14 10 2019

Բյուջեի պերճանքն ու թշվառությունը․ 168.am

Բյուջեի պերճանքն ու թշվառությունը․ 168.am

168.am-ը գրում է․ « Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն իսկապես աննախադեպ է եկամուտների ու ծախսերի առումով։ Բայց դրանում արտառոց ոչինչ չկա։ Գրեթե ամեն տարի էլ այդպես է. նախորդի համեմատ՝ նոր բյուջեն միշտ էլ աննախադեպ է լինում, որովհետև պետության եկամուտներն ու ծախսերը տարեցտարի ավելանում են։ Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել։ Հակառակ դեպքում, ոչ թե առաջ, այլ հետ ենք գնալու։

Սակայն բյուջեի մասին դատում են ոչ թե նրանով, որ այն աննախադեպ է եկամուտների ու ծախսերի առումով, այլ առաջին հերթին՝ նրանով, թե որքանով է աննախադեպ բյուջեի եկամուտների ավելացումը։ Ահա այստեղ է, որ կաղում է 2020թ. բյուջեի նախագիծը։ Այն շատ համեստ եկամուտների, այդ թվում` հարկային եկամուտների աճ է նախատեսում։ Դրանք անհամեմատ քիչ են, քան այս տարվա ակնկալիքներն են։

Ճշգրտված պլանով 2019թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 567 մլրդ դրամ։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է այն հասցնել 1 տրիլիոն 697 մլրդ դրամի։ Տարբերությունն ընդամենը 130 մլրդ դրամ է։ Այսինքն` այս տարվա համեմատ՝ կառավարությունը նախատեսում է 2020թ. ավելի հավաքել 130 մլրդ դրամ։

Շա՞տ է, թե՞ քիչ, պետք է տեսնել համեմատության մեջ։ Իսկ համեմատությունն ամենևին էլ հաջորդ տարվա բյուջեի օգտին չէ։ Այս տարի կառավարությունն ակնկալում է 226 մլրդ դրամով ավելի բյուջեի եկամուտ ապահովել` նախորդ տարվա փաստացի կատարողականի նկատմամբ։

Հիմա տեսնենք, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում ներքին հարկային եկամուտների առումով։

Այս տարվա ճշգրտված պլանով նախատեսվում է ստանալ շուրջ 1 տրիլիոն 464 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։ Նախորդ տարվա փաստացի կատարողականի համեմատ՝  այն ավելի է 206 մլրդ դրամով։

Մինչդեռ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը նախատեսում է 1 տրիլիոն 602 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։ Այսինքն` այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ աճն ընդամենը 138 մլրդ դրամ է։

Թե ինչո՞ւ է կառավարությունը հավելյալ եկամուտների նման համեստ ցուցանիշ պլանավորել 2020թ. պետական բյուջեի նախագծում, կարող են լինել տարբեր պատճառներ։ Բայց դա նշանակում է, որ սպասելիքները հաջորդ տարվա տնտեսական զարգացումներից մեծ չեն։ Ու դրա վկայություններից մեկն էլ տնտեսական աճի այն ցուցանիշն է, որին կառավարությունը պատրաստվում է հասնել 2020թ. ընթացքում։

Այս տարի ակնկալվող 6,3 տոկոսի դիմաց՝ հաջորդ տարի կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ։ Թե այն որքանո՞վ է տեղավորվում կառավարության հայտարարած թռիչքային զարգացումների մեջ, թողնենք մի կողմ։ Բայց եկամուտների այն աճը, որ նախատեսվում է ապահովել հաջորդ տարի, շատ հեռու է հեղափոխական խոստումներից։

Թեև կառավարությանն էլ կարելի է հասկանալ։ Հաջորդ տարի այլևս չեն լինի այն հեշտ ստացվող եկամուտները, որոնք կային այս տարի։

Խոսքը, մասնավորապես, Հայաստան ներմուծված մեծաքանակ տրանսպորտային միջոցների մասին է, որի շնորհիվ հաջողվեց առնվազն կրկնակի շատ եկամուտ գեներացնել, քան ակնկալվում կամ նախատեսվում էր։

Առաջին հերթին՝ դրա արդյունք է նաև այս տարվա պետական բյուջեի եկամուտների բարձր աճը։ Բայց դա հաջորդ տարի այլևս չի լինելու։ 2020թ. տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան կտրուկ կրճատվելու է։ Կրճատվելու են նաև այդ ոլորտից ստացվող մուտքերը։ Ու դա հավանաբար սկսել է մտահոգել կառավարությանը։ Չնայած, մտահոգվելու փոխարեն, լավ կլիներ, որպեսզի կառավարությունը մտածեր այլ աղբյուրների հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնելու մասին։

Այնպես չէ, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում այլևս վերացել է։ Այս հատվածում լուրջ եկամուտներ կան, որոնք այսօր էլ շրջանցում են պետական գանձարանը։ Ստվերը Հայաստանում գնահատվում է առնվազն 20-25 տոկոսի չափով։

Եվ դրա ո՞ր մասն է կառավարությունը պատրաստվում կրճատել հաջորդ բյուջետային տարում։ Չզարմանաք, եթե ասենք, որ ընդամենը 0,3 տոկոսը։

Ահա սա է ստվերային տնտեսության դեմ պայքարի՝ կառավարության ակնկալիքը։ Այս տարի սպասվող 22,3 տոկոսի դիմաց՝ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 22,6 տոկոսի։

Անշուշտ, 0,3 տոկոսանոցը ստվերային տնտեսության դեմ պայքարի այն առաջադիմական քայլը չէ, ինչը ժամանակին խոստանում էր քաղաքական իշխանությունը։ Այն ոչնչով չի տարբերվում նախկինների խոստումներից։

2020թ. բյուջետային եկամուտների առումով իրականում գործ ունենք թերարժևորված բյուջեի հետ։

Այս բյուջեի միակ լուսավոր կետը, թերևս, այն է, որ ավելացել են կապիտալ ծախսերը։ Որ վերջապես կառավարությունը հասկացել է, թե որ ուղղությամբ պետք է գնալ, որպեսզի հնարավոր լինի կայուն հիմքեր ստեղծել երկարաժամկետ տնտեսական աճի համար։

Չնայած դեռ հարց է, թե որքանո՞վ հնարավոր կլինի կատարել այդ ծախսերը։ Իշխանափոխությունից հետո կառավարությունը լուրջ խնդիր ունի կապիտալ ծախսերի իրականացման հետ կապված։ Երկրորդ տարին անընդմեջ դրանք թերակատարվում են։ Ու փոխարենը քայլեր անելու` պատճառները վերացնելու համար, կառավարությունն անընդհատ փորձում է արդարացումներ գտնել` մեղադրելով նախկիններին։ Մինչդեռ, վաղուց ժամանակ է մոռանալ նախկիններին և գործով զբաղվել։ Մեկուկես տարին բավարար ժամանակ էր նախկինների թերությունները վերացնելու ու նման խնդիրների առջև չկանգնելու համար։

Սոցիալական առումով 2020թ. բյուջեն ոչ միայն չի տեղավորվում հասարակության այն ակնկալիքների մեջ, որոնք կային իշխանափոխությունից, այլև անգամ նման հույսեր չի պարունակում։ Միակ քիչ թե շատ տեսանելի քայլն այս ոլորտում կենսաթոշակների սպասվող 10 տոկոսանոց բարձրացումն է։ Այն, իհարկե, բյուջեի վրա կնստի 40 մլրդ դրամ։ Բայց դա, բնականաբար, կենսաթոշակառուներին քիչ է հետաքրքրում։ Նրանք կառավարությունից սպասում են իրենց սոցիալական վիճակի բարելավում, ինչը խոստացել էին իշխանափոխության ժամանակ։ Այնպես, ինչպես խոստացել էին հասարակության նաև մյուս շերտերին, որոնք, սակայն, դեռ երկար պիտի սպասեն այդ խոստումների կատարմանը։ Եթե իհարկե, դրանք երբևէ կատարվեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ