«Հնչում են շնորհավորանքներ Սահմանադրության օրվա կապակցությամբ, հնչում են բարեմաղթանքներ: Այսօր երկրի ամենակարևոր տոներից մեկն է, բայց տոնի զգացողություն չկա մի շարք պատճառներով:
Չես կարող չհիշել, թե ինչ փոփոխությունների ենթարկվեց Սահմանադրությունը և ինչպես, չես կարող չգիտակցել, որ դրա արդյունքում ունեցանք սուպերվարչապետություն և մշտական քաղաքական ճգնաժամում գտնվելու վտանգ: և վերջապես ինչ տոնի զգացողություն, երբ անգամ այդ փոփոխված սահմանադրությունը ոտնատակ տալով ազատությունից զրկված է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Դժվար է շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, երբ ունենք քաղբանտարկյալ նախկին նախագահ: Սիրում եք Ռոբերտ Քոչարյանին, թե չեք սիրում, գնահատում եք նրա վաստակը մեր երկրի համար, թե ոչ, կիսում եք նրա հայացքները, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ ոտնատակ տալով Սահմանադրությունը մենք ունենք քաղբանտարկայլ նախագահ:
Արդեն մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանը հետապնդման է ենթարկվում այն էլ երկրի Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Պատկերացնո՞ւմ եք, նա եղել է նախագահ, բայց տապալել է սահմանադրական կարգը: Անհեթեթություն, որի պատճառով մեր երկիրը հետընթաց է ապրում:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց քրգործ, որը, պարզվեզ «ջուր» է: Պարզվեց նաև, որ մարտի մեկի գործում որևէ նոր բացահայտում էլ չկա, ինչպես հայտարարվեց մոտ մեկ տարի առաջ: Պարզվեց, բայց դա որևէ նշանակություն չունի Սահմանադրությունը և օրնենքերը բռնաբարելու համար: Պարզվեց, բայց դրա համար որևէ մեկը նկատողություն չստացավ, անգամ շնորհավորանքներ եղան և խրախուսանքներ:
Ոմն մեկը որոշեց յուրօրինակ կերպով մեկնաբանել Սահմանադրությունը և օրենքները և դա հիմք դարձավ, որ մարդը, ՀՀ երկրորդ նախագահը ենթարկվի հետապնդման և դառնա քաղբանտարկյալ:
Ինչ ունենք այս մեկ տարում: Ունենք այն, որ մեղադրող կողմը խայտառակ եղավ, խայտառակ անելով պետությունն ու պետական կառույցները: Գործադիր իշխանությունն այս հարցում ևս խայտառակ եղավ, եթե մինչև վերջ անկեղծ լինենք: Ինչ հայտարարեցին, պարզվեց իրական չէ, պարզվեց իրականության հետ որևէ աղերս չունի: Ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե Ռոբերտ Քոչարյանն արյուն է հեղել, հետո ասացին, թե նրան նկատի չունենք:Սովորական խայտառակություն: և այս ամենից տուժեց հանրությունը, պետությունը: Ընդամենը երկրում ավելացավ անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը:
Այսօր Սահմանադրության օրն է, և մենք չենք կարող ասել, թե հիմնական օրենք հարգող հանրություն ենք, եթե այսօր ունենք քաղբանտարկյալ նախագահ: Կրկնում ենք, որևէ կապ չունի, թե կիսում ենք Ռոբերտ Քոչարյանի հայցքները, թե ոչ, դրանից իրականությունը չի փոխվում:
Մնում է հուսալ, որ հաջորդ Սահմանադրության օրն այլևս մեր երկրում քաղբանտարկյալներ չեն լինի և որևէ մեկն իրեն իրավունք չի վերապահի կամայական ձևով մեկնաբանել Սահմանադրությունը, օրենքները և մի ամբողջ երկիր դարձնել ծաղրի առարկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը