«Հրապարակ»-ը գրում է․ «Ժամանակին մենք մի քանի անգամ անդրադարձել ենք իշխանահաճո ուղղագրությանը, որը կիրառում էին ՀՀ նախագահական նստավայրում՝ իրենց բոլոր հաղորդագրություններում Սերժ Սարգսյանի անունից առաջ «նախագահ» բառը գրելով մեծատառով։ Անգամ Լեզվի տեսչության աշխատակիցների հետ էինք զրուցել, որոնք վախվորած ու զգուշավոր, բայց այնուամենայնիվ ասացին, որ չի կարելի «նախագահ» բառը գրել մեծատառ՝ դա հայերենի կանոնների խախտում է։ Հիմա, ինչպես ասում են, հին ավանդույթները շարունակվում են, անգամ՝ ծաղկում ու կատարելագործվում։ Նոր իշխանություններն էլ են սկսել հայերենն օգտագործել ըստ հայեցողության։
Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ազգային ժողով կատարած այցի մասին պատմող հաղորդագրություններում «թավշյա հեղափոխություն» բառակապակցությունում «թավշյա» բառը մեծատառով էին գրել։ Մենք հասկանում ենք, որ նոր իշխանությունների մարտավարությունը՝ մեկ տարի շարունակ խոսել 2018-ի հեղափոխության, նրա թավշյա ընթացքի ու ոչ այնքան թավշյա շարունակության մասին, ամենուրեք հայտարարել, որ աշխարհը ցնցված է մեր հեղափոխությունից եւ մինչ օրս իր աչքերին չի հավատում՝ ինչպե՞ս այս փոքրիկ ու հերոսական ժողովուրդն իրականացրեց այն, շատ վարակիչ մարտավարություն է։ Եվ այդ մարտավարությունն են որդեգրել ոչ միայն ՀՀ վարչապետը՝ որպես 2018 թվականի թավշյա հեղափոխություն բրենդի կրող, այլ նաեւ նրա կառավարության անդամները՝ նախարարները, նրա ձեւավորած Ազգային ժողովի ղեկավարությունը՝ նախագահը-փոխնախագահները։ Հասկանում ենք նաեւ, որ մեկ տարվա ընթացքում փոփոխությունների բացակայությունն է նաեւ ստիպում նրանց կրկին ու կրկին խոսել թավշյա հեղափոխության մասին։ Բայց ինչո՞ւ մեծատառով։ Թավիշը թավիշ է՝ անգամ եթե այն հեղափոխական է եւ ընդդեմ ՀՀԿ-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը