10 10 2019

Պետական այրերի և սովորական «ֆեյսբուքահայերի» տարբերությունը․ «Առավոտ»

Պետական այրերի և սովորական «ֆեյսբուքահայերի» տարբերությունը․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք խոստանում են դրամատիկ լինել, քանի որ երկրորդ հայկական հանրապետությունում թե՛ քաղաքական իրավիճակը և թե՛ օրենքը գրեթե բացառում են ներկայիս իշխանության վերարտադրությունը: Ինչ էլ ասենք «Արցախի ներքին գործերին չխառնվելու» մասին, 2020 թվականին ձևավորվող իշխանությունը պետք է սերտ և արդյունավետ համագործակցության մեջ լինի Հայաստանի ղեկավարության հետ:Այսօրվա մեր իշխանության հետ դժվար թե ներդաշնակ լինեն գեներալներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:

Վերջինիս քննադատությունը Փաշինյանի կառավարության հասցեին՝ գնալով ավելի ու ավելի կոշտ է դառնում և, ըստ էության, կրկնում է 28 տարվա ընթացքում բոլոր ընդդիմադիրների ասածները՝ վայ, կործանվում ենք, վայ, անդունդի եզրին ենք, կան նաև արտահայտություններ, որոնք, ցանկության դեպքում, կարելի է մեկնաբանել որպես սպառնալիք:

Այդ քննադատությանը պատասխանելու «բեռը» դարձյալ իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նորից կրկնեմ. բարձրաստիճան պետական այրերի և քաղաքական գործիչների խոսքը, իմ կարծիքով, պետք է ավելի զուսպ և հավասարակշիռ լինի, քան սոցցանցերի «սովորական բնակիչներինը»:

Վստահ եմ, որ ԱԽ քարտուղարը, ինչպես նաև վարչապետը պետք է օրինակ ծառայեն շարքային «ֆեյսբուքահայերի» համար՝ զերծ մնալով «աղբանոց» (ոչ ուղիղ իմաստով) կամ, ասենք, «վնգստալ» (մարդկանց հանդեպ կիրառությամբ) բառերից:

Ինչ մնում է Սամվել Բաբայանին, ապա նա, կարծես, ԼՂՀ նախագահ դառնալու հավակնությունների մասին պաշտոնապես չի հայտնել, բայց եթե հայտնի, չեմ կարծում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը դրանից շատ կուրախանա: Սակայն անկախ այս բոլոր հանգամանքներից, նախկին դաշտային հրամատարների ժամանակը ՀՀ և ԼՂ պետական բարձր պաշտոններում, ըստ իս, անցել է. պատերազմի ժամանակ շատ բաներ «կարելի էր», իսկ հիմա, պետության տեսանկյունից, հակացուցված է: Հայտնի թեկնածուներից մնացին Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Բայց Արցախի նախկին վարչապետը բիզնեսմեն է, ոմանք ասում են նաև, ԼՂ մասշտաբով՝ օլիգարխ: Անկախ նրանից, թե որքանով են նրա բիզնեսի մասին պատմությունները ճիշտ կամ սխալ, գործարարները հայկական պետություններում չափազանց խոցելի են և զուտ քաղաքական դաշտում միանշանակ չեն ընկալվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ