«Իրավունք» թերթը զրուցել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
֊«Իսկ ի՞նչ իրավիճակ է ընդդիմադիր դաշտում: ՀՀ Երկրորդ նախագահը քաղաքական դաշտ բերեց «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը: Այս փուլում այն հնարավոր համարո՞ւմ եք:
- Ընդհանրապես ասում են՝ ցանկացած պրոբելամային իրավիճակում առնվազն երկու ելք կա, բայց բարեբախտաբար, թե դժբախտաբար, գտնվում ենք մի իրավիճակում, երբ ունենք մեկ ելք: Որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք, պետք է անհապաղ դադարեցնել բոլոր նախագահների նկատմամբ քննությունները, քաղաքական հետապնդումները: Կլինի Լեւոն Տեր- Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, որեւէ կապ չունի: Գործող նախագահի մասին չեմ խոսում, որովհետեւ ինքն ընդհանրապես չկա: Ու սա պետք է անել շատ պարզ՝ հասարակությանն ասել՝ ժողովուրդ, մենք դադարեցնում ենք, փակում ենք այդ թեման եւ անցնում ենք առաջ հետեւյալ քայլերով՝ սահմամնադրական բարեփոխումներ, սահմանադրական հանրաքվե, ու Հայաստանն անցնում է նախագահական համակարգի, նշանակվում են նախագահի և խորհրդարանի նոր ընտրություններ:
Բնականաբար, հասկանալի է, որ Ռ. Քոչարյանն ազատվում է, և իմ կարծիքով՝ միակ ելքը Ռ. Քոչարյանին նախագահ դարձնելն է, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Սրանով մենք միանգամից մի քանի խնդիր ենք լուծում, այդ թվում' առաջինը վերականգնում ենք այն վստահությունը, որ կորել է մեր նկատմամբ՝ որպես պետականություն: Դրանով մենք կվերականգնենք մեր բարեկամ երկրների վստահությունը, մասնավորապես՝ Իրանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ հարգանքը՝ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների: Ի դեպ, այնպես չէ, որ Ռ. Քոչարյանը հարգանք է վայելում միայն Ռուսաստանում կամ նախկին Խորհրդային Միության երկրներում: Նա նաեւ մեծ հարգանք էր վայելում եվրոպական երկրներում: Պատահական չէ, որ Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը նույն եվրոպական երկրներում շատ հաջող առաջ էր գնում: Ընդամենը մեկ դեպք ասեմ, որ Հայաստանը Համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամ դարձավ Ռ. Քոչարյանի օրոք:
Նրա ժամանակ էր, որ եվրոպական բազմաթիվ երկրներ, առաջնորդվելով հայկական պետության շահերով, ճանաչում էին ցեղասպանությունը եւ դատապարտում: Ռ. Քոչարյանի օրոք էր, որ Միացյալ Նահանգներից ահռելի մեծ ներդրումներ արվեցին Հայաստանում: Օրինակ՝ «Հազարամյակների մարտահրավեր» ծրագիրը նույնպես իրականացավ Ռ. Քոչարյանի շնորհիվ: Այսպիսի բազմաթիվ ծրագրեր կարող եմ նշել, որոնք նրա նախագահությունից հետո կանգնեցվել են, սառեցվել են, հանվել են: Ինչպես նաեւ Իրանի հետ գազամուղ ունենալն է եղել Ռ. Քոչարյանի օրոք, իսկ ՌԴ-ի մասին էլ չեմ խոսում, որն ահռելի քանակությամբ զենք- զինամթերք տվեց Հայաստանին, չնայած նրան, որ մեր երկիրը չուներ այդ զենքի գնման հնարավորությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը