Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հարցին, թե ինչպես է գնահատում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցով հայկական պատվիրակության քվեարկությունը եւ դրանից հետո ծավալված իրադարձությունները, պատասխանել է՝ «ոչ մի կերպ»։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները տարբեր կերպ էին քվեարկել․ ընդդիմության ներկայացուցիչները՝ կողմ, իսկ իշխանության ներկայացուցիչներից մեկը դեմ էր քվեարկել, մյուսը չէր քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին 2014-ից ի վեր չմասնակցած Ռուսաստանի պատվիրակության վերադարձին։ Հովհաննես Իգիթյանն անհայտ պատճառներով չէր մասնակցել քվեարկությանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել եւ միայն հաջորդ օրը Ֆեյսբուքում պարզաբանում տվել, թե տեղի է ունեցել թյուրիմացություն՝ «դեմ»-ը պատահաբար է եղել։ Ապա ներբեռնել էր ռուսաստանյան պատվիրակության ղեկավարի հետ արված լուսանկարն ու գրել, որ ամեն ինչ շատ լավ է, ոչ մի տարաձայնություն եւ հակասություն չկա պատվիրակությունների միջեւ։
«Եթե ինչ-որ մեկը Հայաստանում ուզում է այդ ֆոտոն, որը գցել էր Պյոտր Տոլստոյի հետ լուսանկարված անձը, ծախել մեզ վրա, ասեմ, որ դա չի հաջողվի։ Եվ իզուր է նա մտածել, թե կարող է իր այդ ֆոտոն վաճառել որպես ինչ-որ սիրալիր վերաբերմունքի նշան կամ գործոն»,- օլիմպիական խաղաղությամբ հատ-հատ արտաբերել : Մոդեստ Կոլերովը։ Հարցին, թե ինչու է Կոլերովը կարծում, որ քվեարկության լուսանկարը Ռուբինյանն ուզում է վաճառել, ասէլ է․ «Եթե չուզեին, չէին գովազդի»։
Այս քվեարկության համար, հիշեցնենք, Հայաստանի նոր քաղաքական իշխանություններն արդեն իսկ բավականաչափ քննադատվել են նախկին իշխող մեծամասնության կողմից, ովքեր այդ քվեարկությունը որակել են որպես խայտառակություն։
Կոլերովը նաեւ հայտարարել է, թե ոչ միայն մերոնց քվեարկությանը, այլեւ հենց ԵԽԽՎ վերադառնալու բուն փաստին «ոչ մի կերպի» վերաբերմունք կա Ռուսաստանում։ «Բանն այն է, որ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ջանքերը շատ-շատ մանր, փոքրիկ պատմություն է, որը հետաքրքրում է ընդամենը պատգամավորների մի խմբի, եւ այն որեւէ քաղաքական որակ չունի։
Ավելին՝ մասնագետների շրջանում սա ավելի շատ հեգնական վերաբերմունք է առաջացնում, որ նրանք պատրաստ էին կուլ տալ բոլոր նվաստացումները, բայց գնալ՝ չսպասելով վերջնական արդյունքին»։ Կոլերովը որպես հավելում նշել է, որ այդ քայլը ՌԴ-ում ծայրաստիճան ոչ պոպուլյար է։ Նրան հարցրինք՝ եթե ԵԽԽՎ վերադառնալը Ռուսաստանի համար այդքան «մանր» հարց է, ուրեմն ինչո՞ւ էր երեկ Ռուսաստանի Առաջին ալիքը տրիումֆի մեջ, եւ Օլգա Սկոբեեւան Ստրասբուրգից, նրա ամուսին Ռոման Բաբայանն էլ մոսկովյան ստուդիայից հաղթանակած հայտարարում, որ Ռուսաստանը հաղթեց, Ուկրաինան պարտվեց։ Ի պատասխան՝ Կոլերովը հարցրել է․ «Եթե Դուք համարում եք, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեա է, ուրեմն Ձեր փաստարկը տեղին է։ Գիտե՞ք Առաջին ալիքի լսարանը։ Այն 2,5 անգամ պակաս է «Յանդեքսի» լսարանից, մոտ 3 անգամ էլ պակաս՝ «Գուգլից»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը