«Իրավունք»-ը գրել է. Ինչո՞ւ իշխանափոխությունից հետո ժողովրդի սպասելիքները չարդարացան, ինչից են դժգոհ համայնքապետները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ինտրիգների և այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք» թերթը զրուցել է Արարատի մարզի Այգեստան համայնքի համայնքապետ Սոկրատ Հովսեփյանի հետ։
«Ես իմ ծննդյան օրվանից եղել եմ ընդդիմադիր, միշտ մի նպատակ եմ ունեցել ծառայել հայրենիքին, ծառայել ժողովրդին։ Որովհետև, եթե մենք հիշենք, թե ինչպես էինք փառաբանում Բրեժնևին, Լենինին, եւ վերջում ինչ եղավ, ամեն ինչ պարզ է դառնում։ Նույնն էր, երբ ժողովուրդը գոռում էր Լևոն-Լևոն, ու ընդամենը մեկ տարի հետո պատերին գրում էին. «Լե–ւոն, ես քո սենցը, Լեւոն, քո նենցը...»։ Այսինքն՝ այն ժամանակ Լևոնի հանդեպ ժողովրդի սերն ավելի մեծ էր, քան այսօր Նիկոլի հանդեպ, բայց...
Հիմա վերադառնանք մեր օրերին, ես չեմ կարող ասել, որ հեղափոխությունը ոչինչ չի տվել, շատ բան է փոխել, բայց այսօր հեղափոխության գլխավերևում կանգնած մեկ մարդը՝ Փաշինյանը, ով իր կադրային քաղաքականությամբ հեղափոխությունը տանում է կրախի։ Օրինակ, իմ նկատմամբ անցյալ տարի երկու քրեական գործ հարուցեցին, և այդ երկու գործն էլ ութ ամիս քննելուց հետո, հանցադեպի բացակայության փաստով կարճվեցին։ Եվ այդ ամենի կազմակերպիչը, իմ խորին համոզմամբ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր։ Եկավ Պապիկյանի հետ ինձ մոտ, ասաց՝ ապրես, ամեն ինչ նորմալ է քեզ մոտ, գերազանց է, որ էսքան գործեր ես արել։ Մեկ էլ մի ամիս հետո սկսեց ինտրիգներ սարքել, ինչ է՝ իր կնոջ հորաքրոջ փեսան ուզում էր դառնալ գյուղապետ, և դրա համար էլ կազմակերպեցին իմ դեմ, այսպես ասած, բոլոլան»։
Հարցին, թե այսինքն, մարզում շարունակում են ծանոթ-բարեկամ կապերն ամրանալ, նա պատասխանել է. «Վերջերս «Իմ քայլը» խմբակցությունում քննարկել են մարզպետների հարցը, թե ինչու նրանք էֆեկտիվ չեն աշխատում։ Գարիկ Սարգսյանն ասել էր, որ գյուղապետները չեն ենթարկվում իրեն։ Ինչպե՞ս կարող են գյուղապետները քեզ ենթարկվել, երբ դու եկածդ օրվանից սկսեցիր ինտրիգներ հյուսել գյուղապետների նկատմամբ։ Քանի՞ գյուղապետների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին։ Ու էսքանից հետո ես պետք է էդ մարդուն հարգե՞մ։ Մենակ նրա համա՞ր, որ ճանապարհ է փակել ու դարձել մարզպետ։ Ճանապարհ փակելը չի նշանակում, որ դու քո գիտելիքներով էդ մարզի մարզպետի պաշտոնին արժանի մարդ էիր։ Իսկ մարզպետ-գյուղապետ հարցը լուծվում է օրենքով, և ոչ թե կամայականություններով։ Ես՝ որպես նոր Հայաստանի քաղաքացի, իմ մաշկի վրա չեմ զգում հեղափոխության բերած փոփոխությունները։ Նորից ծանոթ-խնամի, նորից ուժային կառույցների ազդեցություն և այլն։ Ես հարց եմ ուզում տալ մեր հարգելի վարչապետին՝ ինչո՞ւ հեղափոխության առաջին օրերի նման ժողովրդի հետ անկեղծ չեք, ինչո՞ւ է այդ անկեղծությունը մարել։ Ինչո՞ւ չեք ասում, թե որքան գումար է հավաքվել Ձեր կնոջ հիմնադրամում, և ովքեր են նվիրատուները։ Ի՞նչ է նշանակում, թե մեզ համար միևնույնն է, թե ով է նվիրում։ Փաստորեն այսօր կաշառատուն, ով հիմնադրամին տալիս է երկրից թալանածը, հանգիստ կաշին փրկում է։ Սա անընդունելի է, սա ժողովուրդը չի ընդունում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը