանցագործությունները։ Այդպիսով Փաշինյանը հասավ իր գլխավոր նպատակին, այն է՝ թշնամացնել մարդկանց, հանրային տարբեր շրջանակների միմյանց դեմ հանել։
Ու այս համատեքստում պատահական չէ, որ ատելություն էր գեներացվում կոնկրետ Արցախի նկատմամբ, թե այն դարձել է հակահեղափոխության օջախ։ Նաև դրա պատճառով է այսօր հանրային տրամադրությունների իներտություն նկատվում այն պայմաններում, երբ թվում է՝ քաղաքացիները պետք է պահանջատեր լինեին երկիրը ներկայիս ծանր վիճակից դուրս բերելու հետ կապված։ Ու եթե իշխանություններն էլ բողոքում են, թե իրենք ևս ատելության թիրախ են դարձել, ապա դա իրենց սերմանածն է, քաղում են իրենց արածի պտուղները։ Դեռ 2018-2019 թվականներին որոշ փորձագետներ, մտավորականներ, լրատվամիջոցներ (այդ թվում՝ ոչ մեկ անգամ՝ մենք) զգուշացնում էին, որ ատելության այս քարոզը ոչ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու, այլև կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ:
Ու այնպես չէ, որ ամեն ինչ հենց այնպես անցնելու է ու գնա։ Այս իշխանությունները պատմության մեջ են մտնելու ոչ միայն երկիրը խայտառակ պարտության տանելով, անընդհատ թշնամուն զիջելով, այլև հանրության ներսում թշնամանքի ու ատելության գեներացմամբ այն աստիճանի, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տիտանական ջանքեր են անհրաժեշտ նրանց թողած բացասական ու աղետալի իրողությունների հետևանքները հաղթահարելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը