01 10 2019

Նախարարն արտոնություններ է խոստանում «լավ դատավորներին»․ «Հրապարակ»

Նախարարն արտոնություններ է խոստանում «լավ դատավորներին»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 27-ին Հանրային խորհրդի կազմակերպած համաժողովի ընթացքում, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, տարօրինակ մտքեր է արտահայտել։ «Այն դատավորները, որոնք  բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաեւ նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում, այդ թվում՝ նաեւ գույքային  հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության  ավելացում»,- նշել է նա:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից փորձեցինք ճշտել, թե որքանով է նման միջամտությունը դատական իշխանությանն իրավաչափ։ Նա չէր լսել արդարադատության նախարարի վերոնշյալ արտահայտությունն ու շատ կասկածեց, որ նա նման մտքեր արտահայտած լինի։ «Ես նման բան չեմ լսել»,- ասաց նա։

Երբ ԲԴԽ անդամի համար ցիտեցինք նախարարի խոսքը, նա ենթադրեց, թե հնարավոր է, որ նախարարն ուղղակի քննարկման կարգով նման արտահայտություն արած լինի։ Իսկ երբ ասացինք, որ նախարարի խոսքը վերցրել ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից, Գրիգոր Բեքմեզյանն ասաց․ «Ես գտնում եմ, որ դատավորների նկատմամբ տարանջատված մոտեցում չի կարելի դրսեւորել։ Դսատավորները բոլորը հավասար են։ Նախ՝ բոլոր դատավորներին պետք է նույն պրիզմայով նայեն, այն դատավորները, որոնք կունենան թերացումներ, եւ որոնց թերացումները կհամապատասխանեն Դատական օրենսգրքով նախատեսված թերացումների բնույթին, օրենքով սահմանված կարգով պետք է նրանց նկատմամբ վարույթներ հարուցվեն, եւ վերջնականապես ԲԴԽ-ն կորոշի՝ ենթակա՞ են նրանք կարգապահական պատասխանատվության, թե՞ ոչ։ Բայց մենք չենք կարող տարանջատել դատավորներին, որոնք լավ ակտեր են կայացնում եւ որոնք վատ ակտեր են կայացնում։ Լավ ու վատ ակտերը շատ հարաբերական են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ