28 06 2019

Վարչապետը կրկին քար նետեց Ռուսաստանի «բոստանը»․ «Իրատես»

Վարչապետը կրկին քար նետեց Ռուսաստանի «բոստանը»․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ամեն անցնող օրն ապացույց է, որ օրվա իշխողն ու իր կուսակցությունը չեն տիրապետում երկրի իրավիճակին: Պատճառը մեկն է. նրանք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի, այլ անհասկանալի, կամ գուցե շատ հասկանալի շահերով: Ոչ առանց դրսի օժանդակության: Երկիրը, պետական բոլոր կառույցները սոդոմ-գոմորի վերածելուն զուգընթաց, արդեն իսկ զավեշտի դաշտ տեղափոխվող «բռնել-բաց թողնել Քոչարյանին» օպերացիան զվարճանալու տարրեր ունի իր մեջ, եթե «ասֆալտին չփռվեին» երկրի կարևորագույն ինստիտուտները, եթե երկիրը չգտնվեր գեոքաղաքական «հրդեհային» գոտում, եթե ազգն այսքան պառակտված չլիներ և նույն Հայաստանից «կրակահերթեր» չարձակվեին Արցախի ուղղությամբ:

Հասկանալի է՝ վարչապետի աթոռին նստած անձը այս ամենին առնչվող որևէ մտահոգություն չունի, նա իրականացնում է անհրաժեշտ ծրագիրը, որի մասին անվերջ խոսել ենք. միջազգային հանրությունը, առաջին հերթին Հայաստանը հեղափոխության տարած «մունետիկները» ղարաբաղյան խնդիրն են թիրախավորել, դրանից ածանցված «էֆեկտով»` տարածաշրջանում ռուսական ազդեցության հիմնարար թուլացման լուրջ հեռանկարով:

Այո, հետաքրքիր ու բուռն էր հայոց իշխանությունների անցնող շաբաթվա արտքաղաքական, արցախյան առօրյան: Վաշինգտոնյան 3-4 ժամ տևած հանդիպումից հետո, հասկանալի է, չէ՞, այդ ընթացքում փաստացի կարևորագույն հարցերն են քննարկվել), ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ արտահոսք, ինչպես միշտ` ադրբեջանական կողմից:

Մամեդյարովն ասաց, որ այդ ժամերի ընթացքում քննարկվել է տարածքների վերադարձի, խաղաղապահների տեղակայման մոդելը: Չտրվենք արտահոսքին, մանավանդ որ ՀՀ ԱԳՆ-ն բացասել է այն, ընդ որում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակամա «խոստովանության» ֆոնին, թե Մամեդյարովը, այն է` ադրբեջանական կողմը, խախտել է պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվածություն, բացի «ուտեչկա» թույլ տալուց, չի ասվում) և ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունից զատ, այլ մտքեր հայտնել: Ընդ որում, նկատենք, որ ԵԱՀԿ համանախագահ ոչ մի երկիր չի ժխտել Մամեդյարովի ասածը:

Եվ ուրեմն` հասկանանք ինչ է ասում Մամեդյարովը: Ոչ մի նոր բան: Մամեդյարովը ներկայացնում է «Մադրիդյան սկզբունքների» կարևորագույն կետը, որը, ըստ հաջորդականության, վերջինը կամ նախավերջինն, է, սակայն այս բանակցություններում, կարծես, դարձել է առաջինը: Ընդամենը` սա: Ընդ որում, այդ «դարձին» դեմ չեն ոչ ռուսաստանյան, և ոչ էլ բոլթոնյան` ամերիկյան նախագահությունը ֆրանսիականը, հասկանալի է, որոշիչ չէ):

Ինչու: Համանախագահ այդ երկրներից յուրաքանչյուրը մտածում է, որ իր խաղաղապահներն են լինելու հակամարտության գոտում, և փորձում են իրենց լծակներով ճնշում գործադրել կողմերի վրա` դրան հասնելու համար… Պաուզան ձգենք` ասելու, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն էլ, ի շարունակություն Մամեդյարովի, ասաց, որ եթե կրակոցները խանգարում են, հայկական կողմը մատնանշում էր արել` խաղաղ գործընթացը, կրակոցների այս պայմաններում առաջանցում չի կարող գրանցել), չենք կրակի, որպեսզի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ու հիմա շատերը սպասում են, թե ինչ արդյունքներով է ավարտվելու G-20-ի շրջանակներում Թրամփ-Պուտին հանդիպումը, ուր քննարկման առաջին թեման Իրանն է: Հիշենք` խաղաղապահները կանգնելու են հենց Իրանի հետ սահմանագծում:

Բոլոր դեպքերում, հեղափոխության մունետիկ վարչապետը իր լավ օրերը չի ապրում, մանավանդ, որերորդ անգամ նա քար նետեց Ռուսաստանի «բոստանը», այս անգամ արդեն ԵԽԽՎ-ում, և այն էլ Վրաստանի բուռն ներքաղաքական զարգացումների ֆոնին` հայաստանյան դիլետանտ պատվիրակության քվեարկությամբ: Առավել «հուզիչը» հետ-առաջի այն տեխնոլոգիան էր, որ կիրառեց Հայաստանը` պատվիրակության ղեկավարը չէր հասկացել` ինչ է քվեարկում, ինչու և ումով: ՈՒ հերթական անգամ հայաստանյան արտաքին քաղաքականությունը «խաղեր տվեց» ռուսական դաշտում, այն դաշտում, ուր դեռ հասակով մեկ չեն կարողանում կանգնել ո՛չ միստր Բոլթոնը, ո՛չ Պոմպեոն, ո՛չ էլ էքստրաօրդինար Թրամփը:

Դառնալով էլ մեզ, պետք է սպասել` տեսնելու, ինչ արագությամբ են կազմակերպվելու Մնացականյան-Մամեդյարով սպասվող, դրան հաջորդող` Փաշինյան-Ալիև հանդիպումները: Եվ, որ կարևորն է, ինչ օրակարգով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ