168.am-ը գրում է․ «Մինչ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում խոսելու իր կառավարության տնտեսական ձեռքբերումներից, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուն` ի դեմս էկոնոմիկայի նախարարի, խոստովանում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում։ Չափազանց ցածր է տնտեսության արտադրողականությունը։
«Ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները, և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք է անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար։ Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է: Ունենք համեմատական, թե ինչպիսին է արտադրողականությունը տարբերվում գյուղատնտեսության կամ արդյունաբերության ճյուղերում, քիչ տարբերություններ կան, բայց մեծ պատկերը, ըստ էության, նույնն է»,- Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց նախարար Տիգրան Խաչատրյանը։
Հետաքրքիր է, որ փակ հանդիպման ժամանակ նախարարի ունեցած ելույթի տեքստն արագությամբ տարածվեց ԶԼՄ-ներում։ Սովորաբար նման բան հազվադեպ է լինում։ Թե այս անգամ դա ո՞ւմ էր այդքան պետք, մնում է միայն ենթադրել։
Փաստն այն է, որ կառավարությանը չի հաջողվում ապահովել այն զարգացումները, որոնց մասին ոչ վաղ անցյալում խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Շուտով կլրանա մեկ տարին, երբ վարչապետը հայտարարեց տնտեսության թռիչքային աճերի մասին։ Այսօր տնտեսությունը ոչ միայն թռիչքային չէ, այլև կառավարությունը մտածում է, թե ինչ կարելի է անել` երկարաժամկետ հատվածում Հայաստանի տնտեսական աճը երկնիշ թվի մոտեցնելու համար։
Խոսքը ոչ թե առաջիկա մեկ, երկու կամ երեք տարիների, այլ ավելի երկար ժամանակահատվածի մասին է։ Իսկ թե ավելի կոնկրետ, դեռ քանի՞ տարի կպահանջվի Հայաստանի տնտեսական աճը երկնիշ թվի մոտեցնելու համար, հայտնի չէ։ Այնպես, ինչպես հայտնի չէ, թե այդ ժամանակ ո՞ւր կլինի այս կառավարությունը։
«Ի՞նչ պետք է անենք Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում երկնիշ թվի մոտեցնելու համար։ Առանց դրա մենք չենք կարողանալու փոխել մեր մրցունակության ցուցանիշը և փոխել մեր տեղն աշխարհում։ Պարզ պատասխանն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքատեսակները լավագույն ձևով կարողանանք ներկայացնել արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց՝ արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։
Իշխանափոխությունից հետո մեկ ու կես տարի պահանջվեց հասկանալու համար, որ Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց արտաքին շուկաներում իրացման նոր հնարավորությունների ստեղծման ու, որ առանց դրա վտանգված է տնտեսության կայուն զարգացումը` «Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։
Անհրաժեշտ է այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում»։
Որ Հայաստանի տնտեսության զարգացումներն անհնարին է պատկերացնել առանց արտահանման ուղղվածության տնտեսության կառուցման, նոր բան չէ։ Նախկին գրեթե բոլոր կառավարություններն էլ նույն սկզբունքով են առաջնորդվել։ Այլ հարց, թե դա ինչքանո՞վ է նրանց հաջողվել անել։
Անցած մեկ ու կես տարին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այս առումով ավելի լավ վիճակում չէ, քան մյուսներն են եղել։ Ընդհակառակը` արտաքին շուկաներում հայկական ապրանքների մատակարարումները մինչև վերջերս նվազում էին։ Յոթ ամիս պահանջվեց արտահանման անկումը կանգնեցնելու համար։ Թեև դեռ հարց է, թե դա ինչի՞ հաշվին հաջողվեց անել, և ինչքա՞ն հնարավոր կլինի պահպանել։ Այսպես կոչված, վերարտահանումները որքան էլ կարող են ատաքուստ բարելավել արտաքին առևտրաշրջանառության պատկերը, այնուհանդերձ քիչ կապ ունեն ներքին տնտեսության զարգացումների հետ։ Պետք է մտածել արտաքին շուկաներում հայկական արտադրության ապրանքների առաջմղման մասին։ Նորություն չէ, որ Հայաստանի ներքին շուկան չափազանց փոքր է տնտեսության զարգացումներ ապահովելու համար։
Հիմա կառավարությունը որոշել է օգտագործել դիվանագիտական կորպուսի հնարավորությունները։ Այդ փորձը ոչ առաջինն է, և ոչ էլ վերջինն է լինելու։
Ժամանակին Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը հասավ նույնիսկ նրան, որ դիվանագիտական կորպուսներին կից հատուկ տնտեսական ներկայացուցիչներ լինեին։ Ընդ որում, ոչ պետական ֆինանսավորմամբ։ Առանձին դեսպանատներում դրանք որոշ ժամանակ գործեցին։ Սակայն, թե ինչ եղան իշխանափոխությունից հետո, այդպես էլ անհայտ մնաց։
Կառավարությունը կարծես փորձում է հերթական անգամ աշխուժացնել դիվանագետների մասնակցությունը Հայաստանի տնտեսական գործընթացներին։ Ընդ որում, ինչպես արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացման, այնպես էլ՝ ներդրումների ներգրավման ու ներքին շուկայում արտադրությունների կազմակերպման ոլորտում։
Թե որքանո՞վ դա կհաջվողվի կառավարությանը, ժամանակը ցույց կտա։ Բայց դրա համար միայն ցանկությունները բավարար չեն։
Արտաքին շուկաներում հայկական ապրանքների իրացումն ընդլայնելու համար հարկավոր է մտածել, առաջին հերթին՝ տնտեսության մրցունակության բարձրացման և արտահանելի ապրանքների արտադրություն կազմակերպելու մասին։ Իսկ ի՞նչ է արել կառավարությունը մինչև հիմա այդ առումով։
Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացումն անհնարին է պատկերացնել՝ առանց մեծածավալ ներդրումների և տեխնիկական վերազինման։ Սա է արտադրողականության և մրցակցային առավելությունների ձեռքբերման հիմնական ճանապարհը։ Մինչդեռ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսության մեջ արձանագրվում է միայն ներդրումների կրճատում։
Այդ պայմաններում պարզ չէ, թե կառավարությունն ինչպե՞ս է պատկերացնում արտաքին շուկաներում հայկական ապրանքների առաջմղումը։ Այնպես, ինչպես պարզ չէ, թե ինչքանո՞վ է իրական դրսից ներդրումների ներգրավումը, երբ ներդրողները վերջին շրջանում Հայաստանում խնդիրների պակաս չեն ունենում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը