21 08 2019

Մեծամասնությանն ամեն գնով դուր գալն արժեքային համակարգի սկզբունք չէ․ «Առավոտ»

Մեծամասնությանն ամեն գնով դուր գալն արժեքային համակարգի սկզբունք չէ․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Չնայած ես երբեք ոչ մի քաղաքական կառույցի անդամ չեմ եղել, սակայն ենթադրում եմ, որ կուսակցական լինելը ցանկացած մտածող մարդու համար դաժան փորձություն է: Կուսակցականը խստորեն սահմանափակված է սեփական կարծիքն արտահայտելու հարցում այնքան ժամանակ, քանի դեռ չգիտի, թե ո՞րն է կուսակցության գիծը: Իսկ այդ գիծը Հայաստանում ոչ այլ ինչ է, քան տվյալ կուսակցության «շեֆի» տեսակետը:

Ամուլսարի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության անդամների մի մասը վերապահումներով կողմ էր արտահայտվում, «ամենախելացիները» սպասում էին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանը, մի մասն էլ կտրականապես դեմ էր: Ամենադժվարը հիմա, իհարկե, վերջիններիս գործն է:      

Հիմա նրանք ունեն երեք տարբերակ. 1/ Փորձել «խաբսեր տալ» (եթե օգտագործենք ֆուտբոլային զուգահեռը)՝ «ես մի քիչ ա՛յլ բան նկատի ունեի, ես ուզում էի մոտավորապես այսպե՛ս ասեի»: 2/ «Թիմային արդարացումներ» փնտրել՝ «ես մնում եմ իմ կարծիքին, բայց քանի որ քաղաքական թիմի անդամ եմ, այլևս այս թեմայով չեմ խոսի»: Այդ արդարացումները ես բազմիցս լսել եմ նաև ՀՀՇ-ականներից և ՀՀԿ-ականներից՝ կարծես թե որևէ մեկը ստիպում էր նրանց մնալ այդ թիմում: 3/ Վայր դնել մանդատը, դուրս գալ կուսակցությունից, ինչը ես գործնականում բացառում եմ:

Այդ բոլոր խնդիրները չէին առաջանա, եթե լինեն որոշակի սկզբունքներ, արժեքային համակարգ, ռազմավարություն, ի վերջո՝ չարաբաստիկ «իզմերը»-ը: Օրինակ՝ որոշակի (ազատական) արժեքային համակարգից ելնելով՝ դատարանները շրջափակելը, դատավորների վրա ճնշում գործադրելը, ՍԴ նախագահի մասին քաղաքական հայտարարություններ անելը, ամեն մի ոչ ճշգրիտ տեղեկատվության տակ «նախկին կոռումպացված համակարգ» փնտրելը սխալ է: Նույն այդ արժեքային համակարգը կրելու պարագայում պետծառայողներին կրճատելը, համահարթեցված հարկ ներմուծելը, Ամուլսարի հանքն աշխատեցնելը ճիշտ է: Գուցե շատերը դրա հետ համաձայն չլինեն, բայց այստեղ, ընդունեք, կա որոշակի տրամաբանություն, սկզբունք: Իսկ ահա մեծամասնությանն ամեն գնով դուր գալը որևէ արժեքային համակարգից բխող սկզբունք չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ