168.am-ը գրում է․
Անհասկանալի
Այս տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական տվյալները տեղ-տեղ անհասկանալի են։ Ինչպես, օրինակ, բեռնափոխադրումների ծավալի կրճատումը։ Նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատ՝ մեր Վիճկոմն առաջին եռամսյակում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ 39․7 տոկոս ներկայացրեց։ Ոչ ոք չհասցրեց հասկանալ՝ ինչ է կատարվում, հրապարակվեցին երկրորդ եռամսյակի տվյալները։ Այն նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած կազմել էր 45․2 տոկոս։
Փաստորեն, առաջին կիսամյակի համար միջինը հրապարակվել է միջին 45․2 տոկոս ցուցանիշ։ Ընդ որում՝ կրճատվել են և երկաթուղային և ավտոմոբիլային բեռնափոխադրումները։ Նախորդ տարվա 14 մլն 417 հազար տոննայի փոխարեն՝ այս տարվա բեռնափոխադրումների ծավալ հրապարակվում է 6 մլն 122 հազար տոննա։ Նույնիսկ մի փոքր ավելի քիչ։ Բայց միևնույն է՝ անհասկանալի է։ Նույնիսկ անբացատրելի։ Հին ու վուլգար անեկդոտի նման՝ ինձանից փորձառու եք, ինքներդ մի բացատրություն գտեք։
Ում հաշվին
Այս տարվա առաջին կիսամյակում շինարարությունն աճել է նախորդ տարվա համեմատ։ Աճել է 4․7 տոկոսով։ Ահագին ոգևորող է։ Բայց եկեք դիտարկենք, թե ում փողերի հաշվին է աճել շինարարությունը։ Պաշտոնական վիճակագրությունը «Շինարարության ծավալները՝ ըստ ֆինանսավորման աղբյուրի» բաժին ունի։ Այստեղ նշվում է, որ պետբյուջեի հաշվին կատարված շինարարությունը մոտ 10 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Այս տարվա ցուցանիշը 89․3 տոկոս է։
Համայնքների հաշվին իրականացված շինարարությունն ավելի մեծ անկում է ապրել։ Այս տարի նախորդի 54․5 տոկոսի չափով են համայնքները շինարարություն իրականացրել։
Մարդասիրական օգնության հաշվին կատարված շինարարությունը նույնպես կրճատվել է։ Համարյա նույն չափով՝ ծավալն անցած տարվա 56 տոկոսն է։ Այս տարի արձանագրված շինարարության աճը մի քիչ կազմակերպությունների հաշվին է (նախորդ տարվա համեմատ՝ աճը 2․4 տոկոս է)։ Բայց նախորդ տարվանից 23․8 տոկոսով ավելի շինաշխատանքներ են կատարվել բնակչության ֆինանսավորմամբ։ Հետևաբար՝ դժվար է ասելը՝ սա ոգևորության թեմա՞ է, թե՞ հակառակը։
Պատահարներ
Ի տարբերություն նախորդ հատվածի՝ այս ոլորտում պատկերը տխուր է։ Ճանապարհատրանսպորտային պատահարներն աճել են 21․9 տոկոսով։ Դրանց հետևանքով զոհերի թիվն աճել է 13․7 տոկոսով (158 զոհ)։ Վիրավորների քանակն ավելացել է մոտ 20 տոկոսով (ավտովթարներից վիրավորների քանակը 3016 մարդ է)։ Սրանք այն թվերն են, որոնց մասին միայն մասնագետներն ու պատասխանատու պաշտոնյաները պիտի խոսեն։ Մեր խնդիրը միայն իրավիճակի նկատմամբ ուշադրություն հրավիրելն է։
Բնակչություն ու զբոսաշրջություն
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունն աճում է։ Այս տարի մեր երկիր 12․3 տոկոսով ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել։ Անցած տարվա 686 հազար զբոսաշրջիկի փոխարեն՝ այս տարվա տվյալը 770 հազար է։ Կարծում եմ՝ շատերի համար սա ուրախանալու առիթ է (հատկապես՝ ոլորտի գործարարների)։ Նախորդ տարվա համեմատ՝ 84 հազար մարդ ավելի է եկել մեր դրախտավայր հայրենիքը տեսնելու (կամ վայելելու)։
Սրան զուգահեռ՝ պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա հետ համեմատած, մեր հայրենակիցներից 8200 մարդ լքել է բիբլիական հայրենիքը։
Պաշտոնական վիճակագրության լեզվով դա ձևակերպվում է այսպես․ «Մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ նվազել է 8200 մարդով»։ Այսօրվա համար՝ այսքանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը