«168 Ժամ»-ը գրում է․ Հայաստանի արժութային շուկայում դոլարի նկատվող բարձր առաջարկը մտահոգել է Կենտրոնական բանկին։ Ըստ տրամաբանության՝ արժութային շուկայում պետք է դիտվեր որոշակի ճնշում, սակայն հակառակն է` արժույթի առաջարկը գերազանցում է պահանջարկը: Այս մասին օրերս ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ըստ նրա՝ դեռևս գարնանից սկսած տարադրամի առաջարկի աճն արժութային շուկայում շարունակում է պահպանվել նույն մակարդակում. «Սա նշանակում է, որ կան երևույթներ, որոնք խորը ուսումնասիրություն են պահանջում»։
Այսպիսի հայտարարություններ Կենտրոնական բանկի նախագահը հաճախ չի անում։ Ու եթե նման բան է ասվում, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։
Թե ի՞նչ երևույթներն են տեղի ունենում արժութային շուկայում, բնականաբար, պետք է անհանգստացնի առաջին հերթին՝ Կենտրոնական բանկին։ Այդ ուղղությամբ խորը ուսումնասիրությունները վաղուց արդեն պիտի արված կամ սկսված լինեին։
Խնդիրը, ըստ էության, Հայաստանի արժութային շուկայում հայտնված տարադրամային հոսքերի մասին է, որոնց աղբյուրները Կենտրոնական բանկի համար այնքան էլ պարզ չեն, կամ գուցե պարզ են, բայց այդ ակտիվությունը չի տեղավորվում տեղի ունեցող տնտեսական զարգացումների տրամաբանության մեջ։ Ենթադրությունները, որ դա կարող էր պայմանավորված լինել տրանսֆերտների ավելացմամբ, այնքան էլ հիմնավոր չի թվում։ Դրա համար կարծես բավարար հիմքեր չկան։
Տրանսֆերտների աճն այնպիսին չէ, որ կարող էր շուկայում նման բարձր ճնշում առաջացնել։ Թեև Կենտրոնական բանկը վերջին շրջանում ուշացումով է հրապարակում մասնավոր փոխանցումների ցուցանիշները, այնուհանդերձ այն, ինչ հայտնի է, հիմք չի տալիս այդպես մտածելու համար։
Ֆիզիկական անձանց դրսից կատարվող փոխանցումների աճն ուղեկցվել է տարադրամի արտահոսքի աճով։ Արդյունքում՝ ներքին շուկայում այս ոլորտից մուտքերի փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել։
Ավելին, արտաքին հատվածում, մասնավորապես՝ տրանսֆերտային շուկայում, Հայաստանի հիմնական գործընկեր երկրի՝ Ռուսաստանի տնտեսական զարգացումներն այնպիսին չեն, որպեսզի հնարավոր լինի խոսել տրանսֆերտների բարձր ակտիվության մասին։ Գուցե ինչ-որ դեր ունեցել են տրանսֆերտների կանխիկ հոսքերը, որոնք, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, ավելացել են։ Բայց տրամաբանական չէ դա կապել բանկային միջնորդավճարներից խուսափելու հետ։ Այլապես այնպիսի տպավորություն է, որ նախկինում միջնորդավճարներ չկային։
Հայտնի է, որ տրանսֆերտների մեծ մասը ձևավորվում է արտագնա աշխատանքի հաշվին։ Դրանք գումարներ են, որոնք բանկային համակարգով ամսական կտրվածքով փոխանցում են հարազատներին։ Որոշ մասն էլ Հայաստան է մտնում կանխիկով, բայց հիմնականում՝ տարեվերջին։
Միշտ էլ այդպես է եղել։ Այս տարի ևս իրավիճակի փոփոխության համար հիմքեր չեն եղել։
Այլ հարց է, որ Հայաստանի արժութային շուկայում տարադրամային ճնշումը Եվրասիական Միության տարածքում, այսպես ասած, կապիտալի ազատ տեղաշարժի հետևանք կարող է լինել։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հայաստանը դարձել է ԵԱՏՄ երկրներ արտասահմանյան ավտոմեքենաներ մատակարարող հիմնական շուկան։
Մաքսային արտոնյալ ժամկետը մեր երկրին տվել է մի տեսակ ժամանակավոր միջանցքի կարգավիճակ՝ վերարտահանում իրականացնելու համար։ ԵԱՏՄ անդամ երկրների բազմաթիվ քաղաքացիներ այստեղ են փորձում բավարարել արտասահմանյան տրանսպորտային միջոցների նկատմամբ ներկայացվող պահանջարկը։ Պատահական չէ, որ ինչպես՝ նախորդ, այնպես էլ՝ այս տարի ռեկորդային քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծվում Հայաստան։ Դրանց զգալի մասը ներքին շուկայից ձեռք են բերում ԵԱՏՄ անդամ այլ երկրների քաղաքացիները։
Սա տարադրամային լրացուցիչ և բավական մեծ հոսք է Հայաստանի արժութային շուկայի համար։
Եթե իսկապես դա է դոլարի առաջարկի ավելացման պատճառը, ապա այն երկարաժամկետ հատվածում նաև որոշակի ռիսկեր է պարունակում։ Ինչպես հայտնի է, Հայաստանին տրված մաքսային արտոնյալ ժամկետը տարեվերջին սպառվում է, ինչը նշանակում է, որ այս հատվածից մուտքերը շուտով կդադարեն։
Իհարկե, չի բացառվում, որ կարող են լինել նաև այլ, այդ թվում՝ ոչ ցանկալի պատճառներ, որոնք մեծացրել են ամերիկյան արժույթի առաջարկը ներքին շուկայում։ Բայց դրանց մեջ ամենափոքրը, թերևս, զուտ տնտեսական բաղադրիչի ազդեցությունն է։ Արտաքին տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ տարադրամային հոսքերը դեպի Հայաստան այնպիսին չեն, որ կարող էին ճնշել արժութային շուկան։
Ինչպես հայտնի է, այս տարվա առաջին չորս ամիսներին նվազել է արտահանումը, ինչը տարադրամի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկն է։ Նախորդ տարվա համեմատ պակաս է ստացվել ավելի քան 32 մլն դոլար։ Արտաքին առևտրի ոլորտում տարադրամի բացասական շարժն այս տարի նույնիսկ խորացել է՝ ոչ միայն ի հաշիվ արտահանման կրճատման, այլև՝ ներմուծման ֆինանսավորման ավելացման։
Չկա ակտիվություն նաև արտաքին տնտեսական կապիտալի մուտքերի առումով։ Տարեսկզբի առաջին երեք ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ մուտքերը՝ խոսքը ստացումների և մարումների տարբերության մասին է, կրճատվել են ավելի քան 10 անգամ։
Նվազագույնի են հասել տարադրամային հոսքերը նաև ներգրավվող վարկերի հաշվին։ Պատճառն այդ գումարներով իրականացվող ծրագրերի դանդաղումն է։
Այս պայմաններում, անշուշտ, ամերիկյան արժույթի բարձր առաջարկը չի տեղավորվում տնտեսական զարգացումների տրամաբանության մեջ, ինչի մասին խոսում է Կենտրոնական բանկի նախագահը։ Ամեն դեպքում, իր առավելություններով ու ռիսկերով հանդերձ, սա լավ հնարավորություն է ԿԲ-ի համար՝ համալրելու արտաքին պահուստները, որոնք, դատելով առկա իրողություններից, առաջիկայում կարող են շատ պետք գալ»։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը