04 07 2019

Ճգնաժամն իշխանությունն է ձևավորում․ «Հրապարակ»

Ճգնաժամն իշխանությունն է ձևավորում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Եթե որեւէ շարքային քաղաքացու հարցնես, թե մեր կյանքում ինչ դերակատարում ունի Սահմանադրական դատարանը, կարծում եմ՝ նա կմատնանշի՝ միայն ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ խաղացած դերակատարումը։ Իսկ իրավաբաններից ոմանք կարծում են, որ այս դատարանը կարող էր մեծ դերակատարում ունենալ, եթե մեզանում տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթները չլինեին, եւ նոր Սահմանադրությամբ ընդլայնված իր լիազորություններից ՍԴ-ն լիարժեք կարողանար օգտվել, ու ՍԴ կայացրած որոշումներն էլ պարտադիր կյանքի կոչվեին։

Սակայն անգամ դատական համակարգը հաճախ անտեսում է այդ որոշումները։ Ստացվել է, որ կա կառույց, որը Սահմանադրության հիմունքների պահպանման երաշխավորը պետք է լինի մեր երկրում եւ ունի բավականին ծանրակշիռ լիազորությունների սպեկտր, բայց իրականում ո՛չ շատ ակտիվ դերակատարում ունի, ո՛չ էլ նրա անհրաժեշտությունն է զգացվում մեր կյանքում։ Եվ այժմ խոսել այն մասին, որ երկրում կա սահմանադրական ճգնաժամ՝ միայն այն պատճառով, որ ՍԴ-ն լիարժեք համալրված չէ, կամ՝ որովհետեւ լիարժեք պարզաբանված չէ, թե ՍԴ դատավորները սոսկ անդամներ են, թե դատավորներ, առնվազն տարօրինակ է հնչում։ Իսկ եթե ՍԴ համալրումն այդքան անհրաժեշտ էր մեր երկրին, ապա հարց է ծագում՝ ի՞նչն էր պատճառը, որ ամիսներ շարունակ ԱԺ մեծամասնությունը բոյկոտում ու տապալում էր ՍԴ անդամության թեկնածուների ընտրությունը՝ անհոդաբաշխ բացատրություններով մերժելով Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուներին։ Մի՞թե իշխող ուժը չունի այդ գիտակցումը, որ մեր երկրին նոր ցնցումներ պետք չեն, եւ սահմանադրական ճգնաժամը կարող է խախտել այն փխրուն կայունությունը, որը վերջին մեկ տարում ստեղծված է երկրում։ Եթե չկա այս գիտակցումը, ուրեմն ճգնաժամն իշխանությունն է ձեւավորում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ