«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրամի գույքի պակասորդի վերաբերյալ:
Աշխատակազմի ղեկավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ և այլն:
Դատախազությունում փաստի առթիվ գործ է հարուցվել: Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը՝ դեռևս անցած տարի: Դրանք բաժանվել են արտասահմանից եկած լրագրողներին և հյուրերին, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, մոռանալով, իրենց հետ են տարել ԱԺ-ին պատկանող գույքը:
ԱԺ մեր աղբյուրը փոխանցեց, որ ականջակալներից մեկը, օրինակ, Սերժ Թանկյանն է տարել, որը Փաշինյանի ընտրությանը հետևում էր խորհրդարանի՝ լրագրողների համար նախատեսված օթյակից: Իսկ համակարգիչները նիստերի դահլիճում պատգամավորների ծառայողական նեթբուքներն են, որոնք նոր իշխանությունների ժամանակ փոխարինվեցին հայրենական արտադրության Արմթաբներով:
Նոր ԱԺ-ն ձևավորվելուց հետո դրանք առանց հանձնում-ընդունման բաժանվել են իրենց աշխատասենյակում համակարգիչ ունենալու խնդրանքով դիմած պատգամավորներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում անհետացած գույքի մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Ո՞ւմ ժամանակ է եղել: Եղել է, թե չի եղել գույքի անհետացում, դա կպարզի քննությունը, եկեք սպասենք»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը