06 09 2019

Իշխանությունը ցանկանում է մաշել հանրային բողոքի ալիքը. «Փաստ»

Իշխանությունը ցանկանում է մաշել հանրային բողոքի ալիքը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կիզակետում, սակայն հարցի վերջնական լուծումը ձգվում է:

Այս մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին` համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

Փաստորեն կառավարությունը մտադիր է Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնել և այդ տվյալները ներկայացնել քաղաքացիներին:

Ուշագրավ է, որ օգոստոսի 30-ին «Էլարդ» ընկերության հետ ունեցած տեսակապի ժամանակ հաստատվել էր, որ Ամուլսարի ծրագրի փորձաքննության հետ խնդիրներ կան, որից հետո ծառայողական քննություն հարուցվեց քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ, երեկ էլ լուր տարածվեց, որ վերջինս ու ՔԿ ղեկավարի տեղակալն ազատվել են աշխատանքից: Հետո առաջինի մասով տեղեկությունը հերքվեց:

Այդուամենայնիվ, տեղեկություններ շրջանառվեցին, որ քննչական կոմիտեում պաշտոնանկությունների նոր շարք է սպասվում:

Նշված տեսակապային խորհրդակցությունից հետո «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, թե խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում «Էլարդի» ապակողմնորոշող մեկնաբանություններից, իսկ տարբեր փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին, թե Ամուլսարի հարցում Փաշինյանը «հետքայլ» է կատարում՝ ցանկանալով «մեղավորությունը» բարդել քննչական կոմիտեի վրա:

Սակայն Ամուլսարի հարցով կառավարությունում տեղի ունեցած նոր նիստը և վարչապետի հանձնարարականը այլ բանի մասին են վկայում: Վարչապետի «հետքայլն» ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել Ամուլսարի շահագործումից հատկապես այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են:

Թվում էր, թե իշխանափոխությունից հետո դեպի Հայաստան ներդրումների մեծ հոսք է սկսվելու, սակայն այդ հույսերն այդպես էլ չարդարացան: Եվ այդ է պատճառը, որ կառավարության ղեկավարը, ներդրումների դինամիկայի վերաբերյալ ցուցանիշներ հրապարակելու փոխարեն, որպես ձեռքբերում է ներկայացնում թանգարաններ և թատրոններ այցելությունների աճը, գինիների արտահանման ավելացումը և այլն:

Ուստի այս իրավիճակում Ամուլսարի ծրագրի չեղարկումը ոչ միայն կարող է հանգեցնել նրան, որ «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ մեր պետությանը և գումարներ պահանջել, այլև սկսված դատական պրոցեսը կարող է վատ օրինակ ծառայել և վանել օտարերկրյա մյուս ներդրողներին Հայաստանում գումարներ ներդնելուց: 

Թերևս այս է պատճառը, որ կառավարությունը Ամուլսարի խնդիրը ձգձգելու մարտավարություն է որդեգրել, որը հնարավորություն կտա ձգձգել հանքի շահագործումը:

Հանքի շահագործումը հետաձգելով՝ կառավարությունը մտադիր է մաշել հանրային բողոքի ալիքը՝ ակնկալելով, որ որոշ ժամանակ հետո այս թեմայի շուրջ մարդկանց հետաքրքրությունը կնվազի, իսկ դա հնարավորություն կտա կառավարությանն իսկույն գործի անցնել և թույլատրել հանքի շահագործումը:

Իսկ եթե նոր փորձաքննության տվյալները հանրության դատին ներկայացնելուց հետո պարզվի, որ դժգոհության ալիքը չի մարում, ապա կառավարությունը կարող է նոր հանգամանքներ առաջ բերել և նոր վերլուծություններ կազմելու հանձնարարական տալ, որոնք ևս որոշ ժամանակ անց կհրապարակեն, իսկ Ամուլսարի թեման այդ ընթացքում կկորցնի իր հրատապությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ