14 08 2019

Որտեղի՞ց է խառնաշփոթ սկսվել ԱԺ աշխատակազմում․ «168 Ժամ»

Որտեղի՞ց է խառնաշփոթ սկսվել ԱԺ աշխատակազմում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Ազգային ժողովի աշխատակազմում մարդիկ շարունակում են հերթով ազատվել աշխատանքից և փաստորեն լրիվ կամայականորեն, քանի որ աշխատակազմի  ղեկավարությունը ստորագրվող հրամանները հղում է անում մի իրավական փաստաթղթի, ինչը փաստացի գոյություն չունի և մասնակի է հրապարակված:

Խոսքն ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքի մասին է: Հիշեցնենք, հեղափոխությունից հետո ձևավորված նոր խորհրդարանում աշխատակազմի ղեկավար դարձած Տիգրան Գալստյանը մասնավոր սեկտորից ԱԺ տեղափոխվելուց հետո առաջինը ձեռնամուխ եղավ իր ղեկավարած կազմը փոխելու գործին:

Հապճեպ ստեղծագործած նոր կառուցվածքը՝ կանոնադրությամբ հանդերձ, վերջերս դրվեց Արարատ Միրզոյանի սեղանին:

Կառուցվածքային փոփոխությունների նախագիծը հուլիսի 13-ին հաստատվեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստում, խորհրդի նախագահ Արարատ Միրզոյանի ձեռամբ այն վավերացվեց նույն օրը և որպես իրավական փաստաթուղթ ուժի մեջ մտավ, սակայն մի մեծ ԲԱՑ-ով… և այդ բացն էլ այսօր դարձել է խնդրո առարկա, մեծ աղմուկ է բարձրացրել աշխատողների շրջանում:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը, ինչպես ավելի վաղ գրել էինք, իր ստորագրությամբ նոր կյանք է տվել ԱԺ աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին նոր նախագծին, բայց ոչ դրա հավելվածին, և այս ամբողջ խառնաշփոթը հենց այստեղ է սկսվել:

Հավելվածն իրենից ենթադրում է կառուցվածքի անվանացանկն ու հաստիքացուցակը, հետևաբար՝ նախագիծն ամբողջական պիտի մատուցվեր նաև ԱԺ նախագահին ու խորհրդին, մինչդեռ այն, չգիտես՝ ինչու, գաղտնի է պահվում: Եվ այս գաղտնի սցենարով 54 հոգի արդեն իսկ ազատված է աշխատանքից, մյուսների ճակատագրերը՝ անկախ պետծառայող լինել-չլինելուց, զբաղեցրած պաշտոնական դիրքից, որոշվում է ղեկավարի կաբինետում: Ի դեպ, ոչ բոլորին է առաջարկվում ազատման հրամանից հետո այլ հաստիքում հաստատվել:

Ստացվում է՝ մինչ այս պահը, այսինքն՝ վավերացումից 2 ամիս անց, դեռևս ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված չէ նոր կառուցվածքի նախագիծն ամբողջությամբ: Ավելին՝ նախագծի հավելվածը չի ներկայացվել նաև կրճատվող կադրերին, որպեսզի մարդիկ համոզվեն, որ իրենց հաստիքները նոր կառուցվածքում չկան, նոր տեղերի համար մրցույթի պատրաստվող կադրերն էլ չեն ծանոթացել:

Իսկ դա նշանակում է, որ առնվազն ճիշտ է այն վարկածը, որ կառուցվածքը ֆորմալ տեսքով է հաստատվել Արարատ Միրզոյանի կողմից, և նրա ստորագրած իրավական փաստաթուղթը հետագայում խմբագրվել կամ խմբագրվում է, ինչը պնդում է 168.am-ի աղբյուրը և չի հերքում, համենայն դեպս, այս ամբողջ փոփոխությունների գլխավոր դերակատարը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

Ստացվում է՝ բարձրագույն օրենսդիր մարմնի ղեկավարը՝ ԱԺ նախագահը, ստորագրել է մի փաստաթուղթ, որն ամբողջական չի եղել և խմբագրվել(ում) է հետագայում, ինչն օրենքի կոպտագույն խախտում է համարվում: Իսկ դա նշանակում է, որ այս խոցելի հիմքով դատարան մտնել պատրաստվող 50-ից ավելի այլևս նախկին աշխատակիցները հերթով պարտության կմատնեն ներկայիս աշխատակազմի ղեկավարությանը և լուրջ տույժերով վնասի փոխհատուցում կպահանջեն:

Նկատենք, որ աշխատակազմի ղեկավարը 168.am-ի հետ զրույցում նոր նախագծի վավերացումից հետո պարբերաբար շրջանցել է նոր կառուցվածքի մասին հարցադրումները՝ պարբերաբար ասելով, որ քննարկումների փուլում է դեռևս և շուտով հայտնի կդառնա ամբողջական կառուցվածքային տեսքը:

Ստացվում է մի իրավիճակ, երբ հեղափոխությունից հետո էլ գործ ունենք ղեկավարության քմահաճույքի կամ կամայականության հետ: ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը հերթով ազատվում է պետծառայողներից ու մյուս կադրերից՝ հղում անելով մի իրավական ակտի, ինչը գոյություն չունի…

Իսկ թե որքանո՞վ է տեղյակ այս ամենին ԱԺ նախագահը, ինչո՞ւ իրավական ուժ չունեցող փաստաթուղթը, ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի համաձայն՝ հրապարակված չէ ԱԺ նախագահի հրամաններ կամ կարգադրություն բաժնում, ինչո՞ւ այն չի հրամցվել աշխատակազմին, ըստ այդմ՝ ծանուցում ապահովելով (դրանից բխող իրավական և ֆինանսական բոլոր հետևանքներով)՝ սրանք կարևորագույն հարցեր են, որոնց պատասխանը, ի վերջո, հենց Արարատ Միրզոյանը պետք է տար:

Սակայն արձակուրդային շրջանում, երբ ԱԺ շենքում չեղած փաստաթղթի շուրջ կրքեր են բորբոքվում՝ ընդհուպ դատարան դիմելու սպառնալիքների ու ընդզումների տեսքով, պիկետներ են պլանավորվում, ԱԺ նախագահից որևէ արձագանք չկա: Պարզաբանում տվող միակ պաշտոնյան թիրախում հայտնված ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, նա էլ գրեթե ոչինչ չի ասում:

Տիգրան Գալստյանը մեր հարցերին, թե ո՞ւր է իրավական ակտը, ինչպե՞ս կարող է այն իրավական ուժ ստացած համարվել, երբ հրապարակված չէ օրենքի պահանջի համաձայն, հետևապես ի՞նչ հիմքի վրա եք ազատման հրամաններ ստորագրում, անորոշ հարցադրումով պատասխանեց. «Արդեն համարյա բոլոր նշանակումներն արված են և կնքված են պայմանագրերը, կարծում եք՝ առանց անվանացանկի ու հաստիքացուցակի՞ է արվել»:

Ի դեպ, այս ամենը մեկնաբանել էր նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալԼիլիթ Մինասյանը. նա համարում է, որ կարող է հրապարակվել միայն նոր նախագծի կարկասը, ուրիշ ոչինչ: Ավելին, նա հերքում է նաև, որ կրճատումների մասին պատշաճ ծանուցումներ չեն եղել:

«Հրապարակված է ԱԺ աշխատակազմի նոր կառուցվածքի հաստիքացուցակ հաստատելու մասին ԱԺ նախագահի կարգադրությունը, այո՛, հրապարակված չէ հաստիքացուցակն ու անվանացանկը, բայց առկա է հրապարակված այն փոփոխությունների ցանկը, որն իրականացվել է նոր կառուցվածքում»,- չհրապարակված իրավական ակտի մասին այսպես է պարզաբանում պաշտոնյան:

Ավելին, նա չի համարում, որ չհրապարակված փաստաթուղթն օրինական ուժ ստացած չի համարվում, և գտնում է՝ ամեն ինչ եղել է իրավաչափ:

«Հենց հրամանն է հրապարակվում իրականում, իսկ հրամանին կից հավելվածը, որը Ձեր նշած անվանացանկն է ենթադրում, երբեք չի հրապարակվում, ինչ-որ մեկը կարող է ասել, որ մինչ այդ տեսե՞լ է… Իսկ ինչ վերաբերում է աշխատակիցներին առանց հաստիքացուցակը ցույց տալու ազատելուն, չեմ կարծում, որ դա այդպես է, ծանուցման թերթիկներ են ստորագրվել, և մասնավորաբար ես իմ ենթակայությամբ աշխատող անձանց մասով վստահեցնում եմ՝ բոլորը տեղեկացված են, թե ինչ վիճակում են իրենց հաստիքները և իրենց վարչություններն ինչ նոր կազմ ունեն»,- նշեց Լիլիթ Մինասյանը:

Առաջարկեցինք, ի վերջո, այդքան չարչրկված թեման փակելու համար գաղտնի պահվող կառուցվածքային փոփոխությունն առաջին անգամ հրապարակել բոլորին ի տես՝ թեկուզ հենց 168.am-ի միջոցով: Սակայն Լիլիթ Մինասյանն ընդգծեց, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում, մեր առաջարկը կփոխանցի ղեկավարին, և եթե համաձայնությունը ստանա՝ կտրամադրի փաստաթուղթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ