«Հրապարակ»-ը գրում է. Նախկին գումարման Ազգային ժողովները մշտապես քննադատվում էին այն պատճառով, որ վերածվել էին դակիչ մարմնի. 80 և ավելի տոկոս նախագծերը բերում էր կառավարությունը, ոչ թե պատգամավորները, որոնք արագ–արագ՝ մի քանի արտահերթերում քվեարկում էին նախագծերը՝ դարձնում օրենքներ։ Սակայն օրենսդրական աշխատանքի կոչված պատգամավորները, որոնց ընտրում է ժողովուրդը, որպես կանոն, օրենսդրական գործունեությամբ չէին զբաղվում՝ օրենքներ չէին մշակում, օրինագծերի համահեղինակներ չէին։ Նրանցից շատերն անգամ ելույթներ չէին ունենում խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ անգամ հարց չէին տալիս կառավարության անդամներին, չէին հանդիպում իրենց ընտրողների հետ, նրանց տարածքներում ծագած խնդիրներով չէին զբաղվում և այլն։ Այս բոլոր դժգոհությունների արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ պատգամավորի մանդատն ընդամենը անարգել և ապահով բիզնես անելու «մանդատ» է, սրա-նրա բիզնեսին «կռիշ» կանգնելու, բարձր աշխատավարձ ստանալու և ամենակարևորը՝ ողջ տարին պետության հաշվին վոյաժների՝ գործուղումների մեկնելու լավ հնարավորություն։
Հետաքրքիր է, թե Հայաստանի ամենաերիտասարդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս իմաստով ինչ պատկեր է, և որ խմբակցություններն են առավել շատ հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով։ Չէ՞ որ այս խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվել, և միանգամայն արդար ու օրինական ընտրությունների ճանապարհով մեր հասարակությունը ձևավորել է իր սրտի ուզած խորհրդարանը։ Արդյոք այս խորհրդարանը ծառայո՞ւմ է հասարակությանը և արդարացնում է հանրային հույսերը։
ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 29 հարցերից՝ նախագծերից, 8 նախագիծ ներկայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 9 նախագիծ՝ «Լուսավոր Հայաստանը», 3-ական՝ «Իմ քայլից» Գևորգ Պապոյանը և ԲՀԿ– ից՝ Սերգեյ Բագրատյանը, 1-ական՝ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, իմքայլական Արտակ Մանուկյանը (վերջինս՝ նաև Արսեն Ջուլֆալակյանի հետ համահեղինակությամբ) և 1 նախագիծ՝ Ալեն Սիմոնյան, Սիփան Փաշինյան, Նաիրա Ձոհրաբյան կազմը։ Այս բաժնում կառավարության որևէ նախագիծ չկա։ Ի դեպ, «Իմ քայլում» կարծում են, որ օրենսդրական նախաձեռնությունների հարցը Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է՝ անգամ Լիլիթ Մակունցին չեն ներգրավում նախաձեռնություններին. ԱԺ նախագահը՝ իր «թիմով», որոշել է ոչ մեկին մոտ չթողնել այս ոլորտին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը