02 08 2019

Տնտեսությունը փողազրկում են․ ի՞նչ է կատարվում բյուջեի հետ․ 168․am

Տնտեսությունը փողազրկում են․ ի՞նչ է կատարվում բյուջեի հետ․ 168․am

168.am-ը գրում է․ «Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը. հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից ու փոխարենը նախատեսված ծրագրերի իրականացման միջոցով այն վերադարձնի տնտեսություն` տանում բանկում ավանդ է դնում։

Այս ճանապարհով կառավարությունը, անշուշտ, փող է աշխատում։ Բայց դա պետական բյուջեի գումարների կառավարման լավագույն տարբերակը չէ, եթե չասենք` վատագույնն է։

Նախատեսված բյուջետային ծրագրերն իրականացնելու միջոցով տնտեսությանն ակտիվություն հաղորդելու, շրջանառություններն ավելացնելու փոխարեն` կառավարությունը փող աշխատելու շատ հեշտ տարբերակ է գտել։ Չնայած դրանից մեծապես տուժում է տնտեսությունը, որն առանց այն էլ ֆինանսական միջոցների լուրջ կարիք ունի։ Մի կողմից՝ ներդրումներ չեն գալիս, մյուս կողմից` բանկերն են խուսափում ֆինանսավորել տնտեսության իրական հատվածը։ Հիմա էլ կառավարությունն է սկսել փողազրկել տնտեսությունը` հաշվի չառնելով դրա բացասական հետևանքները։

Սա լուրջ մարտահարվեր է, որն ակտիվացել է հատկապես իշխանափոխությունից հետո։ Խնդիրն առաջացել է հիմնականում պետական բյուջեով նախատեսված ծրագրերի թերակատարման հետևանքով։ Եթե իշխանափոխության սկզբնական շրջանում բյուջեի ծախսերի թերակատարումն ինչ-որ առումով գուցե արդարացված էր, ապա դժվար է նույնն ասել իշխանափոխությունից մեկ կամ մեկուկես տարի հետ։ Ու փոխարենն իրավիճակը գնալով կարգավորվի, ավելի ու ավելի է սրվում։

Կառավարությունը չի կարողանում ժամանակին իրականացնել բյուջեի ծախսերը։ Առաջին կիսամյակում դրանք թերակատարվել են ավելի քան 20 տոկոսով։

Խոսքը հսկայական գումարի մասին է. այս տարվա առաջին կեսին նախատեսված 797,7 մլրդ դրամի փոխարեն՝ կառավարությունը կատարել է ընդամենը 636,6 մլրդ դրամի ծախս։ Թերակատարումը կազմել է ավելի քան 166 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած՝ այն համարժեք է գրեթե 335 մլն դոլարի։

Հիմա դժվար չէ պատկերացնել, թե այդ ծախսերն իրականացվելու դեպքում ինչպիսի լուրջ օժանդակություն կարող էր ստանալ տնտեսությունը։ Դրանք գումարներ են, որոնք կարող էին ապահովել լրացուցիչ շրջանառություններ` նպաստելով նաև պետական բյուջեի համար հարկային նոր եկամուտների ձևավորմանը։

Բայց կառավարությունն այլ ճանապարհով է գնում` մի բան էլ խոչընդոտներ է ստեղծելով տնտեսության համար։ Ու դա անում է ավելի շատ հարկ հավաքելու, քան ծախսեր կատարելու միջոցով։

Այս տարվա առաջին կեսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 758,5 մլրդ դրամ։ Դրա դիմաց իրականացվել է ընդամենը 636,6 մլրդ դրամի ծախս։

Այսինքն` եկամուտները շուրջ 122 միլիարդով գերազանցել են ծախսերը։ Եթե եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարվել է 6,6 տոկոսով, ապա ծախսերը թերակատարվել են 20,2 տոկոսով։

Ստացվում է, որ բյուջեում փողը կա, բայց կառավարությունը չի կարողանում ժամանակին կատարել իր կողմից պլանավորված ծախսերը, իրականացնել նախատեսված տնտեսական ծրագրերը։ Գոյանում են ազատ միջոցներ, որոնք էլ տանում-դնում են բանկում` որպես ավանդ։

Տարվա առաջին կեսին Ֆինանսների նախարարությունը Կենտրոնական բանկի հետ կնքել է 62 ավանդային պայմանագիր` 503 մլրդ դրամ ավանդային գումարով։

«Հաշվետու ժամանակահատվածում ներդրված ավանդների միջին մեծությունը կազմել է 8,113 մլն դրամ, որը 1 մլրդ դրամով մեծ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համանուն ցուցանիշից: Վերջինս պայմանավորված է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի ավելի ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ: Այս հանգամանքներով է պայմանավորված նաև 2019թ. առաջին կիսամյակում բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և ավանդներից ստացված տոկոսագումարների ծրագրված ցուցանիշի գերազանցումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տոկոսագումարներն աճել են 1,6 մլրդ դրամով, որը պայմանավորված է 2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ 2019թ. 20 մլրդ դրամով ավելի ավանդների փոխանցմամբ»,- ասվում է բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվության մեջ։

Բյուջեի ազատ միջոցների տեղաբաշխումից կառավարությունը ստացել է 5,3 մլրդ դրամ տոկոսավճար։

Գուցե քիչ գումար չէ, բայց ավանդ դնելը և տոկոս ստանալը չէ բյուջեի փողերն արդյունավետ օգտագործելու ճանապարհը։ Հատկապես որ, այդ գումարների մեծ մասը դուրս են գալիս տնտեսությունից։ Տարվա առաջին կեսին բյուջեի ներքին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 713 մլրդ դրամ։ Այս գումարի մի մասը հետ չի վերադարձել տնտեսություն, որովհետև կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել նախատեսված ծախսերը։

Հանգամանքը խիստ մտահոգիչ է։ Ու ոչ միայն տնտեսության, այլև բյուջեի ապագա եկամուտների ապահովման առումով։ Պատահական չէ, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահը սկսել է անթաքույց դժգոհել բյուջեի ծախսերի կատարման ընթացքից` հասկանալով, որ դա խնդիրներ է առաջացնելու առաջիկա հարկային մուտքերի կատարման համար։

Իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունից կարծես սկսել է անհանգստանալ նաև Կենտոնական բանկը, որ դեռևս հույսեր է փայփայում, որ տարվա երրորդ կեսից ի վերջո կառավարությունը զսպողականից կանցնի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է, որ պետական բյուջեի ծախսերի կատարումը լուրջ խնդիրների է բախվել։ Պատճառը պետք է փնտրել առաջին հերթին՝ կառավարության գործունեության մեջ, ինչի հետևանքով դեֆիցիտային բյուջեն դարձել է պրոֆիցիտային։

«2019թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեն կատարվել է շուրջ 121,9 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 86,6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատ ծախսերի ավելի ցածր կատարողականով, որի արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցների` առաջին կիսամյակում ծրագրված շուրջ 77 մլրդ դրամ օգտագործման դիմաց դրանք ավելացել են 104,9 մլրդ դրամով»,- ասվում է բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվության մեջ։

Արտաքին աղբյուրներից ներգրավվել է պլանավորված վարկային միջոցների ընդամենը 28,7 տոկոսը։ Պատճառը հավանաբար նույնն է` նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցի շեղումները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ