02 08 2019

Փոխվե՞լ է արդյոք արդյունաբերության կառուցվածքը․ 168․am

Փոխվե՞լ է արդյոք արդյունաբերության կառուցվածքը․ 168․am

168.am-ը գրում է․ «Պատկան մարմիններն առայժմ չեն հրապարակում անցած տարվա ֆինանսատնտեսական տվյալները։ Մինչդեռ, հասկանալի պատճառներով, ոլորտը հասարակական հետաքրքրության կենտրոնում է։ Բոլորն են փորձում հասկանալ, թե որքանով են տնտեսական գործընթացներն արդարացնում հասարակական սպասումները։ Իսկ իշխանությունները ժամանակ առ ժամանակ հպարտանալով, այսպես կոչված, ծառայությունների (իրականում՝ խաղադրույքների) հաշվին գրանցվող տնտեսական «աճով», հիմա սկսել են խոսել արդյունաբերության ոլորտի մասին։

Արդյունաբերության ոլորտը վերջին տարիներին «ապահովում էր» ՀՆԱ-ի 16-17.9 տոկոսը։ Այս ոլորտը զբաղվածություն է ապահովում մոտ 82 հազար մարդու համար։ Մեր վիճակագրությունն արդյունաբերության ոլորտը բաժանում է չորս խոշոր ենթախմբերի։

Առաջինը հանքագործական արդյունաբերությունն է և բացհանքերի շահագործումը։ Երկրորդ խմբում մշակող արդյունաբերությունն է, երրորդում՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը, գազամատակարարումը, իսկ վերջինում՝ ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումն ու մշակումը։

2017թ. տվյալներով՝ արդյունաբերության կառուցվածքն այսպիսին էր. հանքագործություն՝ 20.5 տոկոս, մշակող արդյունաբերություն՝ 62.5 տոկոս, էլեկտրաէներգիա և գազ՝ 15.5 տոկոս, ջուր և թափոններ՝ 1.5 տոկոս։ 2018թ. ընթացքում «Ամուլսարի» հետ կապված գործընթացների արդյունքում, բնականաբար, կրճատվել է հանքահումքային ոլորտի տեսակարար կշիռը՝ այն դարձել է 15.5 տոկոս։ Կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը. այս բաժնի մասնաբաժինն անցած տարի դարձել է 13․2 տոկոս: Ջրամատակարարումն ու թափոնների մշակումը մնացել է նույն չափաբաժնով։ Այսինքն՝ աճել է մշակող արդյունաբերության չափաբաժինը՝ դառնալով 69.7 տոկոս։ Մշակող արդյունաբերությունը 2017-ի համեմատ աճել է մոտ 10 տոկոսով։

Այս անունով հաշվառվող ոլորտն իր մեջ շատ ենթախմբեր է ներառում։ Դրանցից ամենախոշորը սննդամթերքի արտադրությունն է (ընդհանուրի 28.5 տոկոս), խմիչքի արտադրությունը (14.7 տոկոս) և ծխախոտի արտադրությունը (15.1 տոկոս)։ Մեծ խումբ է նաև հիմնային մետաղների արտադրությունը (17.8 տոկոս)։ Այս համարյա անհայտ ոլորտը վերջին տարիներին կրճատվում էր, բայց 2018թ. ընդունված օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմերով կրկին կակտիվանա: Մետաղի արտահանման վրա արգելքների սահմանման պատճառով։

Այս «թվախեղդ» հատվածից ակնհայտ է դառնում, որ արդյունաբերության ոլորտում անցած տարվա ընթացքում արմատական (եթե խուսափենք մոդայիկ «հեղափոխական» ածականից) փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Տնտեսության նոր՝ «թվային», «կրեատիվ», «գիտելիքահեն», «տետե», «այթի», «հայթեք» ու գերժամանակակից այլ բառերով բնութագրվող ոլորտներ չկան (անկեղծ ասած, ժամանակի ընթացքում մոռանում եմ, թե որ կառավարությունն այդ տերմիններից որն էր նախընտրում օգտագործել)։ Արդյունաբերության ոլորտը զարգացել է նախկինում ձևավորված գործընթացների իներցիայով։

Տնտեսագետներն իներցիոն գործընթացների ազդեցությունն օրինաչափ երևույթ են համարում՝ կարող են անգամ մասնագիտական լուրջ հիմնավորումներ ներկայացնել։ Իսկ այդ տնտեսական երևույթը չափազանց ինքնատիպ ընկալում ունի քաղաքականությամբ զբաղվողների (նրանցից հատկապես իշխանության մաս կազմողների) մոտ։ Եթե տնտեսությունն իներցիոն գործընթացների արդյունքում աճ է արձանագրում, ապա այն վերագրվում է իշխանությունների «հմուտ կառավարմանը»։ Իսկ հակառակ դեպքում այն կարելի է վերագրել սաբոտաժին կամ հակահեղափոխական բազում այլ պատճառների։

Պատմության խորհրդային դասագրքերում այդ տերմիններից բոլ-բոլ կա։ Հետո շարունակելով կրկնել տնտեսության իներցիոն բնույթի մասին տեսությունները՝ հավատացնել, որ իրենց հեղինակած նոր ու թարմ բարեփոխումների արդյունքները որոշակի ժամանակից հետո են նկատելի դառնալու։ Հատկապես, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ արդյունաբերության (ավելի ճիշտ՝ «արդյունաբերական արտադրանքի») ծավալը 2018թ. պաշտոնապես աճել է 4.3 տոկոսով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ