Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով 100 հայ էր մնացել Եգիպտոսում։ Երևանից ևս քաղաքացիները չէին կարողացել մեկնել Հուրգադա։ Ավելի վաղ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները ևս չէին կայացել։
Մեկ ընկերության գործունեության հետևանքը, ըստ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ավելի խորքային պատճառներ ունի։ Նա մեզ հետ զրույցում շեշտեց, որ նման դեպք նաև մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել։
«Առհասարակ քաղաքացին իր ընտրությունը կատարելիս պետք է ճիշտ ճանապարհ բռնի, տեսնի, թե իրեն ինչ պայմանագիր ու պայմաններ են առաջարկում, ում է դիմում, այդ ընկերությունն ինչ պատմություն ունի, ինչ կազմակերպության անդամ է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ մենք չենք կարող համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ ստվեր են գցում ու բացասաբար անդրադառնում մյուս անդամների ու Հայաստանի իմիջի վրա։ Նման ռիսկերի դեպքում նրանք հեռացվում կամ սև ցուցակում են հայտնվում, բայց խնդիրը խորքային է։
Տարիներ շարունակ պնդելուց հետո, այսօր թե՛ ես, թե՛ տուրիզմի ֆեդերացիան շարունակում ենք պնդել՝ ժամանակն է, որ դաշտն ունենա ավելի հստակ ու խիստ կարգավորում։ Առ այսօր «Զբոսաշրջության մասին» օրենքը գործել է համապատասխան այն ժամանակահատվածի, երբ այն դեռ նոր էր ընդունվել։ Օրենքն ուժի մեջ է 2003–2004–ից, երբ զբոսաշրջային քաղաքականությունն այլ խնդիրներ ու նպատակներ ուներ։ Օրենքն ունեցել է իր դերակատարումը, բայց հիմա դաշտը ձևավորվել է, բավականին խիստ մրցակցություն կա, և ավելի խիստ կարգավորման ժամանակն է։ Այժմ զբոսաշրջային օպերատորների, գործակալների, զբոսավարների, զբոսաշրջային տրանսպորտի, հյուրանոցային ծառայությունների գործունեությունը պետք է լիցենզավորվի։ Սա շատ կարևոր է՝ ամեն մեկը չպետք է կարողանա երկիր ներկայացնելու իրավասություն ունենալ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ եթե օր առաջ դաշտը չկարգավորենք, նման դեպքեր դեռ շատ ենք ունենալու։
«Կարևոր է նաև ներգնա տուրիզմը, դուք պատկերացրեք՝ եթե արդեն ունենանք խաբված օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ, որոնք զբոսաշրջիկներ են ուղարկում Հայաստան։ Նրանք ևս կսկսեն հիասթափվել հայկական զբոսաշրջային ընկերություններից։ Իսկ մեկ-երկու հիասթափությունը չի նշանակելու հիասթափություն այս կամ այն ընկերությունից։ Դա նշանակելու է հիասթափություն երկրից։ Նրանք մտածելու են, որ այստեղ բոլորն են այդպիսին։ Ձեր միջոցով ֆեդերացիան դիմում է զբոսաշրջության կոմիտեին, Հայաստանի կառավարությանր, ԱԺ-ին ու այլ իրավասու մարմին ներին, պետք է արագացնել գործընթացը։ Օր առաջ պետք է ընդունել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը։
Նախագծերի փաթեթն արդեն կա, պարզապես անհրաժեշտ է որոշակի լրամշակումներ անել, շրջանառության մեջ դնել ու ընդունելու։ Ի թիվս այլ հարցերի, որը կարգավորում է այդ օրենքի նախագիծը, այն բավականին շատ լուծումներ է տալիս, որոնցից մեկե զբոսաշրջային օպերատորի գործունեության լիցենզավորումն է։ Կարող ենք այդ գործունեության տեսակներին տալ նաև «ծանուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը ու նրանց նկատմամբ սահմանել որակական չափանիշներ։ Զբոսաշրջային օպերատորների գործունեության համար նաև ֆինանսական երաշխիքների մեխանիզմ կարող ենք կիրառել՝ նրանց սնանկության դեպքում սպառողի նկատմամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով»,– ասաց նա՝ շեշտելով, որ այդ մեխանիզմը կիրառելու արդյունքում «չոլերում» հայտնված ու Հայաստան վերադառնալչկարողացող քաղաքացիներ չեն լինի։
«Մենք պետք է գնանք խիստ կարգավորում ների ճանապարհով։ Այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելու այլ ավելի լավ տարբերակ չկա, իսկ խնդիրները շատ են։ Այսօր վտանգված են և՛ սպառողների իրավունքը, և՛ մրցակցային միջավայրը, և՛ Հայաստանի իմիջը։ Ով ինչպես պատկերացնում է, երկիր է ներկայացնում, անկախ նրանից՝ ունի այդ գիտելիքն ու հմտությունը, թե ոչ»,– ասաց նա։
Առավել մանրամասն՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը